ՄՇԿԱՎԱՆՔ, Մշակավանք, ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղի մոտ, անտառապատ բարձրադիր սարահարթի վրա: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին և արմ-ից կից գավիթը: Կառուցման ճշգրիտ ժամանակը հայտնի չէ: Մշկավանքի եկեղեցին 1219-ին հիշատակվում է իբրև կանգուն կառույց («Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի լուսաբանեալ», 1862): Եկեղեցին հատակագծում քառակուսի միանավ դահլիճ է՝ ծածկված կիսագլանային թաղով: Խորանի երկու կողմերում երկհարկ նեղ ավանդատներ են: Երկայնական ճակատներից բացվում է մեկական կլոր պատուհան: Արլ. ճակատին, Ավագ խորանի պատուհանից վեր, ոճավորված խաչ է, որի վերին թևում պատկերված է ցուլի գլուխ: Միակ՝ արմ. մուտքը բացվում է դեպի գավիթ, որը վերարտադրում է փոխհատվող զույգ կամարների համակարգով անսյուն կենտրոնակազմ գավիթների հորինվածքը՝ արմ-ից երկարացված լրացուցիչ տարածությամբ (ինչպես Հաղպատի վանքի, Գանձասարի վանքի գավիթներում): Վերջինս գավթի քառակուսի մասից բաժանվում է կլոր հատվածքի զույգ զանգվածեղ սյուներով: Փոխհատվող զույգ կամարների կառուցվածքային հնարքը կիրառված է նաև գավթի կենտրոնական մասի ծածկում: Մուտքն արմ-ից է՝ պսակված հեռանկարային շքամուտքով, որը երիզված է բազմագույն ձևավոր քարերով զարդարված շրջանակով: Մշակավանքը հարուստ է խաչքարերով և վիմական արձանագրություններով: Շուրջը հին գերեզմանատուն է: Վերականգնվել է 1955–60-ին:
Շախկյան Գ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Բարսեղյան Լ., Մշակավանք, «Էջմիածին», 1959, դ 3:
Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Ե., 1986:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am