ՄՈՒՂՆՈՒ Ս. ԳԵՎՈՐԳ ՎԱՆՔ, ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին: Ըստ XVII դ. պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով ս. Գևորգի մասունքները: Հավանաբար դա տեղի է ունեցել XIII դ. 1-ին կեսին, որովհետև արդեն 1278-ին Մուղնու Ս. Գևորգ վանքում ձեռագիր է ընդօրինակվել: Մուղնու Ս. Գևորգ վանքից ս. Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար: Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Ս. Գևորգ եկեղեցին (այստեղ է պահվել «Մողնու Ավետարանը»): XIII–XV դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի: 1580-ին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Ս. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել: Վանքը ծաղկում է ապրել XVII դ., երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է: 1632–55-ին վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ և խցեր: Սակայն XVII դ. 2-րդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664–69-ին կառուցել նորը: Հովհաննես վարդապետը 1669-ին, մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (գնացել էր եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու): Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը: Վանքի Ս. Գևորգ եկեղեցու ճարտարապետն է Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ Ուստա Մուրադը: 1734-ին Մուղնու Ս. Գևորգ վանքն ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին: 1811-ին առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ ս. Գևորգի պատկերներով (այժմ՝ ՀՊՊԹ-ում): XIX դ. Մուղնու Ս. Գևորգ վանքն ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար: Մուղնու Ս. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է XIX դ.: Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830-ին նորոգել է եկեղեցու տանիքը, 1839-ին՝ կայծակից փշրված գմբեթի ծայրը: Մարտիրոս արք. Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները: 1863-ին վանահայր է դարձել Մեսրոպ արք. Սմբատյանցը: Աբել եպս. Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել, 1889-ին շարադրել վանքի պատմությունը: 1895-ին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսով կառուցվել է հս-արլ. կողմի բնակելի սենյակների 2-րդ հարկը: Համալիրի հս-արմ. կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ: Արլ. պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը: 2000-ին վանքը նորոգվել և տարածքը բարեկարգվել է Մ. արք. Աշճյանի հոգածությամբ: 2000-ի հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Ս. Գևորգ վանքի եկեղեցին: Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արմ. կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան: Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը: Աբսիդի և դահլիճի հս-արլ.անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, ս. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի Վերափոխման, Ստեփանոս Նախավկային, ս. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող XIX դ. որմնանկարներ են: Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով: Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են: Հվ. մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով:
Մուղնու Ս. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է:
Մուղնու գրչության կենտրոնում Սիմեոն երեցը 1278-ին ընդօրինակել է նկարազարդ Տոնական, 1280-ին՝ Ավետարան (Մատենադարան, ձեռ. դդ 995, 355): 1484-ին և 1491-ին Մկրտիչ երեցը ընդօրինակել է Գանձարան և Ճաշոց (Մատենադարան, ձեռ. դդ 7553, 6293): Վանքում պահվող սրբություններից են եղել ս. Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները: Մուղնու Ս. Գևորգ վանքի տոնի օրն է սեպտեմբերի 18-ը:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990:
Զաքարիա Սարկավագ, Պատմագրութիւն, Վաղ-պատ, 1870:
Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ., 1890:
Եղիազարյան Հ., Մուղնու վանքը և նրա վիմագիր արձանագրությունները, «Էջմիածին», 1960, դ 7:
Սաղումյան Ս., Մուղնու Ս. Գևորգ եկեղեցին և նրա վիմագրերը, «Էջմիածին», 1977, դ 1:
Հասրաթյան Մ., Մուղնու վանքի ճարտարապետական համալիրը, Հայկական արվեստ, ժող., դ 2, Ե., 1984:
Մաթեվոսյան Կ., Մուղնու Սուրբ Գևորգ վանքը, Ե., 2000:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am