ՄԽԻԹԱՐ ՏԱՇՐԱՑԻ, Մխիթար Սկեվռացի (մոտ 1200–1271), աստվածաբան, վարդապետ: Հայ մատենագրությունը նրա կյանքի և եկեղեցական գործունեության մասին շատ քիչ բան է պահպանել: Պատմիչ Կիրակոս Գանձակեցին տեղեկացնում է, որ Մխիթար Տաշրեցի ընդգրկված է եղել Կիլիկիայից Ոսկե հորդայի Բաթու և Մանգու խաների մոտ ուղարկված դեսպանագնացությունների կազմում: Մխիթար Տաշրեցու գրչին են պատկանում սակավաթիվ գործեր, որոնց մեջ առանձնանում է «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկը: Գրվել է Հայոց թագավոր Հեթում Ա-ի (1226–70) հրամանով ու Կաստաղոնի եպս. Հակոբի հորդորներով և ներկայացնում է հեղինակի հաշվետվությունը 1263-ին Աքքա կատարած դիվանագիտ. այցի մասին: Մխիթար Տաշրացի, որպես Հեթում Ա-ի և կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու (1221–67) նվիրակ, այցելել է լատինական Արևելքի նշանավոր կենտրոններից մեկը՝ Աքքա, հանդիպելու Հռոմի Ուրբանոս IV պապի լեգատին (դեսպան)՝ Գուլիելմոս արքեպիսկոպոսին:
Հռոմի եկեղեցին Հռոմկլայի կաթողիկոս արանից պահանջել է անվերապահորեն ենթարկվել պապական աթոռին՝ պատճառաբանելով, թե Պետրոսը առաքյալներից գլխավորն է և եկեղեցու վեմը, հետևաբար բոլոր պատրիարքներն ու կաթողիկոսները պետք է հնազանդվեն Պետրոսի աթոռին, այն է՝ Հռոմի եկեղեցուն, որպես գլխավորի: Մխիթար Տաշրացին, իր երկում հետևելով Վարդան Արևելցու մշակած եկեղեցաքաղաքական գծին, ապացուցել է այդ պահանջի անարդարացիությունը և ավետարանական խոսքերի աղավաղման, սեփական իշխանատենչության տեսանկյունից դրանց մեկնաբանման միտումը: Սեփական մոլորությունը հիմնավորելու համար անթույլատրելի է ախտակից դարձնել սրբին և մարմնական գերագահությունը տարածել նաև հոգևորի և աստվածայինի վրա, եզրակացրել է հեղինակը: Հայ եկեղեցու անկախ նվիրապետական կառույցը լատին կղերի ոտնձգություններից պաշտպանելու համար հայ աստվածաբանը հիմնվել է միայն Ս. Գրքի վկայությունների վրա: Հիսուսն առաքյալների մեջ գահերի տարբերություն չի դրել. բոլոր տասներկու առաքյալներին տվել է նույն իշխանությունը և հավասարությունը: Հետևաբար, Հռոմի եկեղեցին ոչ մի իշխանություն ունենալ չի կարող մնացած աթոռների, այդ թվում՝ Հայ եկեղեցու վրա: Մխիթար Տաշրացին ցույց է տվել, որ Հայ եկեղեցին նույնպիսի հաջորդ է Տիեզերական եկեղեցու առաքելական ավանդույթի, ինչպիսին ներկայացնում են Երուսաղեմի, Հռոմի, Կոստանդնուպոլսի, Անտիոքի և Ալեքսանդրիայի պատրիարքական աթոռները: Պաշտպանելով Հայ եկեղեցու շահերը՝ հայ աստվածաբանը, միաժամանակ, իր երկում մեծագույն հարգանքով է խոսել քույր եկեղեցիների և մյուս ազգերի մասին՝ կոչ անելով Հռոմի աթոռին նույնպիսի վերաբերմունք դրսևորել:
Հայտնի է Մխիթար Տաշրացու երկի մոտ 20 ընդօրինակություն, որոնք պահպանվում են Երևանում, Փարիզում և Երուսաղեմում: Դրանց մեծագույն մասը ներկայացնում «Յաղագս համապատւութեան երկոտասանից առաքելոց» երկի բնագրի համառոտ խմբագրությունը: Երկը, հավանաբար, ստեղծվել է XIV դ. վերջին:
Դրա ընդարձակ, այս դեպքում՝ իսկագիր ընդօրինակության հնագույն ձեռագիրը պահպանվում է Փարիզի Ազգային գրադարանի հայկական ձեռագրերի պահոցում և կրում հերթական՝ 42 համարը: Մատյանն ընդօրինակված է 1274-ին, ստացողն է Կեռան թագուհին: Առավել ամբողջական և ընդգրկուն են երկի երուսաղեմյան երեք հրատարակությունները (1857, 1860, 1865): Այս ձեռագրերից է երկը ֆրանսերեն թարգմանել և մասնակիորեն հրատարակել հայագետ Էդուարդ Դյուլորիեն (1869):
Բոզոյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:
Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971:
Բոզոյան Ա., Մխիթար վարդապետ Տաշրացին (Սկեւռացին)՝ Հայոց եկեղեցու նուիրապետական կառոյցի պաշտպան, «Գանձասար», 5, 1994:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am