Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Մուրատ-Ռափայելյան վարժարան

ՄՈՒՐԱՏ-ՌԱՓԱՅԵԼՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնել է Մխիթարյան միաբանությունը Հնդկաստանի հայ վաճառականներ Մուրատի և Ռափայելի կտակի համաձայն. 1834-ին՝ Պադուայում՝ Մուրատյան (1846-ին տեղափոխվել է Փարիզ), 1836-ին՝ Վենետիկում՝ Ռափայելյան անուններով: 1870-ին Մուրատյան և Ռափայելյան վարժարանները միավորվել են և կոչվել է Մուրատ-Ռափայելյան  վարժարան: 1917-ին տեղափոխվել է Հռոմ, 1918-ին՝ դարձյալ Վենետիկ: 1929-ին նախկին Մուրատյան վարժարանն անջատվել է, վերաբացվել Փարիզում, սակայն Մուրատ-Ռափայելյան  վարժարան ըպահպանել է իր անունը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ փակվել է, վերաբացվել՝ 1950-ին: Սկզբնական շրջանում վարժարանն առաջնորդվել է գիմնազիական ծրագրով, ունեցել 6-ամյա դասընթաց:

1867-ին՝ Ֆրանսիայի, 1879-ին Իտալիայի կառավարությունները Մուրատ-Ռափայելյան  վարժարանին տվել են լիցեյի կարգավիճակ: Վարժարան ընդունվել են 14 տարին լրացած պատանիներ: Ուսման տևողությունը՝ 5 տարի՝ 2 միջնակարգ և 3 բարձրագույն դասարաններով: Լավագույն շրջանավարտներին վարժարանի տեսչությունը շնորհել է Իտալիայի կրթության նախարարության կողմից վավերացված վկայականներ, որոնք իրավունք են ընձեռել առանց մուտքի քննությունների ուսանել եվրոպական և ամերիկյան համալսարաններում: Վարժարանի նպատակն էր պահպանել հայոց լեզուն և մշակույթը, զարգացնել հայագիտությունը: Վարժարանն ունեցել է ուսումնանյութական  լայն հնարավորություններ, հարուստ գրադարան, թանգարաններ, մարզ. հրապարակներ ևն: Սաներն ուսանել են հայոց լեզու, գրաբար, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, ինչպես նաև օտար լեզուներ:

Մուրատ-Ռափայելյան  վարժարանում դասավանդել են Ղ. Ալիշանը, բանասեր, ազգագրագետ Վ. Հացունին, ֆրանսիացի և իտալացի ուսուցիչներ, վարժարանի «Հայկական քայլերգի» երաժշտության հեղինակ Ս. Պոնցիլաքուան: Շրջանավարտներից են Դ. Վարուժանը, Վ. Սվաճյանը, Վ. Փափազյանը, Է. Շահինը և ուր.: Սովորել են նաև եվրոպացիներ: Հայագետներ Հ. Հյուբշմանը, Մ. Բրոսսեն, Ֆ. Ֆեյդին և ուր. մշտական կապեր են ունեցել Մուրատ-Ռափայելյան  վարժարանի հայագետների հետ: 1985-ից շրջանավարտների թիվը նվազել է: 1991-ից Մուրատ-Ռափայելյան  վարժարանում ուսանել են պատանիներ նաև Հայաստանից: 1998-ին նյութական դժվարությունների պատճառով Մուրատ-Ռափայելյան  վարժարանը  փակվել է:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Թեոդորյան Ս., Պատմութիւն Մուրատեան վարժարանին..., հ. 1, Փարիզ, 1857:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am