ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԵՎ ԲԵՍԱՐԱԲԻԱՅԻ ԹԵՄ Հայաստանյայց առաքելական եկեղեցու, ցարական Ռուսաստանի հայոց թեմերից: Առաջնորդանիստը Քիշնևի Ս. Աստվածածին եկեղեցին էր: Կազմավորվել է 1830-ին՝ 1812-ից գործող Բեսարաբիայի թեմի փոխարեն: Վերջինս միավորել է Բեսարաբիայի, Մոլդովայի, Ղրիմի և Ռուսաստանի կայսրության հվ. շրջանների և ամբողջ Նովոռուսիայի հայկական համայնքները: Թեմի առաջին առաջնորդն էր Գրիգոր արք. Զաքարյանը (1812–1827): 1828-ին Բեսարաբիայի թեմի առաջնորդ է նշանակվել ցարական իշխանությունների կողմից Անդրկովկասից հեռացված, Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես արք. Աշտարակեցին (1843–57-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցի):
Ներսես արք. Աշտարակեցու եռանդուն գործունեությամբ ավելացել են թեմի եկամուտները, կառուցվել նոր եկեղեցիներ, բացվել ծխական նոր դպրոցներ: 1835-ին թեմի տարածքում գործել են 35 եկեղեցի՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ (կառուցվել է 1783–1807), Ս. Աստվածածին (կառուցվել է 1781–87) ևն, 11 ծխական դպրոց, մեկ հոգևոր ճեմարան: Զարգացել է տպագրությունը, որին նպաստել է Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանքին կից գործող՝ Հ. արք. Արղությանի նախաձեռնությամբ 1789-ին Պետերբուրգից տեղափոխված Խալդարյան տպարանը: 1784-ին բացվել է Ս. Խաչի ժառանգավորաց գիշերօթիկ վարժարանը: Եկեղեցուն կից գործել են նաև մատենադարան, թանգարան:
Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի գործունեությունն ընդլայնվել է նաև XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին: Այդ ժամանակաշրջանի առավել հայտնի թեմակալ առաջնորդներից է Գաբրիել եպս. Այվազովսկին, որի վաստակը զգալի է թեմի համայնքներում մշակույթի և լուսավորության զարգացման բնագավառում: Նրա ջանքերով 1858-ին Թեոդոսիայում հիմնվել է Խալիբյան վարժարանը (գործել է մինչև 1871-ը): 1868-ին Գրիգորիուպոլում Դավիթ վրդ. Շահինյանցի ջանքերով բացվել է իգական թեմական դպրոց: 1875-ին հիմնվել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը (1881–1920-ին՝ թեմական հոգևոր սեմինարիա): Թեմի համայնքներում շարունակվել է հայկական եկեղեցիների կառուցումը: XIX դ. կեսին Նոր Նախիջևանում կառուցվել է Ս. Կարապետ (1875–81), Գրիգորիուպոլում ՝ Ս. Նշան, Բելցիում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ (1910–12), Յալթայում՝ Ս. Հռիփսիմե (1905–17) եկեղեցիները: Թեմի հոգևորականությունը մասնակցել է համայնքի հասարակական գործունեությանը, զգալի օժանդակություն ցուցաբերել թուրքական ջարդերից հետո Ռուսաստանի հվ-ում ապաստան գտած արևմտահայ փախստականներին: 1895-ին թեմի կենտրոնը Քիշնևից տեղափոխվել է Նոր Նախիջևան: Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի վերջին առաջնորդն է եղել Ներսես արք. Խուդավերդյանը (1898–1918): Խորհրդային իշխանության հաստատումից հետո (1918-ից) Ռուսաստանի հայոց թեմերը լուծարվել են, հայկական եկեղեցիների մի մասը փակվել է, մի մասը՝ ավերվել: 1918-ին Բեսարաբիան Ռումինիային անցնելով՝ Բեսարաբիայի հայկական եկեղեցիները մտել են Ռումինիայի թեմի մեջ: Հայկական մնացած համայնքներն ընդգրկվել են Նոր Նախիջևանի թեմի մեջ, կենտրոնը՝ Դոնի Ռոստով: 1966-ին Նոր Նախիջևանի, Հս. Կովկասի, Աստրախանի թեմերի և Մոսկվայի հովվության միավորմամբ կազմավորվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը, կենտրոնը՝ Մոսկվա:
Անանյան Ժ., Խաչատրյան Վ.
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am