ՆԵՍՏՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, հերետիկոսական ուսմունք, ըստ որի՝ Քրիստոսն ունի երկու բնություն և երկու անձ, ի տարբերություն ուղղափառ վարդապետության, որը մեկ միավորյալ բնություն և մեկ անձ է ընդունում Քրիստոսի մեջ: Ուսմունքը կոչվում է Կ. Պոլսի պատրիարք Նեստորի (428–431) անունով:
Նեստորականության գաղափարական ակունքները գալիս են անտիոքյան (տես Անտիոք) քրիստոսաբանության մեջ տեղ գտած մոլորություններից, որոնք հետևանք էին ապողինարիզմի դեմ պայքարի չափազանցությունների: Ապողինարիզմին հակադիր այս ծայրահեղության գաղափարախոսներ են համարվում Դիոդորոս Տարսոնացին և հատկապես՝ Թեոդորոս Մոպսուեստացին, որոնք հետագայում ճանաչվել են նեստորականության նախակարապետներ: Նրանք Քրիստոսին չափազանց մոտեցնում էին «սովորական մարդկանց» ակնհայտորեն սխալ մարդաբանական շեշտադրումներ կատարելով Աստվածամարդու խորհրդի մեկնաբանության մեջ: Ի վերջո, ողջ Անտիոքյան դպրոցը գայթակղվել է մարդապաշտությամբ (հումանիզմ), և այս գայթակղությունից դուրս է սողոսկել նեստորականությունը:
Նեստորը չուներ համակարգված աստվածաբանական հայացքներ, սակայն որպես քարոզիչ օժտված էր խոսքի շնորհով: Միայն արտաքին պատմական հանգամանքներն են մղել նրան աստվածաբանական շարժումների կենտրոն և ամենից առավել՝ այն փաստը, որ նա Կ. Պոլսի արքեպիսկոպոսն էր: Այդ իսկ պատճառով նրա խոսքերը հնչում էին իշխանությամբ և տարածվում ամենուր:
Նեստորը ելնում էր այն բանից, որ Քրիստոսի մեջ Աստվածությունը և մարդկությունը գոյություն ունեն յուրաքանչյուրն իր հատկության, անձնավորության և էության մեջ, և մարդկությունը Քրիստոսի մեջ այնքան լիարժեք է, որ կարող է ինքնուրույն ապրել ու զարգանալ: Նա ընդունում էր «երկու բնություն», և սա նրա համար փաստորեն նշանակում էր «երկու դեմք», թեպետև նա գործածում էր «միացության դեմք» արհեստական եզրը: Նեստորը, բաժանելով Քրիստոսին «երկու բնությունների», միացնում էր նրանց «խոնարհման» մեջ:
Ըստ Նեստորի՝ Քրիստոսի մեջ Աստված երբեք չի գործել առանց մարդու: Սակայն, նախ և առաջ սա կամային միացում է, միացում է սիրո մեջ: Նրա համար մարմնավորման ողջ իմաստը սպառվում է կամքի և ներգործության միությամբ: Եվ հենց այս միությունն է Նեստորի համար նշանակում «միացության դեմք»: Այդ միությունը նա սահմանում է որպես «կերպարների փոխադարձ գործածություն»: Աստվածությունը օգտվում էր մարդկային դեմքից, իսկ մարդը՝ աստվածային դեմքից. այս իմաստով Նեստորի համար գոյություն ուներ «միացության դեմքը»: Այս միությունը նրա համար զարգացող միություն է. կատարյալ միավորմանը նախորդում է ճգնությունների և պայքարի ժամանակը, երբ դեռ Օծյալը ժառանգության և իշխանության իրավունք չուներ, երբ դեռ կրքերը չէին հաղթահարվել ևն: Քրիստոսը դեռ հրաշքներ չէր գործում, ուսուցանելու իշխանություն չուներ, այլ միայն ենթարկվում էր և կատարում պատվիրանը: Միայն Հովհաննես Մկրտչի կողմից մկրտվելուց և անապատում փորձվելուց հետո, հոգով բարձրանալով առ Աստված, իր կամքը համաձայնեցնում է նրա կամքի հետ և իր հաղթանակի համար պարգև ստանում՝ քարոզելու և ավետարանելու երկնքի արքայությունը: Նեստորը Քրիստոսի մեջ ուրիշ ոչինչ չէր տեսնում, բացի մարդկային ճիգերից, որոնց միջոցով իր վրա էր հրավիրում Աստծո բարեհաճությունը: Հատկանշական է, որ Նեստորը հակադրում էր Բան Աստված և Քրիստոս անունները: Նա խուսափում էր Քրիստոսին անվանել Մարմնացյալ Բան, այլ սահմանափակվում էր Էմմանուել՝ «մեզ հետ է Աստված» անվամբ: Աստվածածին անվան ժխտումն անհր աժեշտորեն հետևում էր Նեստորի ենթադրություններից: Դրան նա հակադրում էր Քրիստոսածին անունը, որը ցույց էր տալիս այն բնությունը, որով ծնեց նրան Մարիամը:
Նեստորականության դեմ պայքարելիս պարզվել է այն ժամանակվա քրիստոսաբանական լեզվի ողջ անհստակությունը: Սակայն ճիշտ չէ Նեստորի բոլոր սխալներն ու անճշտությունները վերագրել նրա աստվածաբաական և մեկնողական լեզվի անհստակությանը, աստվածաբանական ըմբռնումների անորոշակիությանը, ընդհանուր և առանձնահատուկ անունները շփոթելուն: Նեստորի մոլորությունը գալիս է նրա մարդաբանական ենթադրություններից, Քրիստոսի խորհուրդի սխալ ընկալումից:
Նեստորի գլխավոր գրություններն իր նամակներն ու քարոզներն են, որոնք մասամբ են պահպանվել: 1895-ին հայտնաբերվել և ապա 1910-ին հրատարակվել է Նեստորի ջատագովության ասորերեն բնագիրը՝ «Հերկլիդեսի գիրքը» վերնագրով: Այսպիսի վերնագրի ընտրությունը հավանաբար պայմանավորված էր գրվածքի ոչնչացման վտանգով, և դա պատահական չէր, քանի որ այդ գրության, ինչպես նաև Նեստորի բոլոր գործերի հունարեն բնագրերն անհետացել են:
Նեստորի աղանդի դեմ եկեղեցին լարված պայքար է ծավալել, որը գլխավորել է Կյուրեղ Ալեքսանդրացին: 431-ի Եփեսոսի Գ տիեզերական ժողովը նզովել է Նեստորին և նրա հետևորդներին: Աթոռազրկված Նեստորին Եփեսոսի ժողովից հետո թույլատրվել է վերադառնալ Անտիոքին մոտ գտնվող մի վանք, իսկ 435-ին աքսորվել է Եգիպտոս:
Հայտնի է, որ բյուզանդական Մարկիանոս կայսրը հրավիրել է նրան մասնակցելու Քաղկեդոնի ժողովին, սակայն ճանապարհին մահացել է: Եփեսոսի ժողովից անմիջապես հետո Կյուրեղ Ալեքսանդրացին ձեռնամուխ է եղել Նեստորի նախորդների քրիստոսաբանական հայացքների քննադատությանը և վերլուծմանը:
Եփեսոսի ժողովից հետո Նեստորի համախոհ մի շարք եպիսկոպոսներ հիմնել են առանձին Նեստորական եկեղեցի, որի կենտրոնը Պարսկաստանում էր: Նեստորականները Եդեսիայում հիմնել են իրենց նշանավոր աստվածաբանական դպրոցը: Սակայն հականեստորական տրամադրությունների սրման պատճառով նրանք Եդեսիայից (դպրոցը փակվել է 489-ին՝ բյուզանդական Զենոն կայսրի հրամանով) տեղափոխվել են Պարսկաստան: 499-ի Սելևկիայի ժողովում նեստորականությունը հռչակվել է Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոն. դավանանք: Մծբինը դարձել է նեստորական մշակույթի կարևորագույն կենտրոնը. այնտեղ հիմնված աստվածաբան. դպրոցը փոխարինել է Եդեսիայի դպրոցին: Նեստորականները բավականին մեծ քարոզչական գործունեություն են ծավալել ամբողջ Արևելքում.
Նեստորականությունը տարածվել է Արաբիայում, Միջին Ասիայում՝ հասնելով մինչև Հնդկաստան և անգամ՝ Չինաստան: Արաբ. տիրապետության շրջանում նեստորականությունը մեծ ծաղկում է ապրել: XIII դ. նեստորական պատրիարքության ենթակայության տակ կար 25 մետրոպոլիտություն և 150 եպիսկոպոսական թեմ: Այս ժամանակներից էլ սկսվել է նեստորականություն անկումը: Մոնղոլական արշավանքները կործանարար են դարձել ոչ միայն խալիֆայության, այլև Նեստորական եկեղեցու համար. մազապուրծ եղած նեստորականները քաշվել են Քրդստանի անմատույց լեռները:
XVI դ. սկզբից բնակություն են հաստատել Ասորիքում և Միջագետքում՝ ընդունելով թուրքական հպատակություն, ինչը խիստ անբարենպաստ է եղել նրանց համար, և նրանք հովանավորություն են փնտրել Արևմուտքում:
Նեստորականների մի մասը միացել է Հռոմի եկեղեցուն (քաղդեացիներ), մի փոքր մաս էլ՝ 1898-ին Ռուս ուղղափառ եկեղեցուն: Նեստորականները (կոչվում են ասորիներ) ներկայումս ապրում են հիմնականում Իրաքում, Իրանում և Սիրիայում: Նրանց թիվը կազմում է 175 հզ. (ներառյալ ԱՄՆ գաղթածները): Հոգևոր կենտրոնը Իրաքում է, առաջնորդն է պատրիարքը (կոչվում է Անտիոքի պատրիարք): Նեստորական եկեղեցին հորջորջվում է նաև Արևելքի եկեղեցի կամ Պարսից եկեղեցի: 1984-ին նեստորական պատրիարքը և Հռոմի պապը ստորագրել են մի դավանական համաձայնագիր, որով նեստորականները պաշտոնապես հաղորդության մեջ են մտել Հռոմի եկեղեցու հետ:
Հայ եկեղեցին անմասն չի մնացել հականեստորական պայքարից, որի վկայություններից է Սահակ Ա Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի թղթակցությունը (պահպանվել է «Գիրք թղթոցում») Կ. Պոլսի Պրոկղ պատրիարքի հետ: Նեստորական Հայ եկեղեցին դատապարտել է Դվինի 506-ի և 554-ի ժողովներում (տես Դվինի եկեղեցական ժողովներ): Նեստորականության դեմ պայքարը Հայ եկեղեցու ուշադրության կենտրոնում է եղել մինչև VII դ. սկիզբը: Պարսկաստանում նեստորականության դիրքերի թուլացումով հականեստորական պայքարը կորցրել է իր կարևորությունը Հայ եկեղեցու համար, սակայն շարունակել է մնալ հայ հակաճառական գրականության գլխավոր թեմաներից մեկը՝ երբեմն նույնացվելով քաղկեդոնականության հետ:
քհն. Արամյան Մ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Կյուրեղ Ալեքսանդրացի, Գիրք պարապմանց, ԿՊ, 1717:
Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Կնիք հաւատոյ..., Էջմիածին, 1914:
Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994:
Հովսեփյ ան Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899:
Օրմանյան Մ., Ազգապատում, հ.1, ԿՊ, 1912:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am