Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մովսես Կաղանկատվացի

 ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ (ծ. և մ. թթ. անհտ), VII դարի մատենագիր, պատմիչ: Ծնվել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Կաղանկատույք գյուղում: Որոշ ուսումնասիրողների (Ք. Պատկանյան, Կ. Շահնազարյան) կարծիքով եղել է վանական: Նրա անունով մեզ է հասել երեք մասից (գիրք) կազմված «Պատմութիւն Աղուանից աշխարհի» խորագրով երկը: Այն հայ մատենագիրներին ծանոթ է VIII դ-ից (Սողոմոն Մաքենացի), իսկ հեղինակին առաջինը Մովսես Կաղանկատվացի  է կոչել Կիրակոս Գանձակեցին: Երկի՝ մեզ հասած ամենահին գրչագիրը թվագրվում է 1289-ին (Մատենադարան, ձեռ. դ 1531): Պատմության առաջին երկու գրքերը («աշխարհի ստեղծումից» մինչև VII դ. 1-ին կես) գրել է Մովսես Կաղանկատվացին, երրորդի հեղինակը X դ. մատենագիր Մովսես Դասխուրանցին է: Հետագայում աշխատությանը հավելվել է Աղվանից կաթողիկոսների անվանացանկը (X դ. 2-րդ կեսից լրացրել է Մխիթար Գոշը)՝ մինչև XVIII դ.:

Երկասիրության նյութը հիմնականում Արցախ և Ուտիք նահանգների (Հայոց Արևելից Կողմանց, հայկական Աղվանքի) պատմությունն է, որն իբրև հայոց ընդհանուր պատմության մի մաս, ի տարբերություն մյուս հայ մատենագիրների, Մովսես  Կաղակնկատվացին լուսաբանել է մանրամասն ու բազմակողմանի: Այդ ժամանակ Արցախն ու Ուտիքը (461-ին Սասանյան Իրանը քաղաքական նկատառումներով մտցրել է Աղվանից մարզպանության մեջ) բուն Աղվանքի ու մերձկասպյան մի շարք երկրամասերի հետ ներառվել էին ընդհանուր նվիրապետության մեջ (տես Աղվանից եկեղեցի, Աղվանից կաթողիկոսություն):

Պատմության առաջին գրքի սկզբում շարադրված են հատկապես IV–V դդ. իրողությունները, որոնց նկարագրությունը մեծ մասամբ քաղված է Փավստոս Բուզանդից, Մովսես Խորենացուց, Ագաթանգեղոսից, Եղիշեից, դավանական ու վարքագրական թղթերից և այլ գրավոր աղբյուրներից: 7–8-րդ գլուխները վերաբերում են նահատակված քրիստոնյա սրբերին, նրանց մասունքների որոնմանն ու հայտնաբերմանը և Աղվանից աշխարհ տեղափոխելուն, Աղվանից եկեղեցու վաղ շրջանի պատմությանը: Աղվանից եկեղեցու առաքելական ծագումն ապացուցելու մտահոգությամբ՝ մատենագիրն առաջին գրքի 6-րդ գլխում պատմում է, որ Հայաստանում քրիստոնեություն տարածող Թադեոս առաքյալի աշակերտ Եղիշեն, Երուսաղեմում վարդապետ ձեռնադրվելուց հետո, եկել է Աղվանից աշխարհ, Գիս ավանում եկեղեցի կառուցել և քրիստոնեություն քարոզել:

Հեղինակը պատմում է, որ հայրենի երկրամասի և նրա եկեղեցու հեղինակությունը բարձրացնելու համար Աղվանից իշխան Վարազ-Տրդատը Գրիգոր Ա Լուսավորչի նշխարներից բերելու նպատակով Այրարատյան նահանգ է ուղարկել Իսրայել եպիսկոպոսին: Այրարատում երկար թախանձանքներից ու մեծ տիկնոջ ՝ Հեղինեի (Աղվանից Ջևանշեր իշխանի քույրը և մարզպան Գրիգոր Մամիկոնյանի կինը) միջնորդությունից հետո Իսրայել եպիսկոպոսին զիջել են Գրիգոր Ա Լուսավորչի ծնոտի մի մաս, որը բերվելով՝ հանդիսավորապես տեղադրվել է Գլխովանքում: Պատմիչը միաժամանակ նշել է Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների բաժանումն արգելված լինելու և, իբրև բացառություն, Աղվանից եկեղեցուն նվիրելու փաստը: Հանգամանորեն շարադրվել է Գրիգոր Ա Լուսավորչի թոռ Գրիգորիսի՝ Աղվանքում քարոզչության, Աղվանից և Վրաց եպիսկոպոսապետ ձեռնադրվելու, նահատակության, նշխարների գյուտի պատմությունը: Առաջին գրքի 16-րդ գլխում պատմագիրը ներկայացնում է մոտ երեսնամյա ժամանակահատված [Առանշահիկներ՝ Վաչեից մինչև Վաչագան Գ Բարեպաշտը (480-ական թթ. վերջ)], երբ երկիրը չի ունեցել իր թագավորը: Նույն գլխում ներկայացնելով Պարսից Պերոզ արքայի (459–484) նվաճողական քաղաքականությունը՝ ցասումով է նկարագրել, թե ինչպես է նա քանդել եկեղեցիները, կառուցել ատրուշաններ, հալածել, աքսորել ու կոտորել քրիստոնյաներին՝ ձգտելով տարածել զրադաշտական կրոնը: 17-րդ գլխում պատմվում է Պերոզի հաջորդ Վաղարշի (484–488) նոր քաղաքականության, Վաչագան Գ Բարեպաշտի (480-ական թթ.վերջ – 510)՝ երկրում իշխանական տները վերահաստատելու, քրիստոնեությունը վերատարածելու, աղանդները, մազդեզականությունը վերացնելու, կախարդներին, քրմերին կոտորելու, երկրամասը բարեկարգելու, մշակութային,կրթադաստիարակչական գործունեության մասին, որոնք պատմական արժանահավատ հաղորդումներ են (մեզ անհայտ աղբյուրներից քաղված) և մեծարժեք են Վարդանանց հերոսամարտից հետո ընկած ժամանակաշրջանի իրադարձություններն ուսումնասիրելու առումով: Պատմական կարևոր նշանակություն ունեցող վավերագիր է նաև առաջին գրքի 26-րդ գլուխը, որը մի կանոնադրություն է՝ հաստատված Վաչագան Գ Բարեպաշտի ու Շուփհաղիշո եպիսկոպոսի կազմակերպած եկեղեցական ժողովի կողմից (տես Աղվենի եկեղեցական ժողով): Հայոց պատմության համար արժեքավոր նյութ է Հայոց Արևելից Կողմանքում Մեսրոպ Մաշտոցի ծավալած կրթական ու լուսավորչական  գործունեության հանգամանալից նկարագրությունը (նույն գրքի 27 և 28-րդ գլուխներում):

Երկրորդ գրքում Մովսես  Կաղակնկատվացին պատմագրել է VII դ. 1-ին կեսի իրադարձությունները: Այն ցայժմ անփոխարինելի աղբյուր է խազարների (ըստ հեղինակի՝ խազիր) արշավանքներն ու դրանց քաղաքական ու տնտեսական դրդապատճառներն ուսումնասիրելու, հս. ցեղերի, Անդրկովկասի ժողովուրդների և Պարսկաստանի ու Բյուզանդիայի փոխհարաբերությունների մի շարք հարցեր պարզաբանելու համար: Նույն գրքի 14-րդ գլխում ներկայացվում են Շաթի (խազարների առաջնորդ Ջեբու խաքանի որդու) Աղվանք կատարած արշավանքը (628) և Աղվանից կաթողիկոս Վիրոյի (595–629) գործունեությունն ու տառապանքները: Մովսես  Կաղակնկատվացին լրացրել է արաբական արշավանքների պատմությունն Անդրկովկասում և դրանից հս. ընկած երկրներում:

Երկը միակ աղբյուրն է հայոց պատմության մեջ կարևոր դեր կատարած Միհրանյան ու Առանշահիկ հարստությունների ծագման ու պատմության ուսումնասիրման համար: Մովսես  Կաղակնկատվացու շնորհիվ է մեզ հասել իր ժամանակակից բանաստեղծ Դավթակ Քերթողի «Ողբք...»  բարձրարվեստ քերթվածքը (պահպանված աշխարհիկ հնագույն քերթվածքն է հայ գրակ. մեջ), որը գրվել է Աղվանից աշխարհի իշխան Ջևանշերի եղերական մահվան առիթով:

Շարունակելով և ամբողջացնելով «Պատմութիւն Աղուանից...» երկը (երրորդ գիրք, VII դ. կեսից մինչև X դ. կեսը)՝ Մովսես Դասխուրանցին հիմնականում վեր է հանել եկեղեցու պատմությանն առնչվող խնդիրները, Հայաստանյայց և Աղվանից եկեղեցիների առընչությունները, նկարագրել արաբ. արշավանքները, Հայոց Աղվանքի, Բյուզանդիայի և Արաբական խալիֆայության հարաբերությունները, Բաբեկի հակահայկական ձեռնարկումները, Համամ Արևելցու (IX դ. 2-րդ կեսի իշխան, ապա՝ թագավոր Հայոց Արևելից Կողմանց) և Սահլ Սմբատյանի (Արցախի հս. գավառների իշխան IX դ. 1-ին կեսին) ազգանպաստ գործունեությունը, հաղորդել այլ արժեքավոր տեղեկություններ: Երկը շարադրված է խիստ հակիրճ ոճով և ժամանակագրական կարգով:

Պատմությունն առաջին անգամ հրատարակել է Մ. Էմինը 1860-ին, Մոսկվայում: 1861-ին տպագրվել է ռուս.՝ Ք. Պատկանյանի թարգմանությամբ: Թարգմանվել է նաև ֆրանսերեն, անգլերեն, վրացերեն, թուրքերեն, հատվածաբար՝ հունգարերեն, գերմաներեն, ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն, այդ թվում՝ աշխարհաբար (1969):

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Պատմութիւն Աղուանից աշխարհի, Ե., 1983:

Զարբհանալյան Գ., Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վնտ., 1886: 

Մնացականյան Ա., Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջ, Ե., 1966: 

Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ, 1971, էջ 171–173: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am