Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մշո Ս. Առաքելոց վանք

 ՄՇՈ Ս. ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ, Ս. Ղազարի վանք, Տիրին կատարի վանք, Ս. Թադեոս վանք, Ս. Թարգմանչաց վանք, Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մուշ քաղաքից 4 կմ հարավ: Ըստ ավանդության, 312-ին հիմնել է Գրիգոր Ա Լուսավորիչը, առաքյալների՝ Հռոմից բերած մասունքների վրա: Առաջին վանահայրը եղել է Զենոբ Գլակի եղբայր Եղիազարը (այստեղից էլ՝ Ղազարի վանք անունը): Վանքը հայտնի է դարձել XI դարից, բարգավաճել՝ XII դ.: Գլխ.՝ Ս. Մշո Ս. Առաքելոց վանքի ավերակներըԱռաքելոց եկեղեցին (XI դ.) աղյուսաշեն է, ունի ներքուստ խաչաձև, անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գմբեթավոր հորինվածք: Արլ. կողմում կա XI–XII դդ. արձանագրություններով, նրբահյուս զարդաքանդակներով 3 խաչքար: Ըստ խաչքարերից մեկի արձանագրության, վանքը 1125-ին նորոգվել է: XII դ. որպես նվիրատվություն Թոռնիկյան իշխաններից ստացել է Բերդակը՝ իր շրջակա հողերով: XIV դ. վերջին՝ Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, Մշո դաշտավայրի բնակչությունն ապաստանել է պարիսպներով պաշտպանված Մշո Ս. Առաքելոց  վանքում: 1439-ին Մուշի ամիրայի հրոսակախումբը կողոպտել է վանքը: Այն նորոգելու համար 1517-ին վանահայր Թադևոս եպիսկոպոսը հանգանակություն է կատարել: 1555-ին վանահայր Կարապետ Բաղիշեցին Ս. Առաքելոց եկեղեցուն արմ-ից կից կառուցել է քարաշեն, չորս մույթերով, ուղղանկյուն հատակագծով գավիթ: 1597-ին Բարսեղ վարդապետը կառուցել է վանքի ջրաղացը, 1609-ին՝ բարձրացրել պարիսպները: 1663-ին Ս. Առաքելոց եկեղեցուն հվ-ից կից (XIV դ. ավերված շենքի հիմքի վրա) կառուցվել է Ս. Ստեփանոս միանավ, թաղածածկ քարաշեն եկեղեցին, իսկ հս-ից կից նշմարվում են Ս. Գևորգ եկեղեցու հետքերը: XVII դ. վանքը բազմաթիվ նվիրատվություններ է ստացել: 1791-ին Հովհաննես վարդապետը գավթի արմ. մուտքի առջև կառուցել է եռահարկ, ութսյուն ռոտոնդայով զանգակատուն և վերակառուցել պարիսպները: 1888-ին վանքում բացվել է նախակրթարան: 1915-ին Մշո Ս. Առաքելոց  վանքն ավերվել է և լքվել:

Վանքի համալիրից մոտ 300 մ արլ. կանգուն է համեմատաբար լավ պահպանված Ս. Թադեոս գմբեթավոր ոչ մեծ եկեղեցին (XI–XII դդ.), որի կառուցող. տեխնիկան եզակի է,պատերի արտաքին շերտը շարված է սրբատաշ տուֆով, իսկ ներսը՝ աղյուսով: Միջնադարյան Հայաստանի կիրառ. արվեստի լավագույն նմուշներից է Մշո Ս. Առաքելոց  վանքի փայտե դուռը(1134, քանդակազարդող վարպետ՝ Ղուկաս գծող, ՀՊՊԹ): Փեղկերը ծածկված են երկրաչափական, շրջանակի կողերը՝ առասպելական ևիրական կենդանիներ պատկերող զարդանախշերով, իսկ բարավորը՝ զինված հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով:

Մշո Ս. Առաքելոց  վանքում մշակութային, գիտական կյանքը սկսվել է դեռևս հիմնադրումից: Արդեն V դ. թարգմանություններ են կատարվել (այստեղից էլ վանքի մյուս՝ Ս. Թարգմանչաց անունը):

Մշո Ս. Առաքելոց  վանքի դպրոցը զարգացում է ապրել XI դ. վերջին և XII դ. սկզբին՝ վանահայր Պողոս Տարոնեցու օրոք և իր ծաղկմանը հասել 1271–81-ին, երբ Վարդան Արևելցու մահից հետո Ներսես Մշեցին Խոր վիրապից այստեղ է տեղափոխել վարդապետարանը, որտեղ ուսանելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նաև Կիլիկիայից: Մշո Ս. Առաքելոց  վանքի բարձրագույն դպրոցից մեզ ձեռագրեր են հասել Ներսես Մշեցու, նրա աշակերտ Եսայի Նշեցու, Բարսեղի, Ստեփանոսի և ուրիշների ընդօրինակություններով: Բազմաթիվ ընդօրինակությունն եր են կատարվել 1205–1915-ը՝ վանքում պահպանված «Մշո Ճառընտիր»-ից:

                                                                                     Հասրաթյան Մ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am