ՄՐԵՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայում): Ըստ XIII դ. պատմիչ Կիրակոս Գանձակեցու, եկեղեցին կառուցվել է 613-ին (ըստ շինարարական արձանագրության, ավարտվել է 639-ին): Արմ. ճակատի շինարարական արձանագրությունում նշված են կառուցողները՝ Հայաստանի կառավարիչ, իշխան Դավիթ Սահառունին, Շիրակի և Արշարունյաց տեր իշխան Ներսեհ Կամսարականը և Թեովփիղոս եպիսկոպոսը: Մրենի Կաթողիկե եկեղեցին ունի քառամույթ գմբեթավոր հորինվածք՝ ուղղանկյուն ծավալից արլ-ում դուրս եկող հնգանիստ խորանով, որի երկու կողմերում խաչվող թաղերով ծածկված ավանդատներ են: Պահպանվել է գմբեթի նախնական կղմինդրե տանիքը: Մրենի Կաթողիկե եկեղեցու հս. շքամուտքի բարավորին քանդակված է եկեղեցու հիմնադրման տեսարանը. կենտրոնում Ներսեհ Կամսարականն է՝ ծնկաչոք, գետնին տնկած բարձր խաչը բռնած, նրանից աջ Թեովփիղոս եպիսկոպոսն է, որը ձեռքին պահած բուրվառով խնկարկում է եկեղեցու հիմնօրհնեքը, աջում Կենաց ծառն է, ձախում՝ ձիու հետ խաչին մոտեցող Դավիթ Սահառունին:
Արմ. շքամուտքին նույնպես պատկերված են իշխաններ Դավիթ Սահառունին, Ներսեհ Կամսարականը և Թեովփիղոս եպիսկոպոսը՝ խմբավորված կենտրոնում նստած Քրիստոսի ու նրա երկու կողմերում կանգնած Պողոս և Պետրոս առաքյալների շուրջը: Վերևում զույգ հրեշտակներ են: Քանդակը բավական ոճավորված է, մարդիկ և սրբերը պատկերված են դիմահայաց, հարթ, սիմետրիկ դասավորությամբ: Նրանց դիրքը, հագուստների ծալքերի գծագրությունը բնորոշ են վաղքրիստ. քանդակագործական արվեստին և խիստ կանոնիկ են:
Մրենի Կաթողիկե եկեղեցու պատկերաքանդակները իրենց գեղարվեստական բարձր արժեքով կարևոր տեղ են գրավում վաղ միջնադարի հայկական արվեստում:
Գագիկ Ա Բագրատունի արքան Արշարունյաց Սահակ եպիսկոպոսի խնդրանքով Մրենն ազատել է կոռից: 1251-ին Մրենի Կաթողիկե եկեղեցու հվ. ճակատին իշխան Շահնշահ Զաքարյանի փորագրած հրամանով՝ արգելվել է անչափահասների ձեռնադրությունը: 1261-ին Անիի մեծահարուստ Զենոբ Սահմադինը Զաքարյաններից գնել է Մրենը և 1284-ին ու 1288-ին ազատելհարկերից: 1277-ին նորոգվել է Մրենի Կաթողիկե եկեղեցու խորանը, 1295-ին եկեղեցին նվիրատվություններ է ստացել:
Մրենի Կաթողիկե եկեղեցին ներկայումս կիսավեր է, 1964-ին քանդվել է եկեղեցու հվ-արմ. անկյունը:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Կիրակոս Գանձակեցի, Հայոց պատմություն, Ե., 1982:
Ալիշան Ղ., Շիրակ, Վնտ., 1881:
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, [հ.] 1, Ե., 1942:
Մանուչարյան Ա., Մրենի և Թալինի տաճարների շինարարական արձանագրությունները, ՊԲՀ, 1966, դ 1:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am