Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Ներսես Ե Աշտարակեցի

 ՆԵՐՍԵՍ Ե ԱՇՏԱՐԱԿԵՑԻ (13.2.1770, Աշտարակ – 13.2.1857, Վաղարշապատ), Ամենայն հայոց կաթողիկոս 1843-ից, ազգային-ազատագրական շարժման գործիչ: Հաջորդել է Հովհաննես Ը Կարբեցուն: Սովորել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում: Երևանյան առաջին արշավանքի ժամանակ (1804) օգնել է ռուսական զորքերին:

1814-ին նշանակվելով Վրաստանի հայոց հոգևոր թեմի առաջնորդ՝ ծավալել է տնտեսական և կրթական գործունեություն, Թիֆլիսում հիմնադրել (1824) Ներսիսյան դպրոցը: 1826-ի ռուս-պարսկական  պատերազմի ժամանակ կազմակերպել է հայկական կամավոր. խմբեր, անձամբ մասնակցել Երևանի, Էջմիածնի, Սարդարապատի ազատագրմանը: Երևանի գրավումից հետո նշանակվել է երկրամասի ժամանակավոր վարչության անդամ, պարգևատրվել Ալեքսանդր Նևսկու շքանշանով (1828): Նշանակալից դեր է կատարել Պարսկաստանից հայերի ներգաղթի կազմակերպման գործում: Ռուսաստանի հովանավորության ներքո հայկ. ինքնավարություն ստեղծելու՝ Ներսես արք. Աշտարակեցու ձգտումները շուտով հարուցել են ցար. կառավարության դժգոհությունը, և նա հեռացվել է Անդրկովկասից՝ նշանակվելով Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի հայոց թեմի առաջնորդ (1828): Ընտրվելով կաթողիկոս՝ Ներսես Ե Աշտարակեցին վերադարձել է Էջմիածին, դիմադրել Հայ եկեղեցու նկատմամբ ցարական կառավարության ոտնձգություններին, զբաղվել հասարակական, կրթական և շինարարական գործունեությամբ: Նրա ջանքերով կարգավորվել են Մայր աթոռի և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հարաբերությունները: 1840-ական թթ. կեսից ավելի շատ զբաղվել է տնտ. գործունեությամբ:

Նրա առաջնահերթ նպատակն է դարձել վերականգնել կաթողիկոսի՝ «Պոլոժենիե» -ով ոտնահարված իրավունքները: Դրա համար հարկ էր կայունացնել Հայ եկեղեցու տնտեսական վիճակը (պատահական չէ, որ «Պոլոժենիե»-ն ծրագրելիս ցարական  կառավարությունը ամեն կերպ ջանացել էր Հայ եկեղեցուն զրկել իր եկամտի աղբյուրներից): Ներսես Ե Աշտարակեցու գահակալությունը եղել է անզիջում պայքար Հայ եկեղեցու ազգային-ավանդական կարգի պահպանման համար, և այդ պայքարում կաթողիկոսը հաճախ է անտեսել «Պոլոժենիե»-ն և գործել ինքնուրույն: Իր ձեռքում կենտրոնացնելով եկեղեական ողջ իշխանությունը՝ Ներսես Ե Աշտարակեցին  չի համալրել Սինոդի կազմը, ամլության է մատնել նրա գործունեությունը՝ չհաստատելով Սինոդի արձանագրությունները: Թեմերում իր նշանակած ներկայացուցիչների միջոցով սահմանափակել է թեմակալ առաջնորդների իրավունքները և աչալրջորեն վերահսկել աթոռապատկան եկամուտները:

Չբավարարվելով այդ ամենով՝ կազմել է տվել Հայ եկեղեցու նոր կանոնադրություն, որով Հայ եկեղեցու գործերի վարչությունը կենտրոնացվել է կաթողիկոսի ձեռքում: Իր հիմքում ունենալով Հայ եկեղեցու ավանդ. կարգը, այն իրենից ներկայացրել է «Պոլոժենիե»-ին բոլորովին հակադիր մի կանոնադրություն: Այդ պատճառով Ներսես Ե Աշտարակեցին այն չի ներկայացրել ցար. կառավարության հաստատմանը՝ քաջ գիտակցելով, որ վերջինս հավանություն չի տալու դրան, սակայն գործել է համաձայն Հայ եկեղեցու կանոնադրության իր տարբերակի: Դրանով նա ի չիք է դարձրել ցարական կառավարության հետապնդած նպատակները: Կաթողիկոսը, շատ շուտ հասու լինելով ցարիզմի իրական նպատակներին և ազատվելով Ռուսաստանի հովանավորության ներքո հայկական ինքնավարություն ստեղծելու պատրանքներից, իր տիրական ձեռքով ուղղություն է տվել ազգային-պահպանողական մի հոսանքի, որի խնդիրն ամենից առաջ Հայ եկեղեցու ազգային ոգու և ավանդական կարգի պահպանումն էր:

Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Ե Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը հայ ժողովրդի և տվյալ տերության (Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան) փոխհարաբերությունների մասին էր: Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը:

Կաթողիկոական  գահին Ներսես Ե Աշտարակեցուն հաջորդել է Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին:

 

                                                                                   Ալեքսանյան Կ.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Երիցյան Ա., Ամենայն հայոց կաթողիկոսութիւնը և Կովկասի Հայք XIX դարում, հ. 1–2, Թ., 1894–95: 

Նույնի, Նիւթեր Ներսէս Ե-ի կենսագրութեան համար, Թ., 1877: 

Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 3, Երուսաղեմ, 1927: 

Պարսամյան Վ., Գրիբոյեդովը և հայ-ռուսական հարաբերությունները, Ե., 1947:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am