ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ [մոտ 1394, գ. Պոռ (Բիթլիսի նահանգ) – մոտ 1470], տաղերգու, բանաստեղծ, նկարիչ, Միջագետքի հայոց հոգևոր առաջնորդ: Ծնվել է քահանայի ընտանիքում:
1420-ական թթ. Մկրտիչ Նաղաշը որդու՝ Մեսրոպի հետ տեղափոխվել է Միջագետքի Ամիդ (Դիարբեքիր) քաղաքը, որտեղ ձեռնադրվել է վարդապետ: 1430-ին Հայոց կաթողիկոս Կոստանդին Զ Վահկացին նրան ձեռնադրել է եպիսկոպոս, իսկ 1431-ին՝ նշանակել Ամիդի եպիսկոպոս և Միջագետքի հայոց հոգևոր առաջնորդ: Որդին նույնպես դարձել է հոգևորական: Նա երեց էր և սպանվել է 1451-ին՝ Ամիդի պաշարման ժամանակ:
Մկրտիչ Նաղաշը նկարիչ լինելու համար ստացել է Նաղաշ (նկարիչ, ծաղկող) մականունը:
Ընդօրինակել և նկարազարդել է ձեռագրեր, որոնցից մի քանիսը հասել են մեզ: Իր մարդասիրությամբ ու սրբակենցաղ վարքով վայելել է ոչ միայն հայերի, այլև այլազգիների համակրանքը: Բարեկամական հարաբերություններ է ունեցել Միջագետքի Օթման բեկ ամիրայի հետ, որի շնորհիվ կարողացել է վերացնել տալ եկեղեց. հարկերը և որոշ արտոնություններ ձեռք բերել հայերի համար:
Մկրտիչ Նաղաշը ծավալել է նաև շինարարական աշխատանքներ: 1434-ին նրա նախագծով կառուցվել է Արղընիի Բարձրահայաց Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ 1439–43-ին՝ վերակառուցվել Ամիդի Ս. Թեոդորոս կաթողիկեն: Վերջինիս գմբեթը բարձր է եղել քաղաքի մինարեներից, ինչը առիթ է դարձել Մկրտիչ Նաղաշի դեմ մոլեռանդ մահմեդականների հալածանքների: Օթման բեկի որդին՝ Համզան, որը հաջորդել էր հորը, հրամայել է քանդել կաթողիկեի գմբեթը: Մկրտիչ Նաղաշը խոր վիշտ է ապրել և Ամիդից մեկնել նախ Կ. Պոլիս, ապա՝ Կաֆա (Թեոդոսիա): Երբ Համզային հաջորդել է նրա որդին՝ Ջհանգիր Միրզան, Մկրտիչ Նաղաշին հրավիրել է Ամիդ, թույլ տվել վերակառուցել կաթողիկեն՝ չափավոր բարձրությամբ: Վերակառուցումն ավարտվել է 1447-ին՝ Նեքամատ վարպետի ձեռքով: Մկրտիչ Նաղաշը գրել է տաղեր, ողբ, հիշատակարանն եր, Կոստանդին Զ Վահկացու ու պատմագիր Թովմա Մեծոփեցու հանձնարարությամբ՝ «Պատասխան լատինացւոց թխտոյն» (1436) պատմական փաստաթուղթը: Այստեղ անդրադարձել է Լատին և Հայ եկեղեցիների միության՝ Վատիկանի ժողովում քննարկվելիք խնդրին, օտար եկեղեցիների գերիշխանության գաղափարին հակադրել Հայ եկեղեցու անկախության և հավասարության գաղափարը՝ եկեղեցիների միության երաշխիք համարելով այդ հավասարության ճանաչումը:
Մկրտիչ Նաղաշի տաղերը միջնադարյան հայ քնարերգության գեղեցիկ և ինքնատիպ էջերից են: Նա խորացրել է միջնադարյան քնարերգության աշխարհիկ բովանդակությունը: Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններին բնորոշ են սոցիալական, խոհ ախրատական մոտիվները: XV դ. հոգևորականության մեջ ուժեղացել էր բարոյալքման ախտը: Վանքերը դարձել էին շվայտության վայրեր, դավերն ու խարդավանքները՝ սովորական: Ժամանակի բարոյական այդ մթնոլորտի գեղարվեստական պատկերումն է Մկրտիչ Նաղաշի «Խրատական բաներս ագահութեան և անընչութեան ի Նաղաշ վարդապետէ ասացեալ» ծավալուն բանաստեղծությունը՝ գրված արևելյան գազելի ձևի ուրույն կիրառմամբ: Բոլոր չարիքների ակունքն ու աղբյուրը Մկրտիչ Նաղաշը համարում է մարդկային ագահության անհագ կիրքը: Անդրադարձել է քրիստոնեական բարոյականության հարցերին, ձաղկել թե՛ աշխարհիկ տերերի, թե՛ հոգևորականության հոռի բարքերը:
Միջնադարյան շատ բանաստեղծների նման նա ևս անդրադարձել է մահվան թեմային՝ կյանքին, մարդուն ու աշխարհին նայելու և իմաստ ավորելու միտումով: Մկրտիչ Նաղաշը հորդորում է փարվել ոչ թե կյանքի հաճույքներին, այլ՝ բարի գործ անելուն:
Մկրտիչ Նաղաշի ստեղծագործության մեջ առանձնակի տեղ է գրավում պանդխտության թեման: Նրա «Տաղ վասն ղարիպի ասացեալ» բանաստեղծությունը գրված է երկխոսության ձևով: Իբրև հոգևորական՝ նա պանդուխտին մխիթարում է հանդերձյալ կյանքի պայծառ տեսիլով: Մկրտիչ Նաղաշի լեզուն միջին հայերենն է՝ պարզ և մատչելի: Նրա ստեղծագործությունները, հատկապես պանդխտության տաղերը, մեծ ազդեցություն են գործել ուշ միջնադարի հայ քնարերգության վրա:
Ղազինյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Մկրտիչ Նաղաշ և իւր տաղերը, հրտ. Կ. Կոստանյան, Վաղ-պատ, 1898:
Զամինյ ան Ա., Հայ գրականութեան պատմութիւն, Նոր Նախիջևան, 1914, էջ 214–221:
Աբեղյան Մ., Երկեր, հ. 4, Ե., 1970, էջ 473–480:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am