«ՄՈՂՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», պատկերազարդ, երկաթագիր, ձեռագիր մատյան: Գրիչն ու ծաղկողը Հովհաննես Սանդղկավանեցին է: Ձեռագրի ընդօրինակման վայրի ու ժամանակի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել: Սակայն, ելնելով 1053-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ. դ 3593) մի քանի մանրանկարների Խորան (Մողնու ավետարան, XI դարի կեսեր)հետ «Մողնու Ավետարան»-ի անառարկելի նմանությունից, համարվում է, որ այն նկարազարդվել է XI դ. կեսին, Սանդղկավանքում: Ուշ միջնադարում եղել է Հաղպատի վանքում, ապա՝ հարյուր տարի (1822–1922) Թիֆլիսի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում (այստեղից էլ՝ անունը): Այժմ պահվում է Մատենադարանում (ձեռ. դ 7736, չափերը՝ 42x32,5 սմ, 383 մագաղաթե թերթեր,կազմը՝ թավշապատ, արծաթազարդ):

Ձեռագիրը պատկերազարդված է 10 խորաններով (3-ը Եվսեբիոսի թուղթն է ուղղված Կարպիանոսին, 7-ը կանոնների աղյուսակներ են), 12 լիաէջ տերունական տեսարաններով (առաջին երկուսը՝ նույն էջում), որոնք դասավորված են ձեռագրից առաջ («Ավետում»«Մարիամի այցը Եղիսաբեթին»,  «Ծնունդ»«Տյառնընդառաջ»«Մկրտություն»«Պայծառակերպություն»«Ղազարոսի հարությունը»«Մուտք Երուսաղեմ»«Խորհրդավոր ընթրիք»«Խաչելություն»«Համբարձում»«Հոգեգալուստ»), 4 ավետարանիչների պատկերներով, 4 անվանաթերթերով և լուսանցազարդերով: «Մողնու Ավետարան»-ի գեղանկարչությանը բնորոշ է հանդիսավորությունն ու վեհակերտությունը: Այդ տպավորությունն ստեղծվում է և՛ չափերի մեծությամբ, և՛ մանրանկարների ոճով: Հորինվածքները պարզ են ու ձգտում են զուգաչափության: Խոշոր կերպարները հանդարտ, վեհորեն շարժվում են լեռնային բնանկարի և բարդ ճարտարապետական կառուցվածքի միջով (նշմարվում են հայկական բնանկարների ծանոթ գծերն ու ազգային  ճարտարապետության բնորոշձևերը): Այս ամենը պատկերված է խիտ երկնագույն ֆոնի վրա: Ֆոնը և մյուս սպիտակավուն ներկերն ու ողջ վեհակերտ կերպարները՝ լեռները, ծառերը և անգամ «Ավետման»«Մարիամի այցելությունը Եղիսաբեթին» պատկերների դիրքը, մեկը մյուսի վրա տեսարանների դասավորությունը վկայում են  «Մողնու Ավետարան»- ի մանրանկարների սերտ կապը որմնանկարչության հետ (մասնավորապես՝ Ախթալայի) և հիմք են տալիս ենթադրելու, որ նրանց վարպետը կարող էր լինել նաև որմնանկարիչ:

«Մողնու Ավետարան»- ի խորաններն աչքի են ընկնում նույնպիսի վեհաշուքՏյառնընդառաջ (Մողնու ավետարան, XI դարի կեսեր) հանդիսավորությամբ և նույնպես հագեցած են երկրաչափական զարդանկարների, բուսազարդերի, ծառերի պատկերների, սյուների բոլորքը պարուրող վարագույրների և անգամ ճարտարապետական կառույցների տարրերով: Հատկապես հարուստ է խորանների կենդանական աշխարհը. բազմապիսի թռչունները, գազանները և ընտանի կենդանիները դրկից են արծվառյուծներին, սֆինքսներին ու հուշկապարիկներին, իսկ խորաններից մեկում պատկերված է, այսպես կոչված՝ «Նեղոսյան տեսարանը», որը «Մլքե թագուհու Ավետարան»-ի նմանատիպ պատկերի արձագանքն է: Երկու մերկ ձկնորսներ կանգնած են բարձրախել նավակում, նրանցից մեկը քաշում է ձկներով լի ցանցը. ջրի մակերևույթը ծածկել են մեդուզաները, իսկ առաջին պլանում սֆինքսն է և արծվառյուծները:

«Մողնու Ավետարան»-ն  արդեն գրեթե ձևավորված միջնադարյան հին ձեռագրերի վաղ շրջանի նմուշներից է: Այստեղ կանոնիկ տեսք են ստացել ավետարանիչների դիմանկարներն ու անվանաթերթերը՝ ուղղանկյուն գլխազարդերով, խոշոր սկզբնատառերով, ավետարանիչների խորհրդանշաններով: Թանկարժեք նյութերի (նուրբ,թափանցիկ մագաղաթ, բազմերանգ գույներ և ոսկի), մանրանկարների գեղանկարչական  ու կատարողական արվեստի կատարելության, նրանց հանդիսավոր ոճի շնորհիվ «Մողնու Ավետարան»-ը դասվում է մեծաշուք տոնական ձեռագրերի շարքը:

                                                                                                        Քոթանջյան Ն.

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Մաթեվոսյան Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, դ 10, 1971: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am