ՆԵՌ, դերաքրիստոս, հակաքրսիտոս, Քրիստոսին հակառակվող անձ, հակաքրիստոս, սուտ Քրիստոս, սուտ մեսիա, չար, Անօրեն (Բ Թեսաղ. 2.8): Քրիստոնեության արշալույսից ի վեր այս անունն են կրել քրիստոնյաներին հալածողները, քրիստոնեության անունից գործող այն անհատները, ովքեր, բացարձակացնելով իրենց անձը, Հիսուս Քրիստոսի հատկություններն իրենց են վերագրել, բայց իրականում գործել են հակառակ Քրիստոսի և քրիստոնեության (Ա Հովհ. 2.18): Նմանների վարդապետության բնորոշ առանձնահատկությունը Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո ուրացումն ու Քրիստոսի՝ մարմնով գալու մերժումն էր (Ա Հովհ. 2.18–23, 4.2–3): Քրիստոնեության վաղ շրջանում տիրապետող էր այն մտայնությունը, թե նեռը հայտնվելու է Քրիստոսի Երկրորդ գալստիցառաջ: Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդը» (Բ Թեսաղ. 2.3):
Հիմնվելով Հայտնության գրքում (13.18) տրված «գազանի» թվի (666) հունարեն անվանական համարժեքի («ՆԵՌ») վրա, ելնելով անվան բացորոշ նմանությունից՝ հայրախոսական մատենագրությունը (Կյուրեղ Երուսաղեմացի, Եվսեբիոս Կեսարացի, Եփրեմ Ասորի և այլք) այն նույնացնում է Ներոն կայսրի (54–68)՝ իբրև քրիստոնեության ոխերիմ հակառակորդի անվան հետ Նեռը մարմնացումն է այն գազանի, որ հարկադրում է մարդկանց երկրպագել իրեն, իսկ «ով չերկրպագի գազանի արձանին, նրան սպանի...» (Հայտն. 13.5): Նեռի իշխանությունը շարունակվելու է 42 ամիս (Հայտն. 13.5), ինչը հակապատկերն է երկրի վրա Քրիստոսի եռամյա տնօրինական գործունեության:
Համաձայն միջնադարյան որոշ մեկնիչների, նեռի ծննդավայրը աստվածամարտ Քաղաքն է: Ի հակակշիռ Մարիամ Աստվածածնի կուսական հղության, նա ծնվելու է կուսության խոստումը դրժած կույսից կամ արյան պիղծ խառնակումից: Հռչակելով իր կեղակարծ առաքինություններն ու հրաշագործությունները՝ նեռը երեք պատերազմներում հաղթելու է Եգիպտոսի, Լիբիայի ու Եթովպիայի թագավորներին (հմմտ. Դանիել 11.42–43), ապա հաստատելու է իր համաշխարհային տիրապետությունը: Սրանից հետո նեռը դառնալու է համընդհանուր պաշտամունքի առարկա պղծված եկեղեցիներում կամ Երուսաղեմի նորոգված տաճարում, որտեղ նա իրեն ներկայացնելու և բազմելու է իբրև Աստված (Բ Թեսաղ. 2.4): Սակայն, երբ ժամանակը լրանա, նեռն իր հետևորդներով հալածվելու է, և, սարսափելով Քրիստոսիմոտալուտ գալստից, գահավիժելու է բարձր լեռան վրայից:
Վախճանաբանական և փրկաբանական այս գաղափարները, որոնք վաղ անցյալում սկիզբ են առել Միջագետքում ու Եգիպտոսում, անցել իրանական և հրեական աստվածաբանություն և ապա մուտք գործել Արևելքի հելլենիստական պետությունների և Հռոմեական կայսրության մեջ, նպաստավոր հող են ստեղծել համաբնույթ գրականության հորինման համար: Հայ թարգմանական մատենագրության մեջ լայն շրջանառության մեջ են եղել երկեր՝ Հիպպողիտոս Բոստրացու (մահ. 235/236), Մեթոդիոս
Պատարացու (մահ. 311/312), Ներսես Ա Մեծի, Հովհան Ոսկեբերանի, Ագադրոնի (XII–XIII դդ.) և այլոց անուններով, ինչպես նաև՝ մի շարք անանուն երկեր: Այս գրականության հիման վրա աստվածաբան. միտքը բնութագրում է նեռին, վեր հանում նրա գործունեության ուղղվածությունը: Հիմնվելով հույն աստվածաբաններ Անդրեաս Կեսարացու (VI դ.) և Արեթաս Կեսարացու (X դ.)՝ Հովհաննեսի Հայտնության մեկնության վրա, Գրիգոր Տաթևացին տալիս է նեռի թվային հայերեն համարժեքը՝ «Ուրանամ կամաւ զԱրարիչն» (Կամովին ուրանում եմ Արարչին) – ՈԿԶ՝ 666: Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, նեռը ոչ թե սատանա է, այլ, լինելով մարդ (Բ Թեսաղ.2.3)՝ սատանայի արբանյակն է, որին բացարձակապես խորթ են ինչպես բնական և գրավոր, այնպես էլ ավետարանական օրենքները:
Նեռը հակառակ է ճշմարտությանն ու բարությանը, խաչին, եկեղեց. պաշտամունքին ու առհասարակ բարեպաշտությանը: Նեռը գործելու է վերջին օրերին, Քրիստոսի Երկրորդ գալստից առաջ: Իմանալով աշխարհի մոտալուտ վախճանի և այդու՝ իրեն սպառնացող տանջանքների մասին՝ Նեռը գործում է առավել կատաղորեն: Նեռի նման անկաշկանդ գործունեությունն ու ժամանակավոր հաջողությունը եկեղեցու հայրերը բացատրում են, մասնավորաբար, վերջին օրերին մարդկանց մեջ տիրական դարձած՝ Քրիստոսի ճշմարիտ սիրո նկատմամբ բացահայտ ատելությամբ, հոգեփրկության, Աստծո խոսքի հանդեպ լիակատար անտարբերությամբ, Քրիստոսի տնօրինական սխրանքների և հրաշքների ժխտումով:
Միջնադարի հայ իրականության մեջ, իբրև խորքային իրողություն, գաղափարական համազորը դիտվելով հեթանոսական Միհր աստծո, նեռը համարվել է չարության կամ հակառակության անձնավորում:
Նեռի հետ կապված վախճանաբանական տրամադրությունները հայ (և ոչ միայն հայ) իրականության մեջ աշխուժացել են նեռի անվան թվային արժեքին համապատասխանող 666 թվականին և Քրիստոսի ծննդյան, մկրտության ու խաչելության հազարամյակներին (1000, 1030, 1033 թթ.): Նեռի ծննդյան կամ գալստյան կանխանշան են համարվել երկրա- շարժերը, կլիմայական անկանոնությունները և ռազմաքաղաքական ու սոցիալական ցնցումները: Այսպես. Հովհաննես Կոզեռնի տեսիլքի համաձայն, 1022-ին տեղի ունեցած երկրաշարժն ու արեգակի լիակատար խավարումը կապվում են Հայտնության գրքում բերված նկարագրության հետ, ըստ որի, հազար տարի անց պետք է ազատ արձակվի Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան: Սրան անդրադառնում է պատմիչ Սամուել Անեցին, որը 1030-ին՝ Քրիստոսի մկրտության հազարամյակին, թուրքերի գրոհը Բերկրիի վրա, արեգակի խավարումը, ինչպես նաև՝ 1037-ին Եդեսիայի գրավումը և արեգակի կրկնված խավարումը կապում է Հովհաննես Կոզեռնի տեսիլքում պատմվող նեռի մոտալուտ գալստյան հետ: Մատնանշելով 1033-ի (Քրիստոսի խաչելության հազարամյակին) հունիսի 29-ին՝ ուրբաթ օրը տեղի ունեցած արեգակի խավարումը, XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին նկատում է, թե գիտնականներից շատերի կարծիքով, դա ազդարարն էր նեռի ծննդյան կամ կանխանշանը մեծամեծ չարիքների («Պատմութիւն», 1963,էջ 49): Նույն բովանդակությամբ նկարագրություն առկա է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցու Պատմության մեջ («Պատմութիւն Հայոց», 1860, էջ 58):
Քյոսեյան Հ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Իգնատիոս Աստուածազգեաց,Թուղթք, ԿՊ, 1783, էջ 100:
Կյուրեղ Երուսաղեմացի, Կոչումն ընծայութեան, Վնն., 1832, էջ 318:
Եփրեմ Խուրի Ասորի, Մատենագրութիւնք, հ.3, Վնտ., 1836, էջ 34, 35:
Եվսեբիոս Կեսարացի, Պատմութիւն եկեղեցւոյ,Վնտ., 1877, էջ 435:
Մատենագրութիւնք Եւթաղի, աշխատասիր. Ա. Վարդանյանի, Վնն., 1930, էջ 143:
Պատմութիւն սրբոյն Ներսէսի Պարթեւի, տես «Սոփերք հայկականք», հ. 6, Վնտ., 1853:
Գրիգոր Տաթեվացի, Քարոզգիրք.Ամառան հատոր, ԿՊ, 1741, էջ 609–613:
Ավետիքյան Գ., Մեկնութիւն չորեքտասան թղթոց երանելոյն Պօղոսի առաքելւոյ, հ. 2, Վնտ., 1811, էջ 885:
Ալիշան Ղ., Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895, էջ 332:
Ավդալբեգյան Թ., Միհրը հայոց մէջ, Վնն., 1929, էջ 149–159:
Ակինյան Ն., Նեռն, ՀԱ, 1929, էջ 703–704:
Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957, էջ 19–20:
Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 144–151:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am