ՆԵՐՍԵՍ ՄՇԵՑԻ, Տարոնացի (XIII դ. սկիզբ, Մուշ – 1284, Աղբերց վանք), մանկավարժ, րաբունապետ, գրիչ: Ուսանել, ապա պաշտոնավարել է Մշո Ս. Առաքելոց վանքի դպրոցում: Կատարելագործվել է Վարդան Արևելցու հիմնադրած (1255) Խոր վիրապի վանքի վարդապետարանում, աշակերտել նրան: Ներսես Մշեցին կատարելապես տիրապետել է հունարենին և լատիներենին: Վարդան Արևելցու մահից (1271) հետո դարձել է րաբունապետ և վարդապետարանը Խոր վիրապից տեղափոխել Մշո Ս. Առաքելոց վանք: Երկրում տիրող բարդ իրավիճակի պատճառով 1281-ին դպրոցը ժամանակավորապես փակել է և, ապահովության համար, Ն. Մ. Եսայի Նշեցու հետ մեկնել է Մեծոփավանքի դպրոց, իսկ 1282-ին՝ Վայոց ձոր: Պռոշյան իշխանական տունը նրան է տրամադրել Աղբերց վանքը, որտեղ Ներսես Մշեցին., հավաքելով իր աշակերտներին, շարունակել է ուսուցումը:
Որոշ ժամանակ անց րաբունապետ է կարգել Եսայի Նշեցուն: Ներսես Մշեցու մահից հետո դպրոցը շարունակել է գործել և ճանաչվել է որպես Գլաձորի համալսարան:
Մաթևոսյան Ա.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am