ՆԵՐԲՈՂ, փոքրածավալ սրբախոսական գրականության ժանր: Հայ միջնադարյան գրականության մեջ սկզբնավորվել է V դ., հանդես եկել թեմատիկ կառուցվածքային ոճաարտահայտչական այն հատկանիշներով, որոնք արդեն մշակվել էին քրիստոնեական առաջին դարերի բյուզանդական գրականության մեջ: Ներբողի, իբրև գրական ժանրի, տեսական սահմանումը և նրա հատկանիշների բնութագրումը տրվել է «Պիտոյից գրքում», որը բովանդակում է անտիկ ճարտասանության հիմնական դրույթները: Գրքի թարգմանությունը, ինչպես և առանձին մասերի հեղինակությունը, վերագրվում է Մովսես Խորենացուն. «Ներբողեան է բան արտադրական եղելոց բարեաց...»,– ասված է գրքում: Այստեղ առկա է ներբողի էական հատկանիշների ըմբռնումը. ներբող բարի գործերի, առաքինության գովերգությունն է: Ներբողի սահմանումը առավել հստակ է Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց» ձեռնարկում, որը նույնպես հայերեն է թարգմանվել V դ.: Ըստ նրա, ներբողն այն խոսքն է, որը ցույց է տալիս որոշակի անձանց մեծությունը` նրանց առաքինի գործերով և այլ բարի հատկանիշներով: Այս միտքը անվերապահորեն ընկալելի է եղել հայ միջնադարյան գրականության մեջ: Ներբող հյուսելու կարգ ու կանոնները լայնորեն կիրառվել են վարքերի, ճառերի, գովեստների, անգամ պատմագրության մեջ:

Անտիկ աշխարհում  ներբողի նյութը մարդն էր, երկրայինը, մինչդեռ քրիստոնեության դարում նահատակներն ու սրբերն էին, կրոնական սրբություններն ու եկեղեցական տոները, մարդու բարեպաշտությունն ու հոգևոր սխրանքը: Էական տարբերությունը, սակայն, թեմատիկան չէ, այլ գաղափարական մեկնակետն ու գեղարվեստական մարմնավորումը: Հայ ներբողագրությունը բացառապես տոգորված է քրիստոնեական աշխարհայեցողությամբ: Ելնելով ներբողների բովանդակակիր տարրերի հիմնական հատկանիշներից՝  մատենագրության մեջ տարբերակվում են վարքագրական, դամբանօրհներգական և այլ ներբողներ: Բյուզանդական գրականությունը հարուստ է ներբողական վարքերով, որոնց զգալի մասը նույնպես թարգմանվել է հայերեն: Դա նպաստել է հայ վարքագրության ձևավորմանն ու նրա ուրույն գծերի մշակմանը: Ներբողական վարքի դասական օրինակ է Հովհան Ոսկեբերանի՝  Գրիգոր Լուսավորչին նվիրած գրվածքը, որը խոր հետք է թողել հայ միջնադարյան ներբողագրության վրա: Ներբողն ունի երեք կայուն հատկանիշ՝ նախաբան, բուն նյութ և վերջաբան: Հայ ներբողագրության մեջ վերջաբանին հատուկ է ընդգծված ազգային երանգը: Պահպանելով իրենց կրոնաուսուցողական  նշանակությունը և պաշտպանելով քրիստոնեական վարդապետության գաղափարները՝  հայ միջնադարյան գրականության զարգացման առաջին շրջանի (V–X դդ.) ներբողներում, անկախ դրանց տեսակից, կենսական ճշմարտությունները բացահայտվել են նյութի քրիստ. մեկնաբանման և հեթանոսության հետ նրա ունեցած հարաբերության, պայքարի և հակադրության ձևով:

Ներբողելի անձի համար ոչինչ էր երկրային փառքը, աշխարհայինը, էականը Քրիստոսի իդեալն էր, հոգով անմահանալը: Որոշ վերապահումներով հայ առաջին ներբողական գրվածքը պետք է համարել Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը: Հայ ներբողագրության գլխավոր  հերոսը Գրիգոր Լուսավորիչն է: Նրան նվիրված ներբողներ են գրվել հայ գրականության զարգացման բոլոր դարերում. հայտնի են Գրիգոր Սարկավագապետը (VI դ.), Հովհաննես Երզնկացին (XIII դ.), Առաքել Սյունեցին (XIV–XV դդ.), Բաղդասար Դպիրը (XVII–XVIII դդ.) և այլք: Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված ներբողներից լավագույնը բյուզանդական գրականության մեջ Հովհան Ոսկեբերանինն է, հայ գրականության մեջ՝  Հովհաննես Երզնկացունը (Պլուզ):

Քրիստոնեության հաստատման և կռապաշտության մերժման պայքարի գաղափարն արտահայտվել է Մովսես Խորենացու՝  ս. Հռիփսիմե կույսին ու նրա ընկերուհիներին նվիրած ներբողում: Հանուն նոր հավատի կյանքը զոհաբերելու, մարմնական տանջանքներն արհամարհելու և նահատակի լուսապսակի արժանանալու այս օրհներգությունը, ըստ էության, տարփողում է գիտակցական մահով անմահանալու գաղափարը: Հեթանոսության դեմ պայքարն արտացոլվել է նաև խաչին, եկեղեցուն, Ծաղկազարդի, Վարդավառի և այլ տոների նվիրված ներբողներում: Ներբողի հերոսի գերագույն բաղձանքն է մերձենալ, հաղորդվել, նմանվել Աստվածորդուն՝  մահից հետո հոգով նրա մեջ անմահանալու համար: Արտաքին գեղեցկությունը դիտվել է որպես հոգևոր, ներքին գեղեցկության տեսանելի արտահայտություն: Հերոսի արտաքին գեղեցկության ներբողման այս յուրահատկությունն առանձնապես վառ է արտահայտվել Հովհաննես Գ Օձնեցու՝  Հռիփսիմե կույսի գեղեցկության դրվագման մեջ: Հեղինակն իր խնդիրն է համարել նկարագրել Հռիփսիմեի գեղեցկությունը «ըստ ներքին մարդոյն, որ երկնային թագավորին է հաճելի»:

Ներբողական գրականության զարգացման գործում մեծ է Գրիգոր Նարեկացու ավանդը:

Քնարականությունից բացի նրա ներբողներին բնորոշ է խոհաիմաստասիրական երանգը: Հակոբ Մծբնացի հայրապետին նվիրած վարքագրական ներբողում Գրիգոր Նարեկացին աշխարհը համարել է մի ծով, որը ծփում է ոչ թե ջրեղեն ալիքներով, այլ մեղքերից պղտոր՝ զանազան պատահարներով, ուր անվերջ բախվում են ներհակ զգացումները: Գրիգոր Նարեկացուն հատուկ է բնության կենդանի զգացողությունը, նա տալիս է նաև բնության անձնավորման օրինակներ: Բնության գեղեցկության գովքը, սակայն, ներբողներում նպատակ չէ, այլ միջոց՝  հոգևոր նշանակության դիտանկյունից կրոնական մտքեր և զգացումներ արտահայտելու համար: Իր ներբողներում բնության երևույթների պատկերմանը մեծ տեղ է տվել Մովսես Խորենացին: Նրա «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» ներբողը համակված է լույսի ու արևի, ջրի ու ծաղկի հին պաշտամունքի ցնծությամբ:

Հայ գրականության զարգացման նոր շրջանում (XI–XVII դդ.) վերելք ապրելով՝ ներբողագրությունը հատկապես իր բարձունքին է հասել XIII դ.: Ներբողագրության զարգացմանը նպաստել է Գրիգոր Բ Վկայասերի, Ներսես Շնորհալու և ուր. թարգմանական գործունեու թյունը: Թարգմանվել են քրիստոնեական եկեղեցու հայրերի վարքերը, ներբողները, ճառերը: Նոր թափ է ստացել կրոնաուսուցողական ներբողագրությունը:

Աստվածածին Կույսին նվիրված ներբող է գրել Մխիթար Սեբաստացին, ս. Խաչին նվիրված՝  Հովհան Վանանդեցին: Ստեղծվել են նաև Ս. Էջմիածնին ձոնված գովերգեր, որոնց բնորոշ էր հայրենասիր. շունչը, Հայ առաքելական եկեղեցու ազգապահպան դերի դրվատումը:

Առավել հարուստ ու բազմազան էին դառնում ներբողական վարքերը, որոնց մի մասն ուներ պատմական բնույթ: Գեղարվեստական առումով դրանք արձակ ու չափածո գովասանություններ էին՝  նվիրված անցյալի ու ներկայի կրոն. ու մշակութային գործիչներին: Պատական արձակ ներբողների մեջ առանձնանում են Կարապետ Սյունեցու՝  Մեսրոպ Մաշտոցին և Վարդան Արևելցու՝  Մեսրոպ Մաշտոցին, գրերի գյուտին, Սահակ Ա Պարթևին, Հովհաննես Գ Օձնեցուն, Գրիգոր Բ Վկայասերին և թարգմանիչներին նվիրված նները: Ներբողական վարքերը ձեռք են բերել ոչ միայն պատմ. սկզբնաղբյուրի արժեք, այլև գեղարվեստական նոր որակ: Գաղափարական աշխարհայացքային առումով արդեն նկատվում էր չարիքի, աղետի պատճառները իրականության և ոչ թե քրիստոնեական նախաստեղծ մեղքի կամ զուտ բարոյական մոլորությունների մեջ փնտրելու միտումը: Բարոյական վերածնության, կատարելագործման պահանջներից բացի ավելի որոշակի է արտահայտվել քաղաքական ազատության, ժողովրդի անկախության, ազգային  միասնության գաղափարը: Հայ ներբողագրությունը տոգորված է քրիստոնեական  վարդապետության կրոնական աշխարհայեցողությամբ: Կրոնասիրությունը, սակայն, ինքնանպատակ չէ: Հայ իրականության մեջ այն հայրենասիրության, ազգ. ինքնուրույնության ու ինքնատիպության արտահայտություն է:


                                                                             Ղազինյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Գրիգոր Նարեկացի, Մատենագրութիւնք, Վնտ., 1840: 

Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Ե., 1991: 

Ղազինյան Ա., Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ, «Էջմիածին»,  1984, դ 6, 10: 

Վարդան Արեվելցի, Ճառք, ներբողեանք, աշխատասիր. Հ. Քյոսեյանի, Ե., 2000:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am