ՄԿՐՏԻՉ Ա ՎԱՆԵՑԻ (Խրիմյան Մկրտիչ), Խրիմյան Հայրիկ (4.4.1820, Վան – 29.10.1907, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1892-ից: Հաջորդել է Մակար Ա Թեղուտցուն: Սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում: 1842-ին հաստ ատվել է Կ. Պոլսում:

Հովհաննես Այվազովսկի - Խրիմյան Հայրիկը Էջմիածնի շրջակայքում1847-ին ճանապարհորդել է Պարսկաստանի հայաշատ վայրերում, Անդրկովկասում, այցելել Երուսաղեմ: 1848– 1850-ին ուսուցչություն է արել Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում: 1851-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով: 1854-ին ձեռնադրվել է վարդապետ: 1855-ի հունիսից 1856-ի հունիսը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը: 1856-ի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը: 1857-ին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858-ին վերսկսել  «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը: 1860-ին մեկնել է Արլ. Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում: 1862-ին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը նրան է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը: Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863–65) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանցի խմբագրությամբ: Ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ: Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով: Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական  կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը:

1868-ին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869-ին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք: Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառահայության հարստահարությունների, գավառների հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը: Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը Ազգային ժողովում ավելացնելու համար:

Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառահայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872-ին ներկայացրել է Բ. Դռանը: Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով նա 1873-ի օգոստոսին հրաժարվել էՎարդգես Սուրենյանց - Խրիմյան Հայրիկ կաթողիկոսի դիմանկարը: Հայաստանի ազգային պատկերասրահ: պատրիարքությունից: Իբրև 1878-ի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտ. ճանապար ազգային-ազատագրական պայքարը: 1879-ին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» ազգային-ազատագական գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը: Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս: Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն:

Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը: 1890-ի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ: 1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին: 1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Հայկական հարցը ռուսական արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895-ին մեկնել է Պետերբուրգ: Բողոքել է 1894–96-ի համիդյան ջարդերի դեմ, ցարական արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում:

Մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար: Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903-ի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ (տես Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք 1903), հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչնդոտել նրա կիրառությանը:

Մկրտիչ Ա Վանեցին գրել է բազմաթիվ աշխատությունն եր, որոնց մեջ առանձնակի տեղ են գրավում հոգևոր-կրոնական ստեղծագործությունները:

Դրանցից է դեռևս 1851-ին լույս տեսած  «Հրավիրակ երկրին ավետյաց» չափածո պոեմը, որտեղ նկարագրում և գովերգում է քրիստոնեական  եկեղեցու համար սրբազան դարձած Երուսաղեմը, Փրկչի գործունեության սուրբ վայրերը: Պոեմն աչքի է ընկնում աստվածաբանական գրականության իմացությամբ և հոգևոր ներշնչմամբ: Քրիստոնեական վարդապետությանը նվիրված այդ քերթվածը ցուցադրում է Մկրտիչ Ա Վանեցու քաջատեղյակությունը հայ մատենագիտության նմանատիպ աշխատություններին՝ IV դ. հույն աստվածաբան Հովհան Ոսկեբերանից մինչև «Յաճախապատում ճառք»«Մարգարիտ արքայության երկնից» (1866) աշխատությունը Մատթեոսի Ավետարանի 5–7 գլուխների մեկնությունն է, որտեղ հեղինակը համեմատում է Մովսեսի օրենքներն ու Քրիստոսի վարդապետությունը՝ գերապատվությունը տալով վերջինին: «Հիսուսի վերջին շաբաթ. խաչի ճառ և...» (1876) աշխատությունը նվիրված է «Հայաստանեայց եկեղեցվո ուխտին, հայ հոգևորականներին», որոնց Մկրտիչ Ա Վանեցին համարել է «խաչի զինվորներ ու Ավետարանի պաշտոնյաներ», նրանց քարոզել Հիսուսի ճշմարիտ վարդապետությունը, զգուշացրել փառասիրության, իշխանատենչության, մամոնայի վարակիչ ախտից: Կրոնաբարոյախոսական թեմաներով են գրված նաև «Դրախտի ընտանիք» (1876), «Սիրաք և Սամվել» (1878),«Պապիկ և թոռնիկ» (1894) աշխատությունները:

Կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին: «Արարատի» էջերում (1894, դ 3) լույս է տեսել Մկրտիչ Ա Վանեցու «Արշեն երեց» ծածկանունով քարոզը, որտեղ արծարծվ ել է հասարակ գյուղական քահանաների և ընդհանրապես ողջ հայ հոգևորականության կրթության ու զարգացման մակարդակը բարձրացնելու հարցը: Հոդվածն իր վրա է հրավիրել ժամանակի պարբերականների ուշադրությունը, բանավեճ է սկսվել քահանայական խնդրի շուրջն ընդհանրապես («Մուրճ»«Արձագանք»,  «Մշակ»), որին մասնակցել են նաև այլ բարձր աստիճան հոգևորականներ: Մկրտիչ Ա Վանեցին զբաղվել է նաև ամուսնալուծության, այրիացած քահանաների կրկնամուսնության թույլտվության հարցերով: Նրան մտահոգել են նաև կուսակրոնության խնդիրները, սակայն այդ հարցերը ծիսակարգային ուժ չեն ստացել: Մկրտիչ Ա Վանեցու օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան: Նորացել և հարդարվել են Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե վանքերը:

Կաթողիկոսական գահին Մկրտիչ Ա Վանեցուն հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցին:

                                                                                Կոստանդյան Է.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, Երուսաղեմ, 1927: 

Աճեմյան Հ., Հայոց Հայրիկ, Թավրիզ, 1929:

 Գյուզալյան Գ., Խրիմյան Հայրիկ, Բեյրութ, 1954: 

Կոստանդյան Է., Մկրտիչ Խրիմյան, հասարակական-քաղաքական գործունեությունը, Ե., 2000:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am