ՄՈՎՍԵՍ ԵՐԶՆԿԱՑԻ [1250-ական թթ., Անի Կամախ բնակավայրում (Երզնկայի մոտ) – 1323, Երզնկա], մատենագիր, մեկնիչ, մանկավարժ: Եղել է իր ժամանակի ամենազարգացած, հեղինակավոր հոգևորականներից: Ծնվել է ազնվատոհմ ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է Երզնկայի Ավագ վանքում, որտեղ և ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1290-ական թթ. ճանապարհորդել է Արլ. Հայաստանում և Կիլիկիայում: Ուսումը շարունակել է Սկևռայի գիտամշակութային կենտրոնի բարձր տիպի դպրոցում, աշակերտել Գրիգոր Սկևռացուն:
Կիլիկիայում ընդօրինակել է բնագրային ուսումնասիրման և հայ ձեռագրագիտության համար խիստ արժեքավոր մի Աստվածաշունչ (Մատենադարան, ձեռ. դ 177): Կիլիկիայից «բազում գրենօք» վերադարձել է Երզնկա (մինչև 1307-ը) և մինչև կյանքի վերջը Ս. Գրիգոր Լուսավորիչ վանքում զբաղվել ուսուցչությամբ ու գրչությամբ՝ արժանանալով «հայոց վարդապետ», «գերահռչակ րաբունապետ» կոչմանը: 1311-ին կառուցել է վանքի Ս. Աստվածածին եկեղեցին (Մատենադարանի դ 5077 ձեռագրի հիշատակարան):
Բազմաժանր է Մովսես Երզնկացու մատենագրական վաստակը: Գրել է մեկնողական, դավանական, խրատական-կանոնական, չափածո և այլ բնույթի գործեր:
Մեկնողական գործերից են «Մեկնութիւն ժամակարգութեան» և «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին, զոր յառաջագոյն արարեալ է սրբոց լուսաւոր հարցն» խմբագիր աշխատությունները: Ժամակարգության մեկնությունը Խոսրով Անձևացու մեկնության խմբագրությունն է, որտեղ նա որոշ հավելումներ է կատարել Հովհաննես Գ Օձնեցու, Մովսես Քերթողի և Ստեփանոս Սյունեցու գործերից: Մեկնությունում վերլուծվել են հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը: «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին...» վեց մասից բաղկացած աշխատությունը Մովսես Երզնկացին գրել է 1293-ին, Երզնկայում, ուսուցչի՝ Հովհաննես Երզնկացու (Պլուզ) խնդրանքով: Հեղինակն օգտվել է շուրջ 10 աղբյուրներից, որոնցից քաղել է և՛ ամբողջական, և՛ կրճատումներով հատվածներ: Առաջադրության մեջ անդրադարձել է ս. Հաղորդության խորհրդի հաստատման կարևորությանը և նրա հետ առնչվող հարցերին (աշխարհի ստեղծում, առաջին մեղք, Երկնավոր Հոր մարդասիրության երևան գալն իր Միածին Որդուն աշխարհ ուղարկելով, մարդկանց մեղքերի թողության և նրանց բժշկության համար Որդի Աստծո զենում, Քրիստոսի պատվերը Վերջին ընթրիքի ժամանակ ևն): Մովսես Երզնկացին իր խրատներն է հղել ապագա սերունդներին ս. Հաղորդության խորհրդին մասնակցելու և Քրիստոսի մեղսաքավիչ մարմինը ճաշակելու համար:
Դավանական աշխատություններում Մովսես Երզնկացին հանդես է եկել որպես Հայ եկեղեցու դավանության, ծիսակարգի, սովորությունների ջերմ պաշտպան: «Ոսկեփորիկ» ժողովածուն 200-ից ավելի խրատներ, վարքեր, դավանական այլընտրական նյութեր պարունակող հավաքածու խմբագիր աշխատություն է: «Պատասխանիք թղթոյն Տրապիզոնի առ հատուածեալն Գրիգոր երեց» դավանական թուղթը Տրապիզոնի հունադավան Գրիգոր քահանայի՝ Հայ եկեղեցու մասին գրած ամբաստանագիր-թղթի պատասխանն է: Մովսես Երզնկացու հակաճառական պատասխանից երևում է, որ Գրիգոր երեցը մտադիր է եղել արձանագրել Հայ եկեղեցու «թերությունները» ըստ հունադավան միտումների, այն է՝ հաղորդության բաժակի մեջ ջուր խառնել, Սուրբ Ծնունդը տոնել դեկտեմբերի 25-ին և ոչ՝ հունվարի 6-ին, դավանել «երկու բնութիւն ի Քրիստոս», Հովհաննես Մկրտչի ծնունդը տոնել հունիսի 25-ին և ոչ՝ հուլիսի 11-ին, «Լուսոյ» յուղը (մեռոն) պետք է միայն պտղի ձեթ լինի և ոչ այլ նյութից ևն:
Մովսես Երզնկացին, քաջատեղյակ դավանական և ծիսական խնդիրների բոլոր նրբություններին, խոր վերլուծություններով ապացուցել է Հայ եկեղեցու ընդունած սկզբունքների ճշմարտացիությունը: «Ընդդիմադրութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն ի թուին Հայոց ՉԾԸ» չորս մասից բաղկացած թուղթը Մովսես Երզնկացին գրել է Սսի 1307-ի ժողովի (տես Սսի եկեղեցական ժողովներ) որոշումներին ընդդիմացած արևելյան վարդապետների անունից: Թղթի առաջին մասում մեջբերել է ժողովի արձանագրությունը, ըստ որի՝ Սսի ժողովականները որոշում են կայացրել Հայ եկեղեցում ընդունելու հաղորդության բաժակի մեջ ջուր խառնելու սովորությունը: Երկրորդ մասում ընդհանուր գծերով անդրադարձել է ժողովի անմտությանն ու անօգտակարությանը, երրորդում՝ խոսել է Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի Զատկի ճառի գրության պատճառի մասին և ապա մեջբերել այդ ճառից մի հատված՝ ցանկանալով ապացուցել, որ չպետք է հավատալ Արևմուտքի եկեղեցիների կեղծ ուսմունքներին ու խոստումներին և մոռանալ Հայ եկեղեցու առաքելահաստատ դավանանքն ու ավանդությունները: Թղթի չորրորդ մասը առաջինի, այսինքն՝ Սսի ժողովի որոշումների հակաճառությունն է:
Մովսես Երզնկացին Սսի ժողովն անվանել է հակականոնական, անիմաստ մի հավաքույթ, որին «սուտ ժողովոյս պարտ է ասել և ոչ՝ սուրբ»:
«Մովսէսի վարդապետի ասացեալ ի խնդրո Յակոբայ» խրատական-կանոնական երկը Մովսես Երզնկացին գրել է 1322-ին, Երուսաղեմում: Այն հայտնի է նաև «Մովսէսի Երզնկացւոյ Դաւանութիւն հաւատոյ» վերտառությամբ, թեև հեղինակը միայն առաջին տողում է անդրադառնում հավատքի դավանությանը՝ «Հաւատոյ դաւանութիւնն ծանոթութիւն է առ Աստուած» (Մատենադարան, ձեռ. դ 108): Ըստ էության երկը նվիրված է կրոնավորի վարքին, նրա գործունեությանը: «Խրատ կանոնականքը...» մեզ է հասել տասնյակ ընդօրինակություններով և զետեղված է հեղինակի «Ոսկեփորիկ» ժողովածուում՝ իբրև առաջաբան: Խրատականում հիմնականում խոսվում է աշխարհիկ մարդկանց վարք ու բարքի, եկեղեցու և ծիսակատարությունների նկատմամբ նրանց պարտականությունների մասին: Հիշարժան է նաև ուսուցչի՝ Գևորգ Սկևռացու մահվան առիթով գրված «Ողբը» (1301, տես Ալիշան Ղ. ,«Հայապատում», 1901, էջ 504–507): Մովսես Երզնկացին գրել է նաև «Մարգարէից սա սերմանումն» տաղը, որի տների առաջին տառերը հոդում են «Մովսէսի է սա» նախադասությունը (Պողարյան Ն., «Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբյանց», հ. 3, էջ227–228):
Պետրոսյան եպս.Ե.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Պողարյան Ն., Հայ գրողներ, Երուսաղեմ,1971:
Պետրոսյան Ե., Մովսես Երզնկացու «Հաւաքումն համառօտ մեկնութեան սրբոյ պատարագին, զոր յառաջագոյն արարեալ է սրբոց լուսաւոր հարցն» աշխատությունը, «Էջմիածին», 1973, դ 9, 11:
Նույնի, Մովսես Երզնկացու «Ընդդիմադրութիւն սակս ջրոյն խառնման ի սուրբ խորհուրդն ի թուին Հայոց ՉԾԸ» դավանաբանական թուղթը, «Էջմիածին», 1974, դ 9–10:
Օղլուգյան Ա., Մատենագրական հետազոտություններ Մովսես վարդապետ Երզնկացու գրական առեղծվածի շուրջ, Ս. Էջմիածին, 2001:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am