Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանք

 ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔ, Իրանի Սպահան քաղաքի հարավային կողմում, Մեծ մեյդան թաղում: Հայ եկեղեցու Սպահանի թեմի առաջնորդանիստը: Հիմնադրվել է 1606-ին, անվանվել Հին Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի անունով: 1636-ին Նոր Ջուղայի առաջնորդ և Նոր  Ջուղայի Ս. Ամենափրկիչ  վանքի վանահայր (1620–46) Խաչատուր Կեսարացին վանքում հիմնել է տպարան՝ առաջինը Իրանում և ողջ Միջին Արևելքում: 1638–42-ին այստեղ հրատարակվել է «Սաղմոս ի Դավիթ»-ը, «Հարանց վարք»-ը,  «Խորհրդատետր» և  «Ատենի ժամագիրք»-ը: 1655–64-ին վանահայր Դավիթ եպիսկոպոսը վանքի հին եկեղեցու տեղում կառուցել է նոր՝  Ս. Հովսեփ Հարեմաթացի եկեղեցին (ս. Հովսեփի Աջը պահվում է վանքում):

Եկեղեցին մեկ զույգ հզոր մույթերով գմբեթավոր դահլիճ է, ներսից հնգանիստ խորանով: Գմբեթը կրկնակի է՝  ներքին կիսագնդաձև ու արտաքին ձվաձև ոլորտներով: Մահմեդական ճարտյանը բնորոշ այս լուծումը հայկական շինարվեստում հանդիպում է միայն Նոր Ջուղայի եկեղեցիներում: XVII դ. կեսին վանքում հիմնվել է դպրոց, որտեղ աշակերտներին սովորեցրել են եվրոպական լեզուներ և «վաճառականության արվեստ»: XVII դ. 1-ին կեսին վանքում հիմնվել է մատենադարան: Այժմ ունի կրոնական, պատմական., բժշկագիտական բնույթի մոտ 600 ձեռագիր, որոնցից շուրջ 40-ը մագաղաթյա է (ամենահինը X դ. Ավետարան է): Ձեռագրերի մեծ մասն ունի մանրանկարչական ընտիր ձևավորում: 1702-ին եկեղեցու արմ. կողմում կառուցել են կամարակապ, երկհարկ, սյունազարդ գմբեթով զանգակատուն: Եկեղեցուն հվ-ից կից 1860–65-ին, առաջնորդարանի հին շենքի տեղում կառուցվել է նոր երկհարկ զանգակատուն: 1906-ին վանքի հս. կողմից միաբանության խցերի տեղում կառուցվել է մատենադարանի նոր շենքը, 1915-ին վանքի արլ. կողմում՝  երկհարկանի վարչական շենք, որը բաժանում է տնտեսական բակը գլխավորից: 1931-ին վանքի արմ. մուտքի վրա կառուցվել է ժամացույցով եռահարկ աշտարակ: 1971-ին վանքի գլխավոր  բակի հս. կողմում կառուցվել է թանգարանի երկհարկ շենքը: Վանքի Ս. Հովսեփ եկեղեցու ինտերիերն ունի շքեղ հարդարանք՝  կազմված հախճասալերի և որմնանկարների զուգակցումով: Եկեղեցու ներսում, պատերի ստորին մասը 1710-ին, իսկ խորանը՝  1716-ին ծածկվել են բուսական  զարդամոտիվներով, հրեշտակների պատկերներով, կապույտ ու դեղին գույների գերակշռությամբ  նկարազարդված հախճասալերով: Եկեղեցին XVII–XVIII դդ. զարդարվել է որմնանկարներով (որոշ հեղինակների անուններ պահպանվել են արձանագրություններում՝  Սիմոն, Մինաս, Տեր-Ստեփանոս, Հովհաննես վարդապետ ևն): Որմնանկարները (Հին և Նոր կտակարանների թեմաներով, Գրիգոր Ա Լուսավորչի չարչարանքները պատկերող) ծածկում են եկեղեցու ողջ ներքին տարածությունը՝  հախճասալերից վերև: Իրենց ինքնատիպ ոճով զուգակցում են հայկական մանրանկարչության, արևմտաեվրոպական դասական հաստոցային գեղանկարչության և պարսկական դեկորատիվ արվեստի սկզբունքները: Որմնանկարների հորինվածքներում օգտագործվել են Եվրոպայից ներմուծված գեղանկարչական աշխատանքներ ու գրաֆիկական նկարներ:



                                                                              Հախնազարյան Ա.  

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Երեմյան Ա., Նոր Ջուղայի ԺԷ դարու որմնանկարչական հուշարձանները, Նյու Յորք, 1942:

Մինասյան Լ., Իրանի հայկական վանքերը, Թեհրան, 1971: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am