ՄՅՈՒՌՈՆ, Սրբալույս մյուռոն, մեռոն (< հուն. υvρον – անուշաբույր յուղ,ձեթ), քրիստոնեական եկեղեցում օծման համար կիրառվող սրբազան հոտավետ յուղ («բույսից հոսող հյութ»): Հին կտակարանի սրբության յուղը կամ սուրբ օծության յուղը նախատիպն է ներկայիս մյուռոնի: Աստված է Մովսես մարգարեին հայտնել մյուռոնի բաղադրության, պատրաստման և կիրառման ոլորտի մասին. «Տերը խոսեց Մովսեսի հետ ու ասաց. «Վերցրո՛ւ անուշահոտ համեմունքներ... Դրանցից կպատրաստես սուրբ օծության համար յուղ այնպես, ինչպես վարպետ յուղագործները ձեթ են պատրաստում: Այն սուրբ օծության համար յուղ թող լինի: Դրանով կօծես վկայության խորանը, վկայության տապանակը, զոհասեղանն ու նրա ամբողջ սպասքը, աշտանակն ու նրա ամբողջ սպասքը, խնկարկության սեղանը, ողջակեզների սեղանն ու նրա ամբողջ սպասքը, ավազանն ու նրա պատվանդանը: Կսրբագործես դրանք, և դրանք կլինեն սրբությունների սրբություն: Ամեն ոք, որ դիպչի դրան, կմաքրվի: Կօծես Ահարոնին ու նրա որդիներին, կսրբագործես նրանց, որպեսզի նրանք ինձ համար քահանայություն անեն» (Ելք 30.22–30):
Ձիթենու յուղը, զանազան անուշահոտ բույսերի հետ (խնկեղեգ, ծաղիկներ ևն) վաղնջական ժամանակներից ի վեր գործածել են արլ. ազգերը (մասնավորապես հրեաները՝ տոնական օրերին. Սաղմ. 22.6, Ամոս 6.6): Քրիստոսի Մարդեղության ընթացքին դեռևս կենսունակ էր հյուրի գլուխը կամ ոտքերն օծելու խորհրդանշական գործողությունը (Մարկ. 14.3, Հովհ. 12.3), ընդ որում, ազնվագույնն էր դիտվում նարդոսի յուղը (Երգ երգոց 1.12, Մարկ. 14.3): Հին ուխտի մեջ բազմիցս հիշատակվող օծման արարողությունը, որպես Բարձրյալ Աստծուց շնորհված գաղտնասուրբ և նվիրական խորհուրդ, ծանուցում էր Ս. Հոգու էջքը աշխարհի վրա՝ Հիսուս Քրիստոսի՝ Օծյալ Փրկչի ձեռքով. նրա՛ միջոցով, որ իրական պատկերն էր աներևույթ Հայր Աստծո և բացարձակ Օծյալը (եբր. «Մեսիա» անվան հունարեն համարժեքը «Քրիստոս»-ն է և նշանակում է Օծյալ):
Այսպիսով, օծության յուղը Հին կտակարանում ներկայացնում է աստվածային շնորհի նյութեղեն դրսևորումը և գալիք Մեսիայի մասնավոր նշանը, որով սրբագործվել են Աստծո ընտրյալ անձինք, Իսրայելի (Աստծո ժողովրդի) վրա կարգված թագավորները, ինչպես նաև տաճարն ու տաճարական խորհրդապատկերային առարկաները:
Վաղ քրիստոնեական համայնքներում յուղով օծելու սովորույթը, ինչպես ակնարկվում է առաքելական թղթերում, նորոգվել է և սկսել կենց աղավարել որպես մկրտվելու՝ Սուրբ Հոգին ընդունելու նվիրական նշան: Մկրտվելը կամ կնքվելը ցայժմ իրականացվում է եկեղեցու ընդունած երկու խորհուրդների՝ Մկրտության և Դրոշմի խորհրդակատարության միջոցով, երբ մյուռոնի դրոշմումով վավերացվում է (կամ վավերացված է համարվում) Սուրբ Հոգով մկրտվելը կամ բուն օծությունը: Հույն եկեղեցին այս խորհուրդը կոչում է պարզապես մյուռոն, իսկ Հայ եկեղեցին անվանում է Դրոշմ, որը և մյուռոնի ակնարկումն է: Գրիգոր Տաթևացին այս առնչությամբ գրում է.«Թեպետեւ ինչպէս այժմ բոլոր եկեղեցիները ունին և ինչպես կուսուցանեն բոլոր եկեղեցիներուն վարդապետությունները, ներկայիս չկայ Դրոշմ առանց միւռոնի, և ոչ իսկ ընդունելի կ’ըլլայ խորհուրդը առանց օծումի» (Գիրք հարցմանց, 1993, էջ 593):
Հայ իրականության մեջ հայկական մյուռոնի և Մյուռոնօրհնության վերաբերյալ առկա են մի շարք ավանդություններ: Ըստ հնագույն մի ձեռագրի (տես «Էջմիածին», 1983, դ 11–12, էջ 42), Թադեոս առաքյալն է Հայաստան բերել ս. մյուռոն: Այդ անուշաբույր յուղը պատրաստել էր Մովսես մարգարեն: Իսրայելցիներն այն տարել էին Ավետյաց երկիր, ապա պահել Երուսաղեմի տաճարում: Տաճարի կործանումից հետո Զաքարիա մարգարեի կինը՝ Եղիսաբեթը, այն թաքցրել է ժայռի մեջ: Նրա որդուց՝ Հովհաննեսից հետո յուղը փոխանցվել է Մարիամ Մագդաղենացուն, ապա՝ Թադեոս առաքյալին, հետո՝ Գրիգոր Ա Լուսավորչին...: Ըստ մեկ այլ ավանդության՝ հայկական մյուռոնի Հիսուսի ձեռքով օրհնված այն ձիթայուղն է, որ նրա առաքյալներն են բերել Հայաստան (Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին, 1993, էջ 168): Արիստակես Լաստիվերցու և Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը Ջրօրհնեքին մյուռոնը հեղել է գետի մեջ՝ Աստվածահայտնության տոնի առթիվ, շուրջը լույս է փայլատակել, և, իբրև ապացույց հայկական մյուռոնի սրբության, գետն առժամանակ կանգ է առել, անշարժացել...
Հայաստանյայց եկեղեցում մյուռոնի կիրարկումը գալիս է առաքելական ժամանակներից: Ավանդության համաձայն՝ մյուռոնը օրհնել է Գրիգոր Ա Լուսավորիչը՝ Ս. Էջմիածնում. այն փոխանցվել է սերնդեսերունդ, ընդորում, Մյուռոնօրհնեքի ընթացքում հին, լուսավորչավանդ ս. մյուռոն մշտապես խառնվում է նորի հետ՝ հնավանդ սրբալույս շնորհը նորի մեջ փոխանցելու նպատակով: Հայ եկեղեցին Մյուռոնօրհնության ծեսը կատարում է 5–7 տարին մեկ. օրհնության իրավունքը վերապահվում է կաթողիկոսին՝ ըստ Հովհաննես Գ Օձնեցու հաստատած կանոնի: Նախապես մյուռոնն օրհնվել է Ավագ հինգշաբթի օրը՝ Պատարագի ընթացքում,սակայն հետագա դարերում տեղափոխվել է եկեղեցական այլ տոն օրեր ևս (Հոգեգալուստ, Խաչվերաց ևն): Վերջին շրջանում Հայ եկեղեցում Մյուռոնօրհնությունը կատարվում է աշնանը, Պատարագի արարողությունից հետո: Կանոնի համաձայն, Մյուռոնօրհնությունից քառասուն օր առաջ ձիթենու յուղով լեցուն կաթսան դրվում է Մայր տաճարի Ավագ սեղանի վրա. ամեն օր կատարվում է հատուկ պաշտոն՝ քարոզ, աղոթք ևն, երեկոյան՝ նաև հսկման կարգ: Մյուռոնօրհնության օրը, հատուկ ծիսակարգով, հոգևորական դասը թափորով տանում է Ս. Էջմիածնի սրբությունները՝ Ավետարանները, սուրբ մյուռոնի նյութերի սափորը, հին մյուռոնով լի Մյուռոնաղավնին, ս. Կենաց Փայտը, Աստվածամուխ Գեղարդը, Լուսավորչի Աջը, Հակոբ Մծբնացի հայրապետի Աջը և այլ սրբություններ: Մյուռոնօրհնությունը կատարվում է խորհրդավոր ծեսով, կաթողիկոսի ՝ Վեհափառ հայրապետի առաջնորդությամբ, որն «Առաքելո աղաւնոյ» շարականը երգելով՝ մյուռոնաբույր կաթսայի մեջ է հեղում ծաղիկների հյութը, բալասանը, հին Մյուռոն և Գեղարդով, Լուսավորչի Աջով ու այլ սրբություններով տյառնագրում (խաչակնքում) ս. մյուռոն: Ապա կաթսան փակվում է կափարիչով ու յոթ շղարշներով: Նոր և հին մյուռոն խառնըվում են իրար:
XX դ. Ս. Էջմիածնում մյուռոն օրհնվել է ինն անգամ: XXI դ. հայոց առաջին Մյուռոնօրհնությունը կատարել է Գարեգին Բ կաթողիկոսը 2001-ի սեպտեմբերի 22-ին:
Ներկայումս քրիստոնյա եկեղեցիներում առկա է մյուռոնի պատրաստման երկու եղանակ. պարզ, որի հիմքում ձիթենու յուղն է, և բաղադրյալ՝ ձիթենու մաքուր յուղին ավելացրած բալասան և զանազան համեմունքներ: Հայ եկեղեցին ընդունել է մյուռոնի պատրաստման բաղադրյալ եղանակը: Բաղադրիչները՝ նարդոս, դարչին, խունկ, մշկընկույզ, ծառի խեժ, ծաղկահյութեր ևն (ավելի քան 40՝ բուսական ծագում ունեցող նյութեր, ինչպես նաև կտավատի ձեթ և գինի) մեծ մասամբ բերվում են տարբեր երկրներից (Իսրայել, Հնդկաստան,Պաղեստին, Սոմալի ևն): Հիշյալ նյութերը որոշակի հաջորդականությամբ լցնում են օրհնված կաթսայի մեջ, երկու օր շարունակ եռացնում թույլ կրակի վրա, ապա զանգվածը քամում մաքուր կտավներով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը: Այս ամենը կատարվում է խորհրդավոր արարողությամբ, բարեպաշտական երկյուղածության մթնոլորտում: Մյուռոնի պատրաստման վերաբերյալ մանրամասն հրահանգներ կան Մաշտոցում (Տես նաև Օծում):
Սարգսյան Լ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Կանոն օրհնութեան սրբալոյս մեռոնին, Վաղպ-ատ, 1890: Մաշտոց, Վաղ-պատ, 1905, էջ 54–56:
Գարեգին Բ Կաթողիկոս, Հող, մարդ և գիր, Անթիլիաս, 1991:
Սրբալույս Մյուռոնը և Մյուռոնօրհնեքը Հայաստանյայց եկեղեցու ավանդության մեջ (աշխատասիր. Մուշեղ սարկավագ Ժոռոյանի), Ս. Էջմիածին, 1996:
Սրբալույս Մյուռոն (հոդ. ժող.), Ս. Էջմիածին, 2001:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am