ՄԽԻԹԱՐ ՍԱՍՆԵՑԻ, Կերմանեցի [մոտ 1260, գ. Կերմանց (Ապահունիք գավառ) – 1337, Մեծոփավանք], մատենագիր, մեկնիչ, մանկավարժ, գրիչ: Սովորել է հայրենի գյուղում, ապա՝ Մեծոփավանքում, որտեղ ձեռնադրվել է քահանա: 1282–85-ին ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանում, աշակերտել Ներսես Մշեցուն և Եսայի Նշեցուն, վերջինիցս ստացել վարդապետական գավազան: Վերադառնալով հայրենի գավառ՝ որոշ ժամանակ ծավալել է քարոզչական գործունեություն, ապա հաստատվել Մեծոփավանքում, մինչև իր մահը ղեկավարել վանքի դպրոցը, ծավալել քարոզչական, գիտական բեղմնավոր գործունեություն, պայքարել ունիթորության դեմ: Զբաղվել է նաև գրչությամբ ու մանրանկարչությամբ՝ ստացվածքը բաժանելով աղքատներին և կարոտյալներին: Դեռևս կենդանության օրոք մեծարվել է «երիցս երանյալ սուրբ հայր», «փիլիսոփա», «բանահյուս», «աստվածաշնորհ և բանիբուն վարդապետ», «քաջ հռետոր Հայոց», «տիեզերալույս վարդապետ» պատվանուններով: Մխիթար Սասնեցին իր երկերը գրել է Մեծոփավանքում:
Գլխավոր աշխատությունը ճառերի ժողովածուն է (1321), որտեղ արծարծել է աստվածաբանական-դավանական խնդիրներ, պաշտպանել Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ուղղափառ դավանանքը՝ ընդդեմ ունիթորների քայքայիչ քարոզչության: Կաթոլիկ եկեղեցու և ունիթորների դեմ Հայ եկեղեցու գաղափարական պայքարին են առնչվում նաև Մխիթար Սասնեցու «Թուղթը», որը նույն նպատակով Եսայի Նշեցու գրած շրջաբերականի արձագանքն է, և Լևոնի տոմարի դեմ գրած հակաճառական գործը: Մխիթար Սասնեցին ունիթորներին համարել է «սուտ առաքեալք և նենգութեան մշակք», Աստվածաշնչից բերված համապատասխան վկայություններով ցույց է տվել, որ քրիստոնյաները միմյանց նախատելու «հրաման» չունեն, և որ դա նույնիսկ արգելվում է «կանոնական հրամաններով»: Քննադատել է հատկապես հայ ունիթորներին, որոնք, հետևելով «ֆռանգ վարդապետներին», հայհոյում և նշավակում են հայոց ավանդությունները, Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսերը: Մխիթար Սասնեցին ունիթորությունը համարել է ազգի ուծացմանը նպաստող երևույթ՝ ուղղված ոչ միայն հայոց դավանանքի, այլև՝ ազգային ավանդների և հասարակական կարգերի դեմ: Մխիթար Սասնեցին հեղինակել է նաև Հովհաննես առաքյալի Կաթողիկե երեք թղթերի, ինչպես նաև առաքյալի մահվանը նվիրված («Հանգիստ երանելւոյն Յովհաննու») մեկնություններ:
Մխիթար Սասնեցուց մեզ է հասել տասը ձեռագիր (հինգը՝ ամբողջական, հինգը՝ մասնակի՝ համառոտագրված կամ այլ տեքստերի կցված), որոնցից չորսը պահվում է Մատենադարանում (ձեռ. դդ 193, 952, 1180, 3606), երկուսը՝ Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում ևն: Ճառերի ժողովածուն ամերիկացի հայագետ Փ. Քաուիի աշխատասիրությամբ հրատարակվել է 1993-ին (Mxitar Sasnec’is Theological discourses):
Բոզիկյան Բ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Հովսեփյան Գ., Մխիթար Սասնեցի, «Արարատ», 1899, դ 3–4:
Խաչերյան Լ., Հայագիր դպրության ուսումնագիտական կենտրոնները, դպրոցները, դպրեվանքերը, վարդապետարանները, ճեմարանները, ակադեմիաները և համալսարանները միջնադարյան Հայաստանում և Կիլիկիայում (V–XVI դդ.), Լիսաբոն, 1998:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am