ՄՈՄԻԿ, Մոմիկ Վարդպետ (ծ.թ. անհտ – 1333, այլ ենթադրությամբ՝ 1339 կամ 1340, Նորավանք), գրիչ, մանրանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ: Գլաձորի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ: Ստեղծագործել է Սյունիքում, մասնավորապես Վայոց ձորում, վաղ շրջանում, հավանաբար, նաև Կիլիկիայում: Աշակերտել է Հովասափ կուսակրոն քահանային, սովորել Գլաձորի համալսարանում:
1292-ին Մոմիկն ընդօրինակել և նկարազարդել է (Քարկոփի վանքի Ս. Գևորգ եկեղեցու Հովհաննես և Թադեոս քահանա եղբայրների պատվերով) Նորավանքի Ավետարանը (Մատենադարան, ձեռ. դ 2848), որտեղ պատկերել է երեք ավետարանիչներին և Պրոքորոնին (Մատթեոսի պատկերը կորել է): Մոմիկի վաղ շրջանի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալությամբ, գունային ներդաշնակությամբ, դիմանկարների արտահայտչականությամբ, զարդանկարի հստակությամբ:
Մոմիկի լավագույն գործը (պատվիրել է Սյունյաց մետրոպոլիտ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանը) 1302-ին Ամաղուի Նորավանքում նկարազարդած Ավետարանն է («Պատերազմի Ավետարան», Մատենադարան, ձեռ. դ 6792):
Անվանումն ստացել է 1406–11-ին Տուրուբերանի Բզնունյաց գավառի Պատերազմի Ս. Նշան վանքում, որտեղ 1406-ին Գրիգոր վրդ. Խլաթեցին վերականգնել է վնասված ձեռագիրը:
Անսովոր փոքր չափեր ունեցող ձեռագրում (12x8,5 սմ, էջում՝ 17 կերպար) Մոմիկը վարպետությամբ զետեղել է Ավետարանի 12 տերունական պատկերաշարի հիմնական տեսարանները, «Հովհաննես ավետարանիչը Պրոքորոնի հետ», Հակոբ և Պետրոս առաքյալների պատկերները, անվանաթերթեր, լուսանցազարդեր, զարդագրեր: Մոմիկի տերունական պատկերների կառուցվածքային հենքը վաղ. քրիստոնեական և XIII դ. վերջի – XIV դ. 1-ին կեսի պատկերագրությունն է՝ մեկնված ըստ Հայ եկեղեցու կանոնի:
Մոմիկի մանրանկարներին բնորոշ են հավաքական ճարտարապետական ֆոնը, գունային միջավայրի մեղմությունը, մանրանկարների համախմբումը:
Ենթադրվում է, որ Մոմիկը ծաղկել է նաև 1283-ին ընդօրինակված «Կեռան թագուհու Ավետարանը» և 1287-ին Թեղենյաց վանքում գրված հիշատակարանում Դավիթ գրչի նշած «Մոմիկի շքեղազարդ» մատյանը: ԱՄՆ-ում գտնվող 1331-ի մի ձեռագիր հիշատակարանում (պատվիրել է Սյունիքի մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանի հայր, իշխան Տարսայիճը) Մոմիկը վկայում է, որ 1307-ի աշնանը տեսողությունը վատացել է և պատվիրած Ավետարանը չի ավարտել (գրել է միայն համաբարբառը): Գործն ավարտել են գործընկերները՝ «Յոհանէս գրիչ զթերին ելից. եւ Թորոս՝ զվոսկենկարսն»: Շուրջ 17 տարի (1307–24) Մոմիկի տեսողությունը թույլ է եղել. ենթադրվում է, որ այդ շրջանում նա զբաղվել է քանդակագործությամբ և ճարտարապետությամբ:
Մոմիկը Նորավանքում կերտել է Ստեփանոս Օրբելյանի հիշատակին (անթվակիր, հավանաբար 1303-ից՝ մետրոպոլիտի մահից հետո), 1308-ին՝ իշխանուհի Թամթա Խաթունի պատվերով Տարսայիճ «ատապակի» հիշատակին և նրա որդիներ «Բուրթելի եւ Բուղտայի արևշատության» (երկուսն էլ Էջմիածնում են՝ Գանձատանը և Վեհարանում) խաչքարերը: Առաջինի վերնամասում Քրիստոսի քանդակն է, խաչի կողքերին՝ վեցական հյուսածո շեղանկյունիներ, երկրորդում «Բարեխոսություն» («Դեիսուս») հորինվածքն է՝ կիսախորաններում տեղադրված կերպարներով (կենտրոնում՝ Քրիստոսն է, ձեռքին գիրք՝ վրան գրված «Ես եմ լույսը աշխարհի», կողքերին՝ Աստվածամայրն ու Հովհաննես Մկրտիչը), որոնք իրենց գծանկարով և կատարման ոճով նախորդել են հետագայում Նորավանքում կերտված քանդակներին: Մոմիկին են վերագրվում նաև Բուրթել և Իվանե Օրբելյաններին նվիրված նրբահյուս խաչքարի մի բեկոր, 1982–83-ի պեղումներով Նորավանքում գտնված խաչքարը՝ խաչի կողերի շեղանկյունիների մեջ 12 առաքյալների պատկերներով (այժմ՝ Եղեգնաձորի թանգարանում), Նորավանքի գլխավոր՝ Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու վերակառուցված գավթի մուտքի և լուսամուտի ճակատակալ քարերի քանդակները և Ս. Աստվածածին («Բուրթելաշեն») եկեղեցու բարձրաքանդակները: Մոմիկն իր ստեղծագործությունները ստորագրել է «Մոմիկ Վարդպետ», այսինքն՝ ճարտարապետ:
Մոմիկի ճարտարապետական վավերական (կա շինարարական արձանագրություն) գործը Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին է: Մոմիկին է վերագրվում Տաթևի վանքի Ս. Գրիգոր (1295), Եղեգիսի Զորաց, Բուրթել իշխանի հանձնարարությամբ Նորավանքի Ս. Աստվածածին [«Բուրթելաշեն», որի նախանկարը (ենթադրաբար) կատարել էր դեռևս 1292-ին ծաղկած Ավետարանի լուսանցազարդում] եկեղեցիների շինարարությունը:
Աստվածաբանական հարուստ գիտելիքներով օժտված Մոմիկն իր մանրանկարները և քանդակները կերտել է խորհրդանշական շեշտադրումներով, երբեմն՝ աննախադեպ հորինվածքներով:
Մոմիկը ստեղծել է քանդակակերտ ծաղկահյուս գորգերի և գահավորակների վրա նստած Աստվածամոր և Մանկան պատկերագրական մի ամբողջ շարք: Որպես գրիչ իր քանդակներում առանձին սիրով է ներառել հայոց գրերը՝ ստեղծելով, այսպես կոչված, «հայկական առաջին արաբեսկները»:
Մոմիկն ինքնատիպ մոտեցում է ունեցել Արենիի, Եղեգիսի եկեղեցիները, հատկապես՝ «Բուրթելաշեն»-ը հատակագծելիս: Վերջինս երկհարկ է, սլացիկ ռոտոնդայով պսակված, և յուրաքանչյուր հարկն ունի միմյանցից տարբեր հատակագիծ: Համեմատաբար վերձիգ համաչափություններ ունեցող երկրորդ հարկը և վերսլաց, սյունազարդ գմբեթը համակցված են զարմանալի ներդաշնակությամբ և հորինվածքային կուռ միասնություն են կազմում: Գետնից մինչև երկրորդ հարկի շքամուտքը տանող աստիճանները յուրօրինակ եռանկյունաձև շրջանակ կազմելով առաջին հարկի մուտքի համար, զուգակցվելով քանդակազարդ ճակատակալ քարերի ու զարդաքանդակ այլ մանրամասների հետ, ստեղծում են ճարտ. անկրկնելի կերպար: Եկեղեցու գմբեթին խորհրդանշական 12 սյուների վրա պատկերված են Բուրթել իշխանը՝ եկեղեցու մանրակերտը ձեռքին, նրա որդիները, Աստվածամայրն իր Միածին Որդով և այլոք:
Մոմիկն իր գլուխգործոցում հասել է գեղարվեստի միջոցով մարդուն աստվածապաշտությամբ համակելու, վեհացնելու գաղափարին:
Նորավանքում Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարը խիստ հողմահարության պատճ առով, ունի տարընթերցումներ՝ «ՉՁԲ»-1333, «ՉՁԸ»-1339, «ՉՁԹ»-1340: Հավանականը 1339 է, որովհետև «Բուրթելաշեն»-ը ավարտվել է այդ թվին (փորագրված է եկեղեցու պատին): Մոմիկի հիշատակին կանգնեցված խաչքարի խոսքերն են՝ «Յիշես Քրիստոս Աստված զՄոմկա հոգին եւ ողորմեա»:
Մոմիկի արձանը կանգնեցված է Եղեգնաձորում՝ իր անունը կրող զբոսայգու մուտքի մոտ: Մոմիկի անունով է կոչվում նաև Հայաստանում գործող քրիստոնեական մշակույթի միությունը (տես «Մոմիկ»):
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963:
Մնացականյան Ս., XIV դարի հայ քանդակագործ, ճարտարապետ և նկարիչ Մոմիկը, ՊԲՀ, 1968,դ 3:
Թամանյան Յու., Ազատյան Շ., Մոմիկըորպես ճարտարապետ, «Էջմիածին», 1969, դ 3:
Հովսեփյան Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 2, Ե., 1987: Մաթեվոսյան Կ., Մոմիկ, Ե., 1999:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am