Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նոր հայկական ձայնագրություն

 ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, Համբարձումյան նոտագրություն, Լիմոնճյանի համակարգ, Հայկական եկեղեցական ձայնագրություն, Հայկական նոտագրություն, ձայնանիշերի ոչ գծային համակարգ,ստեղծել է Հ. Լիմոնճյանը, ապա կատարելագործվել է նրա աշակերտներ Արիստակես Հովհաննիսյանի և Հովհաննես Մյուհենտիսյանի ջանքերով: Համակարգի ստեղծման նպատակն էր վերաձայնագրել, մոռացությունից փրկել ու օտար ազդեցություններից զերծ պահել հայ հոգևոր երգերը, որոնք ավանդվում էին բանավոր: Փոխարինել է միջնադարյան խազագրությանը: Այս համակարգով Ամենայն հայոց կաթողիկոս Գեվորգ Դ Կոստանդնուպոլսեցու օրոք և նրա նախաձեռնությամբ, Նիկողայոս Թաշճյանի ղեկավարությամբ Մայր աթոռ Ս. Էջմիածնում կաթողիկոսից, ինչպես նաև հայկ. եկեղեցիների առավել փորձառու դպիրներից գրառվել և լույս են տեսել «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» (1874), «Ձայնագրեալ շարական հոգևոր երգոց...» (1875), «Երգք ձայնագրեալք ի ժամագրոց Հայաստանյայց ս. եկեղեցւոյ» (1877) հատորները:

Նոր հայկական ձայնագրությունը կարևոր դեր է խաղացել եկեղեցական երաժշտության ձայնագրության և պահպանման գործում, խթանել է XIX դ. հայ երաժշտատեսական մտքի, մանկավարժության, ֆոլկլորագիտության և կոմպոզիտորական ստեղծագործության զարգացումը: Որպես պարտադիր առարկա ընդգրկվել է հայկական դպրոցների և ճեմարանների ուսումնական  ծրագրերում, ստեղծվել են դասագրքեր: Նոր հայկական ձայնագրությյամբ կատարվել են ժողովրդական երգերի կոմիտասյան գրառումները: «Ձայնագրեալ երգեցողութիւնք սրբոյ Պատարագի» հատորում զետեղված եղանակները մեղեդիական հիմք են դարձել Մակար Եկմալյանի և Կոմիտասի բազմաձայն պատարագների ստեղծման համար:

Նոր հայկական ձայնագրության համակարգում օգտագործվում են ձայնանիշերի, տևողության, ձայնահատի (պաուզա), հնչյունների բարձրույթային տարբերակման (ալտերացիա), զարդարանքի, կապի, կրկնողության և այլ նշաններ, որոնք վերցված են (գրառման ձևը և անվանումը) խազային համակարգից: Ձայնանիշերը յոթն են: Դրանք են (եվրոպական ձայնագրության բաղդատությամբ).

 Նոր հայկական                                    Եվրոպական ձայնագրություն

ձայնագրություն  

Փուշ (կրճատ՝ փո)                                                      դո

Էկորճ (Է)                                                                       ռե

Վերնախաղ (վե)                                                         մի

Բենկորճ (բե)                                                               ֆա

Խոսրովային (խո)                                                       սոլ

Ներքնախաղ (նե)                                                        լյա

Պարույկ (պա)                                                            սի բեմոլ



                                                                          Բաղդասարյան Ա.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Թաշճյան Ն., Դասագիրք եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղ-պատ, 1874: 

Բրուտյան Ա., Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան հայոց, Վաղ-պատ, 1890: Հիսարլյան Ա., Պատմութիւն հայ ձայնագրութեան և կենսագրութիւնք

երաժիշտ ազգայնաց, ԿՊ, 1914: 

Աթայան Ռ., Ձեռնարկ հայկական ձայնագրության, Ե., 1950:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am