ՆՈՐԱՎԱՆՔ, Ամաղու Նորավանք, ՀՀ Վայոց ձորի մարզի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք, Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի, սրբատեղի է եղել դեռ վաղ միջնադարում: Այդ ժամանակաշրջանից հայտնի է Ս. Փոկաս եկեղեցին, որը գտնվել է վանքի այժմյան տարածքում: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն: IX դ. կառուցվել է Ս. Կարապետ եկեղեցին: Այդ ժամանակ վանքը կոչվել է Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է վերանվանվել 1221-ին): X դ. եղել է գրչության կենտրոն: 1105-ին Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը տեղափոխվել է Նորավանք, որից հետո նրա մոտ է հաստատվել եղբայրը՝ Համտուն իշխանը, և կրոնավոր դարձել: Երկու եղբայրները վանքի շրջակայքից հեռացրել են աշխարհականներին, հարևան գյուղերի բնակիչներից հողեր գնելով՝ ընդարձակել վանքի կալվածքները և Նորավանքի տիրույթի սահմաններին նշանաքարեր կանգնեցրել: Նրանք տիրել են նաև Հրասեկա ու Անապատ բերդերին և 12 ագարակների: Նորավանքի Ստեփանոս եպիսկոպոսը Ելտկուզ սուլթանից նվեր է ստացել Ագարակի ձորը, Անապատի բերդը, հարկերից ազատել Սյունիքի վանքերը: Նրա օրոք՝ XIV դ. սկզբին Նորավանքը  դարձել է Սյունյաց հոգևոր կենտրոնը: 1216-ին Ստեփանոս եպիսկոպոսին հաջորդած քեռորդին՝ Սարգիս եպիսկոպոսը, Սյունյաց թեմը բաժանել է Նորավանքի և Տաթևի վանքի միջև: Նորավանքին են մնացել միայն Վայոց ձորը, Ճահուկն ու Նախիջևանը: 1216–21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը Նորավանքում կառուցել են Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, որի օծման ժամանակ (1223) Լիպարիտ Օրբելյանի աները՝ Մեծ իշխան Բուպակը, վանքին է նվիրել Աղբերիս գյուղը: 1223–61-ին կառուցվել է Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը: 1261-ին Իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր և կալվածքներ, իսկ Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր՝ Թամթայի հիշատակին: 1273- ին Նորավանքում է թաղվել Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա 1275-ին Տարսայիճ իշխանը ճարտարապետ Սիրանեսի ձեռքով կառուցել է Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատունը: 1287-ին Սյունյաց մետրոպոլիտ է դարձել Ստեփանոս Օրբելյանը, որը, ստանալով մոնղոլ. իշխանությունների հովանավորությունը, միացրել է Տաթևի և Նորավանքի առաջնորդարանները, բազմապատկել Սյունյաց միացյալ թեմի տնտեսական հզորությունը, ձեռք բերել նորանոր կալվածքներ: Նա Նորավանքում 1299-ին ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը: 1300-ին զոհվել է Էլիկում իշխանը, որին թաղել են Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատանը: Ստեփանոս Օրբելյանը գրել է «Ողբ ի կաթողիկե» պոեմը, իսկ նրա պատվերով 1302-ին Մոմիկն Ավետարան է ընդօրինակել և նկարազարդել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Նրան հաջորդած հորեղբոր՝ Լիպարիտ իշխանի որդի Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը 1321-ին կառուցել է Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին, Նորավանքում խաչքար կերտել, ընդօրինակել բազմաթիվ մատյաններ: XIV դ. 1-ին տասնամյակը Նորավանքում Մոմիկի բեղմնավոր գործունեության տարիներն էին. 1304-ին խաչքար է կերտել Ստեփանոս Օրբելյանի հիշատակին, 1307-ին Պողոս վարդապետի հետ Ավետարան  գրչագրել և նկարազարդել, 1308-ին Թամթա իշխանուհու պատվերով կերտել խաչքար՝ նրա որդիներ Բուրթելի և Բուղդայի «արևշատության» համար: 1318-ին Ս. Գրիգոր եկեղեցիտ ապանատանը թաղել են պատերազմում զոհված Բուղդա իշխանին, որի եղբայր Բուրթելը նրա հիշատակին Նորավանքում խաչքար է կանգնեցրել: Վանքի տարածքում է թաղված նաև Մոմիկը:

1324–31-ին Սյունյաց հոգևոր կենտրոնը ղեկավարել է մետրոպոլիտ Ստեփանոս Տարսայիճ Օրբելյանը, որն ուսանել էր Գլաձորի համալսարանում, եղել Եսայի Նշեցու սանը: 1331–39-ին Բուրթել իշխանը կառուցել է Նորավանքի Ս. Աստվածածին երկհարկ եկեղեցին (Բուրթելաշենը): XV–XVI դդ. Նորավանքը շարունակել է մնալ հոգևոր-մշակութային կենտրոն, այստեղ կանգնեցվել են նոր խաչքարեր: XVII դ. կառուցվել են վանքի պարիսպը, բնակելի ու տնտեսական շենքերը: XVIII դ. վանքում տնօրինություն են արել մահմեդական հրոսակախմբերը:

Հայր Աստծո քանդակը (Նորավանք)1813-ին պարսից Ֆաթալի շահը Նորավանքը հանձնել է Պետրոս-Բեկ Օրբելյանին և հրամայել, որ Ամաղու գյուղի եկամուտը տրամադրվի վանքին: 1840-ին Նորավանքը ավերվել է երկրաշարժից ու լքվել: 1948–49-ին մասնակի նորոգվել է, իսկ 1982-ին սկսվել են նրա պեղման, շենքերի վերակառուցման աշխատանքները: Վերականգնվել են Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցու ու գավթի գմբեթներն ու ծածկերը, Ս. Գրիգոր եկեղեցի-տապանատան ծածկը, Ս. Աստվածածին եկեղեցու սյունազարդ գմբեթը: 1998-ի ապրիլի 18-ին ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա Սարգիսյանի վերաօծվել է Նորավանքի Ս. Աստվածածին եկեղեցին:

Վանքի համալիրի հիմնական Հուշարձանախմբի հվ-ում հնագույն՝ Ս. Կարապետ միանավ դահլիճն է, կենտրոնում՝ գլխավոր, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն Ս. Ստեփանոս Նախավկա գմբեթավոր եկեղեցին, հս-ում՝ Ս. Գրիգոր միանավ թաղածածկ եկեղեցի-տապանատունը: Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն արմ-ից կից գավիթը ծածկված է գոցվող թաղերով, ինչը եզակի է հայկ. նույնատիպ կառուցվածքների համար: Համալիրի արլ. կողմում առանձին կանգնած է Ս. Աստվածածին երկհարկ-եռաստիճան եկեղեցին՝ գմբեթի սյունազարդ ռոտոնդայով: Միջնադարյան հայկական արվեստում ինքնատիպությամբ, գեղարվեստական բարձր հատկանիշներով առանձնանում են Նորավանքի աստվածաշնչային ու ավետարան. թեմաներով պատկերաքանդակները, հատկապես գավթի արմ. մուտքի և լուսամուտի ճակատակալ քարի վրա կերտվածները: Դռան վերևում քանդակված Աստվածածինը, ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով, ներկայացնում է հանրահայտ և Հայաստանում լայն տարածում ստացած «նստած Օդիգիտրիա» պատկերագրական տիպը: Նրանից ձախ, լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջ, համապատասխան մակագրությամբ՝ Եսայի մարգարեն: Փրկչական մարգարեության և Աստվածածնի այսպիսի համատեղՆորավանքի խաչքարերը պատկերագրությունը եզակի է հայկ. արվեստում: Գավթի լուսամուտի ճակատակալ քարն ունի ավելի հարուստ բովանդակությամբ բարձրաքանդակ: Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է՝ կերտված մարդու կերպարանքով, տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով և երկար գիսակներով: Աստծո այսպիսի պատկերագրությունն աննախադեպ է, որովհետև ընդհանրապես միջնադարյան արվեստում Հայր Աստվածը պատկերվում է խորհրդանշական ձևով (օր., երկնքից իջած Աջի տեսքով): Աստծո մորուքից ցած քանդակված է Սուրբ Հոգու խորհրդանիշը՝ խաչաձև լուսապսակով աղավնին, որի կտուցը հպված է Աստծո ձախ ձեռքում պահվող Ադամի (քանդակված է միայն գլուխը) շուրթերին: Քարի աջ եզրին սերովբեի քանդակ է, իսկ աջ կողմում, Հայր Աստծո օրհնող Աջի տակ՝ խաչված Քրիստոսը, որի երկու կողքերին Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչն են: Ներքևում պատկերված է պառկած և ձեռքը դեպի «Խաչելությունն» ուղղած Դանիել մարգարեն:«Խաչելության» դասական պատկերագրությունը զուգակցված է Ահեղ դատաստանի հետ: Նորավանքում բարձրաքանդակի հեղինակը միանգամայն ազատ է մեկնաբանել և կերտել կանոնիկ պատկերագրական թեմաները: Դրա արտահայտություններից է նաև Աստծո շունչը Սուրբ Հոգով փոխարինելը, որը  եզակի է քրիստոնեական պատկերագրության մեջ: Ուշագրավ է նաև Հայր Աստծո մորուքի մեջ պատկերված աղավնին, որը կտուցով ուղղված է դեպի Աստծո շուրթերը: Այս բոլոր առանձնահատկությունների շնորհիվ Նորավանքի գավթի քանդակները դուրս են գալիս ազգային արվեստի շրջանակներից:

Ս. Աստվածածին եկեղեցու 1-ին հարկի մուտքի բարավորին քանդակված են գահավորակի վրա նստած Աստվածածինը՝ գոգին մանուկ Հիսուսը և երկու կողմերում կանգնած Գաբրիել ու Միքայել հրեշտակապետները, վերին հարկի մուտքի ճակատակալ քարին՝ Քրիստոսը (մինչև գոտկատեղը), նրա երկու կողքերին՝ Պողոս և Պետրոս առաքյալները: Յուրօրինակ հորինվածքով կտիտորական բարձրաքանդակ (այժմ՝ խիստ վնասված) կա եկեղեցու գմբեթի սյուներին, որոնցից արմ-ի վրա քանդակված է գորգով ծածկված, բազմոցին նստած Աստվածածինը՝ ձախ ձեռքով մանուկ Հիսուսին պահած: Կողքի սյուներին պատկերված են Բուրթել իշխանը՝ եկեղեցու մանրակերտով, և Բեշքեն իշխանը՝ ողջ հասակով: 1983-ին Ս. Աստվածածին եկեղեցու մոտ գտնվել է արլ. պատից ընկած (այժմ ագուցված է տեղում) Օրբելյան իշխանական տան զինանշանը՝ մագիլներում եղնիկ բռնած արծվի բարձրաքանդակը, իսկ Ս. Գրիգոր եկեղեցու կողքին՝ մի գեղաքանդակ խաչքար, որի վերին մասում «Քրիստոսը փառքի մեջ» պատկերաքանդակն է, շուրջը՝ ավետարանիչների խորհրդանիշերը, իսկ խաչի երկու կողմերում, շեղանկյունիների մեջ պատկերված են (մինչև գոտկատեղը) տասներկու առաքյալները՝ Ս. Գիրքը ձեռքերին: Նորավանքն  իր ճարտարապետական և քանդակների առանձնահատկություններով և գեղարվեստական բարձր արժանիքներով Հայաստանի XIV դ. լավագույն վանական համալիրն է:


                                                                               Հասրաթյան Մ.

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Ե., 1986: 

Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփղիս, 1858: 

Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: 

Լալայան Ե., Վայոց-ձոր, նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 26, Թ., 1916: 

իվան հայ վիմագրության, պր. 3, Ե.,1967: 

Եղիազարյան Հ., Ամաղու Նորավանք, «Էջմիածին», 1972, դ 1–2:

Գրիգորյան Գ., Սյունիքն Օրբելյանների օրոք, Ե., 1984: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am