ՆԱՐԵԿԱՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում, Վանա լճի հարավային ափի մոտ, Նարեկ գյուղում: X դ. վանքը հիմնադրել են կրոն. հալածանքների պատճառով Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականները:
Նարեկավանքը ծաղկում է ապրել Անանիա Նարեկացու, հետագայում՝ Գրիգոր Նարեկացու վանահայրության տարիներին: Անանիա Նարեկացու ջանքերով վանքում հիմնվել է դպրոց, որտեղ ուսանել են Ուխտանեսը, Գրիգոր Նարեկացին և ուր.: Գրչության այս կենտրոնում կատարվել են Պատարագի և ժամերգության մեկնության ընդօրինակություններ, գրվել են ձեռագրեր: Նարեկավանքից մեզ հասած առաջին ձեռագիրը 1069-ին գրված մի Ավետարան է: Չնայած հետագայում էլ շարունակվել է ձեռագրերի ընդօրինակումը, սակայն Նարեկավանքի դպրոցն այլևս չի հասել X–XI դդ. իր մակարդակին:
1707-ին Մինաս վրդ. Ղափանցին հիմնովին նորոգել է վանքը: 1787-ին վանահայր Բարսեղ վարդապետը եկեղեցիներին արմ-ից կից կառուցել է ուղղանկյուն, քառամույթ ընդարձակ գավիթ, որտեղ թաղված են Գրիգոր Նարեկացու եղբայր Հովհաննես վարդապետը և Անանիա Նարեկացին: 1812-ին գավթի արմ. մուտքի առջև կառուցվել է եռահարկ զանգակատուն: 1843-ին Նարեկավանքի գմբեթները նորոգել են ճարտարապետ Սահրատ Մեմարբաշին և նրա որդի Մովսեսը: 1858-ին վանքը բարեկարգել է Հովհաննես վարդապետը, 1867-ին վանահայր Հովսեփ Րաբունին Գրիգոր Նարեկացու մատուռ-դամբարանի վրա կանգնեցրել է մարմարե խաչքար՝ վրան քանդակված Աստվածածինը՝ մանուկ Հիսուսը գրկին, նրանց առջև ծնրադիր՝ Գրիգոր Նարեկացին: 1884-ին Արիստակես վարդապետը վանքում բացել է վարժարան: 1896-ին Նարեկավանքի վրա հարձակվել են քրդերը, սպանել վանահայր Եղիշեին և 12 միաբանների: 1901-ին վանքում բացվել է (Ջանշյան ընտանիքի բարերարությամբ) որբանոց-վարժարան:
Նարեկավանքի ուխտագնացության օրերն են Վարդավառի և Վարագա ս. Խաչի տոները: Նարեկավանքից հս- արմ., մոտ 2 կմ հեռու, գտնվում է նվիրական սրբավայր համարվող այն քարայրը, որտեղ Նարեկավանքի (X դ.) ընդհանուր տեսքը ճգնել է Գրիգոր Նարեկացին: Նարեկավանքն ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ:
Հասրաթյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002
Լալայան Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, պր. 1, Թ., 1912:
Ոսկ յան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am