ՆՈՅ, Նոյ Նահապետ (եբր. հանգիստ, մխիթարություն, ըստ այլ մեկնությունների՝ նոր), համաշխարհային Ջրհեղեղից փրկված մարդը, մարդկության երկրորդ նախահայրը Ադամից հետո, Սեմի, Քամի և Հաբեթի հայրը: Ըստ Աստվածաշնչի Հովհաննես Այվազովսկի - Համաշխարհային ջրհեղեղհաղորդած ազգաբանության՝ Ադամից հետո տասներորդ սերունդը. սերում է Ադամի Սեթ որդու ճյուղից. երկինք հափշտակված Ենովքի ծոռն է, Մաթուսաղայի թոռը, Ղամեքի որդին: Ծննդոց գրքում ասվում է. «Ղամեքը հարյուր ութսունութ տարեկանին ծնեց որդի: Նա նրա անունը դրեց Նոյ: Ղամեքն ասաց» Սա մեզ կհանգստացնի մեր գործերից, մեր ձեռքերի ցավերից և այն երկրից, որ անիծեց Տեր Աստված» (Ծննդ. 5.3–29):

Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը՝ կապված «մարդկանց դուստրերի» և «Աստծո որդիների» խառնակումից ծնված հսկաների հետ: Աստված որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը. «Երբ Տեր Աստված տեսավ, որ մարդկանց չարագործությունները բազմանում են երկրի վրա, և ամեն ոք իր մտքում ամեն օր խնամքով չարագործություններ է նյութում, զղջաց Աստված, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և տրտմեց իր Հոգու խորքում: Տեր Աստված ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ իմ ստեղծած ամեն մի էակ...»: Նոյը, սակայն, արժանացել էր Տեր Աստծու սիրուն  (Ծննդ. 6.5–8): Նոյն Աստծո առջև շնորհ էր գտել, որովհետև «կատարյալ և արդար մարդ էր իր ազգի մեջ» (Ծննդ. 6.9): Վերահաս Ջրհեղեղից ազատվելու համար, Աստծո հրահանգով, Նոյն  եռահարկ նավ՝ տապան է կառուցում (տես Նոյյան տապան) իր ընտանիքի (ինքը, կինը, երեք որդիներն իրենց կանանց հետ՝ ութ հոգի), ինչպես նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածների ու թռչունների համար, որոնցից տապանի մեջ է վերցնում յոթ-յոթ կամ երկու-երկու՝ արու և էգ:

«Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում, երկրորդ ամսի քսանյոթին ժայթքեցինՆոյն աղավնին բաց թողնելիս (Վենետիկյան խճանկար, 12-րդ դար) ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվեցին երկընքի ջրվեժները: Երկրի վրա անձրև թափվեց քառասուն օր ու քառասուն գիշեր» (Ծննդ. 7.11–12): Ջուրը հարյուր հիսուն օր ողողում է երկիրը՝ ոչնչացնելով ամեն կենդանի էակ՝ մարդ թե անասուն: Նոյյան տապանը անձրևի դադարից հետո նստում է Արարատ (Մասիս) լեռան վրա: Այս իսկ պատճառով Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռն ընկալվում է իբրև Նոյյան տապանի և ապագա ողջ մարդկության փրկավայր: Նոյը Ջրհեղեղի դադարից քառասուն օր հետո բացում է տապանի պատուհանը, արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում: Ապա, տեսնելու համար, թե արդյո՞ք երկրի վրա ջուրը քաշվել է, արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան: Յոթ օր հետո նորից է արձակում աղավնուն, որը վերադառնում է՝ կտուցին ձիթենու շյուղ՝ կյանքի ավետիսը: Եվս յոթ օր սպասելով՝ Նոյը դարձյալ արձակում է աղավնուն, որն այլևս չի վերադառնում: Իր կյանքի վեցհարյուրմեկերորդ տարում Նոյը  դուրս է գալիս տապանից, զոհասեղան է պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ-ողջակեզ մատուցում Աստծուն: Աստված օրհնում է Նոյին, տալիս պատվիրաններ և ամպերի մեջ առաջին անգամ կապում է ծիածանը՝ որպես իր և ողջ երկրի միջև հավիտենական ուխտի նշան (Ծննդ. 8.1–22, 9.1–17): Նոյն ապրում է 950 տարի (Ծննդ. 9.28–29):

Նոյի երեց որդու՝ Սեմի սերնդից սերած Փաղեկի օրոք արդեն բազմացած մարդկությունը ցրվում է՝ ժառանգելով երկրի տարբեր մասերը. Աստվածաշնչից ելնելով, «Բառարան սուրբ գրոցն» արձանագրում է, թե Հաբեթի սերունդը Հովհաննես Այվազովսկի - Նոյն իջնում է Արարատիցտնօրինում է Եվրոպան, Սեմինը՝ Ասիան, իսկ Քամինը՝ Աֆրիկան: Նոյի որդիների ճյուղագրությունը տրված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում (9–10 գլուխներ): Հիմք ընդունելով Ս. Գիրքը և այլ պատմական աղբյուրներ՝ Մովսես Խորենացին նույնպես տվել է Նոյի և նրա որդիների ազգաբանությունը, ընդ որում Հաբեթի ճյուղագրությունը  հասցնելով մինչև Արա Գեղեցիկ (Հայոց պատմություն, Ա գիրք, գլ. Դ–Ե):

Նոյի հիշատակը նշվում է Ընդհանրական, ինչպես նաև Հայ եկեղեցու կողմից: Հայերն ու հույները այն հիշատակում են աստվածաշնչյան սուրբ նախահայրերի (Ադամ, Աբել, Սեթ, Ենովս, Ենովք, Մելքիսեդեկ, Աբրահամ, Իսահակ, Հակոբ, Հովսեփ, Մովսես, Ահարոն, Եղիազար, Հեսու, Սամուել, Սամփսոն, Գեդեոն և այլք) հիշատակի օրը, իսկ հռոմեական եկեղեցին՝ նոյեմբերի10-ին:

Եկեղեցին Նոյի սուրբգրային պատումը խորհրդաբանում է իբրև պատմություն առհասարակ Արդարի փրկության մասին. ըստ այնմ՝ Նոյյան տապանը խորհրդանշում է Հիսուսին (որով պատսպարված՝ մարդն ունի փրկություն), իսկ ձիթենու շյուղը բերող աղավնին՝ Կենաց խոսքը մատակարարող Սուրբ Հոգին:

 

                                                                    Սարգսյան Լ.


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 Գալուստյան Շ., Աստվածաշնչական սուրբեր, Ե., 1997:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am