ՄԾՂՆԵՈՒԹՅՈՒՆ, քրիստոնեական աղանդ: Ծագել է Միջագետքում, տարածվել Ասորիքում, Եգիպտոսում, Փոքր Ասիայում, Հայաստանում: Վարդապետության հիմքում ընկած են եղել I–III դդ. տարածված գնոստիկյան (տես Գնոստիցիզմ) գաղափարները: Անունը ծագել է ասորերեն mslÿn բառից (աղոթող ժողովուրդ): Հունական աղբյուրներում աղանդի հետևորդները կոչվել են մեսալյաններ, նաև՝  եվքիտներ (աղոթողներ), որը մեսալյան բառի հունական թարգմանությունն է: Մեսալյանները (մծղնեները) երբեք չեն եղել կազմակերպված աղանդ, չեն ունեցել նվիրապետական կազմակերպություն, արտահայտել են քրիստոնեության մեջ արմատական խմբերի հույզերը: Նրանք հավատացած են եղել, որ մարդու հոգում ի ծնե չար դև է նստած, և ո՛չ մկրտությունը, ո՛չ էլ եկեղեցական որևէ խորհուրդ ի վիճակի չեն հեռացնել նրան: Միայն հոգևոր մաքրությունը՝ «կրակով մկրտությունը», կարող է մարդկանց ազատել սատանայի ուժից, իսկ մաքրման միակ միջոցը աղոթքն է, որը հալածում, արտաքսում է դևին: Աղոթքն է իսկ ական կրոնական խորհուրդը, որի միջոցով մարդը ձերբազատվում է կրքերից, և Սուրբ Հոգին իջնում է նրա վրա:

Մծղնեության գլխավոր  մեկնաբանը եղել է Մակարիոս Սիմեոնը կամ Կեղծ Մակարը (IV դ. վերջ – V դ. սկիզբ): Մակարիոս Սիմեոնը պայմանական անունն է այն հեղինակի, որի աշխատությունները բովանդակում են 50 քարոզ-ճառեր և առանձին ձեռագրերում վերագրվում IV դ. եգիպտացի վանական Մակարիոս Մեծին: Մեսալյանների մասին ամենավաղ տեղեկությունները հաղորդել է Եպիփան Կիպրացին: Հիշյալ աղանդավորների ի հայտ գալը նա թվագրել է Կոստանդիոս կայսրի ժամանակով (351–361)՝ զանազանելով հեթանոս մեսալյաններին և քրիստոնյա մեսալյաններին: Առաջինները, թեև հեթանոս,դավանել են միաստվածություն և իրենց աստծուն անվանել Ամենակալ, քրիստոնյա մեսալյանները, գիտակցելով սատանայի մեծությունն ու զորությունը, նրա բարյացակամությունը շահելու և դավերից խուսափելու համար երկրպագել են նրան և իրենց անվանել սատանյաններ: Եպիփան Կիպրացու վկայությամբ՝ մեսալյանները հրաժարվում էին սեփականությունից, լքում իրենց բնակատեղիները ու ապրում մուրացկանությամբ: Նրանք մերժում էին ծոմապահությունը և մշտապես աղոթում: Եպիփան Կիպրացու ժամանակաշրջանում դաժանաբար հալածվել են, դրա համար էլ իրենց անվանել են մարտիրոսներ, նահատակներ:

Վաղ բյուզանդացի պատմիչ Թեոդորետոս Կյուրացին մեսալյանների հանդես գալը թվագրել է Վալենտինիանոս (364–375) և Վաղես (364–378) կայսրերի իշխանության շրջանով: Ըստ նրա, այդ աղանդավորները կոչվել են նաև «էնթուսիաստներ», քանզի ինչ-որ դևի ազդեցությամբ հավատացել են, թե իրենց մեջ Սուրբ Հոգին է մուտք գործել, և այդ պատճառով ընկել են հիազմայլանքի (էքստազի) մեջ, որը և անվանել են «էնթուսիասմոս»: Թեոդորետոս Կյուրացին վկայում է, որ Անտիոքի պատրիարք Փլավիանոսը (381–404), տեղեկանալով Եդեսիայում աղանդավորների տարածված լինելու մասին, վանականների խումբ է ուղարկել այնտեղ, նրանց բերել տվել Անտիոք և ջանացել «դարձի բերել»: Սակայն

նրա բանակցությունները ծերունի աղանդապետ Ադելփիոսի հետ ապարդյուն են անցել, և պատրիարքը արտաքսել է նրանց: Անտիոքից նրանք գնացել են Պամփյուլիա, տարածել իրենց վարդապետությունը, ինչի համար հալածվել են, գաղթել Փոքր Ասիա՝ իրենց կողմը գրավելով մի շարք մենաստանների: Թեոդորետոս Կյուրացին պահպանել է մեսալյանների աղանդապետների անունները՝ Սաբբաս, Ադելփիոս, Դադոես, Սիմեոն, Հերմաս:

Մեսալյանների մասին իրենց իսկ գրքերից քաղած մանրամասն տեղեկություններ է հաղորդել բյուզանդական աստվածաբան Հովհան Դամասկացին (VIII դ.): Նրանց ընկալմամբ մարդու մեջ ամուր նստած է Սուրբ Հոգին, ինչպես և սատանան, որը դևերի հետ մեկտեղ տիրել է մարդու մտքին ու բնությանը: Մարդու հոգին կարող է մաքրել միայն հանապազօր աղոթքը, որին նրանք հսկայական ուժ են վերագրել: Ըստ Հովհան Դամասկացու՝ մեսալյանները մերժել են եկեղեցին, ընդունել միայն իրենց աղոթարանները, խորշել ֆիզիկական աշխատանքից:

Մեսալյանների վարդապետության դեմ գրել են Փոքր Հայքի մայրաքաղաք Մելիտենեի եպիսկոպոս Լետոյիոսը, Իկոնիոնի եպիսկոպոս Ամփիլոքիոսը, որը գլխավորել է աղանդավորներին դատապարտող Սիդեի եկեղեցական ժողովը (391): Անտիոքի պատրիարք

Փլավիանոսը 391-ին Անտիոքում նույնպես գումարել է եկեղեցական  ժողով ընդդեմ մեսալյան աղանդի: Եփեսոսի Գ տիեզերական ժողովը (431) նզովել է մեսալյան աղանդավորներին,դատապարտել նրանց «Գիրք ճգնավորականը»: Նրանց գրքերի դեմ քսանչորս նզովքներ է գրել Կեսարիայի եպիսկոպոս Արքելայոսը, ապա և՝ նյուսացի եպիսկոպոս Հերակլիդեսը: Մեսալյաններն այնքան են մտահոգել բարձր հոգևորականությանը, որ անգամ Կ. Պոլսի Ատտիկոս պատրիարքը (406–425) գրել է Պամփյուլիայի եպիսկոպոսներին, Սիդեի եպիսկոպոս Ամփիլոքիոսին՝ պատվիրելով հալածել աղանդավորներին: Մեսալյանների դեմ հարատև պայքարել է նաև նեստորական եկեղեցին:

Հայաստանում մծղնեների (հայկական աղբյուրներում նրանք մեսալյաններ չեն կոչվել) տարածված լինելը հիմնականում երևում է Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններից. դրանք վկայում են, որ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի մահից հետո աղանդը տարածվել է երկրում, ընդգրկել ոչ միայն աշխարհականների, այլև հոգևորականների (երեց, սարկավագ, աբեղա) շրջանակը: Ժողովականները ծանր պատիժներ են սահմանել նրանց դեմ: Աղանդավոր հոգևորականին կարգալույծ են հայտարարել, ճակատին աղվեսադրոշմ խարանել և արգելափակել վանքում: Եթե աղանդավոր հոգևորականը դարձի չի եկել, իշխանությունները դիմել են մարմնական խիստ պատիժների և նետել գոդենոց: Ավելի ծանր են եղել պատժամիջոցները աշխարհիկ աղանդավորների նկատմամբ. նրանց անմիջապես ենթարկել են մարմնական պատիժների, ճակատներին աղվեսադրոշմ խարանել և նետել գոդենոց, իսկ նրանց անչափահաս երեխաներին հեռացրել են ծնողներից, հանձնել հոգևորականների խնամքին: Աղանդավորներին հովանավորելու, թաքցնելու և իշխանություններին չհանձնելու համար մեղադրվող հոգևորականության դեմ է ուղղվել 20-րդ կանոնը:

Հայկական աղբյուրներում մծղնեների գաղափարախոսության մասին տեղեկություններ չկան, եղածներն էլ նրանց դեմ ուղղված լուտանքներ են: Եզնիկ Կողբացին միայն վկայում է, որ մծղնեները մերժել են ամուսնության խորհուրդը: Մծղնեությունն  ավելի խոր հետք է թողել Հայաստանում, քան աղանդավոր. մյուս շարժումները: Հովհաննես Գ Օձնեցին իր «Ընդդէմ պաւղիկեանց» ճառում պավլիկյաններին համարել է «նախկին մծղնեության խեշերանք» (մնացորդ): Արիստակես Լաստիվերցին թոնդրակեցիների գործունեությունը՝«մծղնէ գործ»իսկ Կիրակոս Երզնկացին գրել է. «Մծղնագործութիւն, որ առաւել է քան զամենայն մեղս»Մծղնե անունը ստացել է «աղանդավոր»«հերձվածող»«պիղծ» իմաստը:


                                                                                Բարթիկյան Հ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am