ՄՈՐՈ ՁՈՐՈ ՎԱՆՔ, Ծռվիզի վանք, ՀՀ Տավուշի մարզի Լուսահովիտ գյուղի (նախկին Ծռվիզ գ.) հարավ-արևմտյան ձորակի աջ ափին: Վանքի Ս. Աստվածածին քառախորան կենտրոնագմբեթ եկեղեցին կառուցվել է V դ., կոպտատաշ բազալտ քարով (նախնական ծավալը պահպանվել է մինչև գմբեթարդները):
VI–VII դդ. սրբատաշ բազալտով վերակառուցվել են գմբեթակիր կամարները, գմբեթարդները և գմբեթը: Խորանները ներսից պայտաձևեն, դրսից՝ կիսաշրջանաձև (բացառությամբ դրսից ուղղանկյուն հվ. խորանի): Արլ. խորանի գմբեթակիր կամարների խոյակները և նրանց միջև ձգվող հորիզոնական գոտին ունեն նշտարաձև, ստորին մասում՝ հյուսածո զարդաքանդակների շարքեր:
Մորո Ձորո վանքը բարգավաճել է XII–XIII դդ. և դարձել Մահկանաբերդի գավառի հոգևոր կենտրոններից: 1177–78-ին Մահկանաբերդի տեր և վանքի հովանավոր իշխան Քուրդ Արծրունին Մորո Ձորո վանքն ազատել է բոլոր հարկերից: Այդ վճիռը հաստատել է Վրաստանի Գեորգի III թագավորը՝ Ս. Աստվածածին եկեղեցու հս. խորանի գմբեթարդի իր արձանագրությամբ: 1197-ին իշխան Իվանե Զաքարյանը և իր քույր Նանան նորոգել են Մորո Ձորո վանքը, վերականգնել Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և ծածկը: 1213-ին եղբայրներ Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանները վերստին նորոգել են վանքը և նրա վանահայր հաստատել հայր Եվագրին:
Մորո Ձորո վանքը մոնղոլական արշավանքներից հետո կորցրել է իր արտոնությունները, միաբանությունը ցրվել է, և Ս. Աստվածածին եկեղեցին գործել է մինչև XIX դ.՝ որպես ծխական եկեղեցի: 1980-ական թթ. վերանորոգվել են Մորո Ձորո վանքի Ս. Աստվածածին եկեղեցու գմբեթը և խորանների ծածկերը:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Բարխուդարյան Մ., Արցախ, Բաքու,1895:
Ավագյան Ս., Մորո Ձորո վանքը և նրա վիմարձանագրությունները, «Էջմիածին», 1967, դ 3, 4,5:
Դիվան հայ վիմագրության, պր. 6, Ե., 1977:
Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե., 1982:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am