Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ներսես Բ Բագրևանդցի

 ՆԵՐՍԵՍ Բ ԲԱԳՐԵՎԱՆԴՑԻ, Ներսես Բ Աշտարակեցի [ծ. թ. անհտ, գ. Աշտարակք (Բագրեվանդ գավառ) – 557], Ամենայն հայոց կաթողիկոս 548-ից: Հաջորդել է Ղևոնդ Ա Եռաստեցուն: Գահակալման առաջին տարիներին ուժեղացել էին Հայ եկեղեցու հանդեպ պարսից պաշտոնյաների կիրառած կրոնական  հալածանքները: Ըստ Ստեփանոս Տարոնեցու, Ներսես Բ Բագրեվանդցու հորդորով Պարսից արքունիքը հետ է կանչել Հայաստանի մարզպան Դենշապուհ Նիխորականին (548–552), որը փորձել է բռնությամբ դավանափոխել հայերին: Նոր մարզպան Վահրամ Վշնասպը հրահանգ է ստացել վարել մեղմ քաղաքականություն և մոգերին թույլ չտալ բռնի կրոնափոխել հայերին: VI դ. կեսին աճել էր Հայ եկեղեցու հեղինակությունն ու ազդեցությունը քաղկեդոնականությունը մերժած Արևելյան եկեղեցիների շրջանում, որոնք սկսել էին ապավինել Հայ եկեղեցու՝ որպես ուղղափառության պատվարի, հովանավորությանը քաղկեդոնականության և նեստորականության դեմ պայքարում: Իսկ Պարսից արքա Խոսրով Անուշիրվանը, ելնելով իր քաղաքական շահերից, հաշվի է առել մեծ հեղինակություն վայելող Հայ եկեղեցու դավան. կողմնորոշման հակաբյուզանդական ուղղվածությունը և իր են հպատակ քրիստոնյա եկեղեցիներից առաջնությունը վերապահել Հայ եկեղեցուն: Ներսես Բ Բագրեվանդցին, օգտվելով եկեղեցաքաղաքական նպաստավոր հանգամանքներից, ավելի է թուլացրել Հայ եկեղեցու համար մեծ վտանգ ներկայացնող և նախկինում պարսից հովանավորությունը վայելող նեստորականության դիրքերը՝ իր պաշտպանության ներքո առնելով դավանակից ուղղափառ (հակասևերյան, հականեստորական) ասորիներին: Նեստորական եկեղեցին հրաժարվել է հայերի հովանավորությունը վայելող ուղղափառ ասորիների հետ ունեցած հակամարտությունը վերարծարծելուց: Ներսես Բ Բագրեվանդցին  ուղղափառ ասորիների համար եպիսկոպոս է ձեռնադրել Աբդիշոյին, որի թեմը ենթարկվել է Հայ եկեղեցուն: «Գիրք թղթոց»-ում պահպանվել է Աբդիշոյի նամակը Ներսես Բ Բագրեվանդցուն և Տարոնի ու Մամիկոնեից Մերշապուհ եպիսկոպոսին: Թղթում ուղղափառ ասորիները գրել են, որ հալածվում են իրենց հավատքի համար և խնդրում, որ Հայ եկեղեցին հաստատի իրենց դավանությունը՝ որպես ուղղափառ դավանություն, և իր հեղինակությամբ պաշտպանի իրենց հակառակորդներից: Ասորիները թղթում նզովել են Քաղկեդոնի ժողովը, Լևոնի տոմարը, Եվտիքեսին (տես Եվտիքականություն), Արիոսին (տես Արիոսականություն),մերժել նաև ապականության սևերյան վարդապետությունը (տես Անապականություն): Հայոց կաթողիկոսը պատասխան թղթով ճշմարիտ և ուղղափառ է ճանաչել նրանց հավատքը:

Ներսես Բ Բագրեվանդցու կարևորագույն ձեռնարկումը 554-ի Դվինի երկրորդ ժողովի գումարումն էր (տես Դվինի եկեղեցական ժողովներ), որը շրջադարձային նշանակություն է ունեցել Հայոց հոգևոր-եկեղեցական., հասարակական-քաղաքական կյանքում:

Ժողովը, որին մասնակցել են նաև ասորիները «Աբդիշոյ Ասորեաց ուղղափառաց եպիսկոպոսի» գլխավորությամբ, ընդունել է «Ուխտ միաբանութեան Հայոց աշխարհիս» թուղթը, որտեղ հիշատակվել են միայն երեք տիեզերական ժողովներ, նզովվել նեստորականությունը, մծղնեից աղանդը (տես Մծղնեություն): Համաձայն տիրող կարծիքի և աղբյուրների վկայության, Դվինի 554-ի ժողովը պաշտոնապես նզովել է Քաղկեդոնը, և Դվինի ժողովից է սկսվել Հայ և բյուզանդական եկեղեցիների պաշտոնական բաժանումը: Ժողովում որոշվել է նաև «Սուրբ Աստված» («Երգ երեքսրբենիի») սրբասացությունը «խաչեցարով» երգել, ինչպես նաև քննվել է Հայոց Մեծ թվականի սկզբնավորման հարցը, որը պաշտոնապես ընդունվել է 584-ին՝ Մովսես Բ Եղիվարդեցու օրոք: Ստեփանոս Տարոնեցու հավաստմամբ՝ Հայ և Հույն եկեղեցիների միմյանցից սահմանազատվելն այն աստիճան նշանավոր իրողություն էր, որ այդ տարվանից (554) հայերը սկզբնավորել են իրենց ազգային թվականությունը՝ «կարգեցին զթուականն Հայոց» որով Հայ եկեղեցին կարող էր ստեղծել նաև ինքնուրույն Տոնացույց և ծիսակարգ: Ժողովում ընդունվել են 87 բարենորոգչական կանոններ, որոնք «Կանոնագիրք Հայոց» են մտել «Կանոնք Ներսէսի կաթողիկոսի եւ Ներշապհոյ Մամիկոնէից եպիսկոպոսի» անունով: Ներսես Բ Բագրեվանդցուց պահպանվել է ևս մեկ թուղթ՝ գրված Դվինի ժողովից հետո, ուղղված Արծրունյաց և Մարդպետական (Սեպհական) եպիսկոպոսներին: Թղթում Հայոց կաթողիկոսը հիշեցնում է նեստորականության դեմ Դվինի եկեղեցաժողովի որոշումները և հանձնարարում խստությամբ ու ճշտորեն գործադրել դրանք: Մուշեղ Բագրատունի իշխանի խնդրանքով Ներսես Բ Բագրեվանդցին  գրել է «Թուղթ հաւատոյ» գրությունը, որը չի պահպանվել:

Կաթողիկոսական  գահին Ներսես Բ Բագրեվանդցուն հաջորդել է Հովհաննես Բ Գաբեղենցին:

                                                                                        Ղազարյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: 

Տեր - Մին ա սյ ան Ե., Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908: 

Օրմանյ ան Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am