Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Նոր Նախիջևանի Ս. Խաչ վանք

 ՆՈՐ ՆԱԽԻՋԵՎԱՆԻ Ս. ԽԱՉ ՎԱՆՔ, ՌԴ Դոնի Ռոստով քաղաքից հյուսիս, Մյասնիկավանի մոտ, ձորաբլրի գագաթին: Հիմնադրել են 1778-ին Ղրիմից գաղթած հայերը և կոչել Սուրխաթի Ս. Խաչ վանքի անունով: Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքի եկեղեցին ռուսական կլասիցիզմի ոճով աղյուսից կառուցվել է նախկին փայտաշեն եկեղեցու տեղում, 1783–91-ին և օծվել 1792-ին (ճարտ. Ի. Ստարով): Ունի խաչաձև (հվ. և հս.թևերը քառասյուն սրահներ են) գմբեթավոր հորինվածք՝  արլ-ում արտաքուստ կիսաշրջանաձև շեշտված խորանով: Պատերը զարդարվել են Ղրիմից բերված 13 մանրաքանդակ խաչքարերով: Վանքն ունեցել է մոտ 50 հա հողատարածք, որը վարձակալության է տրվել:

Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքում 1784-ին Հ. Արղությանի նախաձեռնությամբ բացվել է դպրոց՝ Ս. Խաչի ժառանգավորաց գիշերօթիկ վարժարան անունով, որը գործել է տարրական դպրոցի ծրագրով (դասավանդել են կրոն, վայելչագրություն, թվաբանություն, ձեռքի աշխատանք, գյուղատնտեսությանը վերաբերող առարկաներ), ունեցել է գրադարան, թանգարան: Եղել է առաջին հայկական գիշերօթիկ դպրոցը: Երբ 1791-ին, ռուս-թուրական  պատերազմի ժամանակ Ա. Սուվորովը գրավել է Իզմայիլը, քաղաքի 30 հայ որբերին բերել են այստեղ, և երեխաները ապրել ու կրթվել են վանքի միջոցներով: 1789-ին Հ. Արղությանը Ս. Պետերբուրգից Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանք է տեղափոխել Գ. Խալդարյանի տպարանը, որը դարձել է Հվ. Ռուսաստանի առաջին տպարանն ընդհանրապես: Նույն թվի աշնանը հնդկահայերի նյութական  օժանդակությամբ վանքի եկեղեցու արլ. կողմում կառուցվել է մեծ, 37 սենյականոց շենք՝  առաջնորդարանի, դպրոցի և տպարանի համար: Տպարանում մոտ քսան գիրք է հրատարակվել՝  նպատակ ունենալով հակադրվել կաթոլիկ վարդապետության գրավոր քարոզարշավին և պաշտպանել Հայ առաքելական եկեղեցու սկզբունքներն ու անաղարտությունը, նպաստել լուսավորության գործին՝  ապահովելով հայկական դպրոցները դասագրքերով, օժանդակել Ռուսաստանի նորահաստատ հայ գաղթավայրերի բնակիչների՝  ռուսերենին տիրապետելուն: Դպրոցի և տպարանի շնորհիվ Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքը  հիմնադրման օրից մինչև XX դ. սկիզբը եղել է հայ մշակույթի և կրթության կարևոր կենտրոններից:

XIX դ. վանքից հս., Տեմերնիկ գետի ափին հիմնվել է 17,5 հա տարածքով վանքի այգին (կոչվել է Հայկական պարտեզ), որը դարձել է Նոր Նախիջևանի բնակիչների հանգստավայրը:

Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքը  եղել է Հվ. Ռուսաստանի հայերի ուխտավայրը. տոնախմբությունը կատարվել է Վարդավառի օրը:

1832-ին Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանք է տեղափոխվել բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական գործիչ վրդ. Հարություն Ալամդարյանը, որը 1834-ին դավադրաբար սպանվել է և թաղվել վանքի եկեղեցու առջև: 1862-ին վանահայր Գաբրիել Այվազովսկին հիմնովին վերանորոգել է վանքի եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կառուցել եկեղեցու արմ. ճակատի առջև երկհարկանի զանգակատունը, բլրի թեք լանջին՝  դեպի այգին տանող քարե աստիճանները, վանքի աղբյուրի խոշոր ըմպելասրահը: 1865-ին եկեղեցու առջև թաղվել է գրող, հրապարակախոս, փիլիսոփա, հայ քննադատության և գեղագիտության հիմնադիր Միքայել Նալբանդյանը, 1892-ին՝  բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ռափայել Պատկանյանը: 1902-ին նրանց գերեզմանների վրա, հանգանակված միջոցներով, դրվել են քանդակագործ Անդրեաս Մարուքյանի պատրաստած կիսանդրիները:

Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքը  և նրա դպրոցը դադարել են գործել Ռուսաստանում խորհրդային  կարգեր հաստատվելուց (1917) հետո: 1960-ին քանդել են զանգակատունը, առաջնորդարանի շենքը, հանել և ոչնչացրել են եկեղեցու պատերին ագուցված խաչքարերը, անհետացել է Սուրխաթի Ս. Խաչ վանքից բերված քանդակազարդ փայտե դուռը: 1972-ին, Հայաստանի վարպետների ձեռքով Նոր  Նախիջևանի Ս. Խաչ  վանքի եկեղեցին նորոգվել է և վերածվել Ռուս-հայկական բարեկամության թանգարանի: Հ. Ալամդարյանի գերեզմանի վրա խաչքար է կանգնեցվել (ճարտ. Մ. Գրիգորյան):

 

                                                               Հասրաթյան Մ.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Շահազիզ Ե., Նոր Նախիջևանի Սուրբ Խաչ վանք, Թ., 1901: 

Բարխուդարյան Վ., Նոր Նախիջևանի հայկական գաղութի պատմություն (1779–1861 թթ.), Ե., 1967: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am