ՄԿՐՏԱՐԱՆ, եկեղեցուն մոտ կամ կից շինություն՝ Մկրտության ծիսակատարության համար: Ճարտարապետորեն առնչվում է հեթանոսական շրջանում ջրի պաշտամունքին նվիրված հատուկ շինությունների հետ:
Մկրտարանները եղել են երկու տիպի՝ ա. Մկրտության ավազանը տեղադրվել է հատուկ շենքում, որը կոչվել է մկրտատուն (կառուցվել է մինչև XIV դ.), բ. ավազանը տեղադրվել է եկեղեցու ներսում կամ նրան կից: Երկու ձևն էլ Հայ եկեղեցու կանոնների համաձայն (Սահակ Ա Պարթևի կանոնախումբ, Դվինի 554 ժողովի կանոններ) կիրառվել են վաղ միջնադարից և բնորոշ են հայկական ճարտարապետությանը:
Մկրտատան և ավազանի հատակագծային ձևերը (հիմնականում՝ բոլորաձև, բազմանիստ և խաչաձև) ունեցել են հեթանոսությունից փոխանցված նշանաբան. իմաստ: IV դարից այդ ձևերը հաստատել են նախ՝ արլ., ապա արմ. եկեղեցիները: Հայկական ճարտարապետությանը հայտնի հնագույն Մկրտարաններից են Ողջաբերդի քառակուսի հատակագծով գմբեթավոր մկրտատունը (IV դ.), Արզնու Ս. Կիրակի (VI դ.)՝ արտաքուստ ութանիստ, ներսից քառախորան կենտրոնագմբեթ շինությունը ևն:
Մկրտատուն չկառուցվելու դեպքում ավազանը տեղադրվել է՝ ա. եկեղեցու ներսում, հս. պատի արլ. մասի խորշում (ուշագրավ է Էջմիածնի Մայր տաճարի ավանդատան միջի ավազանը), բ. եկեղեցուն կից, արլ. ավանդատներից դեպի դուրս երկարող և եկեղեցին շրջափակող սյունաշար սրահի բացվող թևերում: Եզակի է Զվարթնոց տաճարի աղոթասրահի հատակի ավազանը:
Զարյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am