ՆԵՐՍԵՍ ՄՈԿԱՑԻ, Վանեցի , Բեղլու [մոտ 1575, գ. Հասկնջավ (Մոկք գավառ) – 1625, Վանա լճի Լիմ կղզի], բանաստեղծական կրթական-լուսավորական գործիչ, փիլիսոփա: Մշո Ս. Առաքելոց վանքի «Հարանց վարք»-ի հիշատակարանում ասվում է, թե 1609-ին Ներսես Մոկացին եղել է Երուսաղեմի Ս. Բարդուղիմեոս վանքում, այդտեղ էլ Բարսեղ Գավառացուց ստացել վարդապետ. աստիճան: Իր կրթության, դաստիարակության և հասարակական գործունեության ամբողջ ժամանակը Ներսես Մոկացին անցկացրել է վանական միաբանությունների և դպրոցների միջավայրում: Նրա գործունեությունը կապված է Բաղեշի Ամրդոլու վանքի, Սյունյաց Մեծ անապատի և Լիմ կղզու միաբանության հետ, որի հիմնադիրն է (1621) ինքը: Ավանդել է արտաքին գիտություններ:
Ներսես Մոկացին ստեղծագործությունը կարելի է բաժանել 3 խմբի՝ պատմական, հոգու և մարմնի փոխհարաբերության, ավանդական-առասպելական: Պատական երկերում հեղինակը հաղորդում է այնպիսի փաստեր, որոնք չկան այլ աղբյուրներում: Այդպիսին է «Օրհնեալ տէր Յիսուս Փրկիչ» տողով սկսվող ներբողը, որը նվիրված է Սյունյաց Մեծ անապատի հիմնադրմանն ու հիմնադիրներին: Մի այլ գանձում պատկերել է Անդրեաս քահանայի նահատակությունը՝ շահ Աբբասի հրամանով (1617): «Ի հոլովել ժամանակին» տողով սկսվող ողբում նկարագրել է Սալահ ադ Դինի կողմից Երուսաղեմի գրավումը (1187): Ներսես Մոկացու փիլիսոփայական հայացքները դրսևորվել են «Մանուկ մտավարժ էի...» և «Վիճաբանություն երկնի և երկրի» այլաբանական բանաստեղծությունների մեջ:
«Մանուկ մտավարժ էի...» բանաստեղծությունում առկա են հեղինակի անձնական կյանքին վերաբերող որոշ տեղեկություններ: Տաղում Ներսես Մոկացին ձաղկել է մարդկային իրականության արատավոր երևույթները: «Վիճաբանություն երկնի և երկրի» բանաստեղծության մեջ պատկերել է հոգու և մարմնի պայքարը:
Ներսես Մոկացու «Ներբողեան վիպասանական ի փոխումն Աստուածածին կուսին...» ընդարձակ քերթվածը՝ 100 տուն, գրվել է Երուսաղեմում. մնացած 300 տունը շարունակել է նրա աշակերտը՝ Ստեփանոս Շատախեցին: Այս ներբողյանը նվիրված է Աստվածածնի վերափոխմանը և Բարդուղիմեոս առաքյալի՝ Հայաստանում քրիստոնեություն տարածելուն: Այն յուրատեսակ գովք է՝ քրիստոնեության հաղթարշավի, աշխարհին օծյալ Փրկիչ պարգևող, ախտերը բուժող Աստվածամոր, նաև նոր, առաջադեմ գաղափարների՝ ընդդեմ հեթանոսական առասպելաբանության, կռապաշտության ու արատավոր սովորույթների:
Դոլուխանյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Բանաստեղծություններ, Ե., 1985:
Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901:
Ակինյան Ն., Բաղեշի դպրոցը, Վնն., 1952:
Մնացականյան Ա., Հայկական միջնադարյան ժողովրդական երգեր, Ե., 1956:
Խաչատրյան Պ., Հայ միջնադարյան պատմական ողբեր, Ե., 1969:
Լեո, Երկ.ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am