Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մոխրենեսի Օխտը դռնի վանք

 ՄՈԽՐԵՆԵՍԻ ՕԽՏԸ ԴՌՆԻ ՎԱՆՔ, ԼՂՀ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք, Յուղուսեն լեռան անտառապատ լանջին: Վանքի եկեղեցին կառուցվել է V–VI դդ., կոպտատաշ բազալտ քարով: Ունի քառախորան, չորս անկյուններում երեք քառորդ խորշերով կենտրոնագմբեթ հորինվածք (գմբեթը քանդված է) և «հռիփսիմեատիպ» եկեղեցիների հնագույն օրինակն է: Խորանները և խորշերը արտաքուստ բոլորաձև են, ներքուստ՝ շեշտված պայտաձև, ինչպես և գմբեթարդները: Արլ. խորանի որմնասյուների խոյակներն ունեն խիստ արխաիկ, ատամնագնդիկավոր զարդամոտիվներով քանդակներ:

Եկեղեցու հս-արմ. կողմում միանավ թաղածածկ մատուռի ավերակներն են. պահպանվել են խորանը, պատերի ստորին շարքերը և հս. մուտքը՝ վաղմիջնադարյան ճարտարապետությանը բնորոշ լյունետով: Մոխրանեսի Օխտը դռնի վանքի գերեզմանոցում խաչքարերից վաղագույնը 997-ինն է, եկեղեցու հվ-արմ. կողմում կանգուն, վանքի միաբան Կանդիլի խաչքարը՝ 1044-ինը:

 

                                                                            Հասրաթյան Մ.  


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Մկրտչյան Շ., Աբգարյան Ռ., Կարապետյան Ս., Մոխրենիսի «Օխտը դռնի» վանքը, «Էջմիածին», 1982, դ 11–12: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am