ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ, Անապատ, ՀՀ Տավուշի մարզի Վարագավան գյուղից մոտ 2 կմ հարավ-արևմուտք, անտառապատ լեռան լանջին: Հիմնադրել է Նոր Բերդի Դավիթ իշխանը, 1193–98-ին կառուցելով վանքի առաջին՝ զույգ անհավասար Նոր Վարագավանք, Ս. Աստվածածին եկեղեցինխորաններով միանավ եկեղեցին և նրան հս-ից կից տոհմական տապանատունը (1200): Հետագայում, վերջինիս սիմետրիկ, եկեղեցուն հս-ից համանման միանավ, թաղածածկ մատուռ են կցել: Նոր  Վարագավանքի համալիրի հս. կողմում կանգուն Ս. Աստվածածին եկեղեցին՝ դեղնականաչավուն սրբատաշ ֆելզիտից, կառուցել է Դավիթ իշխանի որդի Վասակ Բ 1224–37-ին (օծվել է 1240-ին): Եկեղեցին ներքուստ խաչաձև է, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն, գլանաձև թմբուկով պսակվող գմբեթով: Խորանի գմբեթարդին կա «Անեցի վարդպետ Գազան» արձանագրությունը (հավանական է, որ 1244-ին Կարսի բերդը կառուցող նույն ճարտարապետն է): Ս. Աստվածածին եկեղեցու հվ. շքամուտքն ունի միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպ ու եզակի ձևավորում՝ խճանկար հիշեցնող, մուգ մանուշակագույն և բաց կապույտ, աստղաձև, շեղանկյուն և վեցանկյուն սալիկներով, որոնց վրա կան կենդանակերպ ու բուսական թեմաներով հարթաքանդակներ:

Նոր Վարագավանքի երկու գավիթներից փոքրը (այժմ՝ ավերակ) կից է եղել Ս. Աստվածածին եկեղեցուն հվ-ից, իսկ մեծը՝ արմ-ից: Այն կառուցել է Նոր Վարագավանքի վանահայր Հովհաննես Տուեցին 1237–61-ին: Վանքի պարսպից մոտ 200 մ հս. գերեզմանոցն է՝ մատուռով: Նոր վարագավանքը ունեցել է ջրմուղ, որը 1253-ին անցկացրել է ոմն Շառա: Սկզբնապես Անապատ կոչվող վանքը 1237-ից հետո վերանվանվել է Նոր վարագավանք, երբ

Վասպուրականի Վարագավանքի վանահայր Ղուկասը, Ջալալ էդ Դինի 1231-ի ասպատակությունից հալածված, վերցրել է վանքի հռչակավոր Վարագա ս. Խաչը և, վեց տարի դեգերելուց հետո, 1237-ին հաստատվել Կյուրիկյանների այս հոգևոր կենտրոնում:


Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Սարգսյան Գ., Անապատ կամ Նոր-Վարագվանքը և նրա վիմագրությունը, «Էջմիածին», 1952, դ 9–12: 

Քարտաշյան Հ., Նոր Վարագավանքի ճարտարապետական համալիրը, ԼՀԳ, 1984, դ 7:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am