ՆՇԽԱՐ, սուրբ նշխար, 1. ս. Հաղորդության նյութերից (հաց ու գինի) մեկը, որ կիրառվում է 1. Պատարագի ժամանակ: Նշխարը փոքր, բոլորաձև, անթթխմոր հաց է՝ բաղարջ, վրան՝խաչելության կամ տնօրինական մեկ այլ խորհրդի պատկեր, իսկ երկու կողմերին մակագրություն՝ Հիսուս Քրիստոս: Նշխարը թխվում է երկաթե թիթեղի վրա, առանց այրելու և առանց տապակելու, սովորաբար ունենում է 6–10 սմ տրամագիծ, 5–7 մմ հաստություն: Տաղավար տոներին պատրաստվում են ավելի մեծ Նշխարներ՝ հաղորդվողների բազմությանը բավարարելու համար:
Նշխարի՝ որպես սուրբ հացի կիրառման համար հիմք են հանդիսացել Հիսուսի խոսքերը, թե՝ «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը» (Մատթ. 26.26, տես նաև Մարկ. 14.22, Ղուկ. 22.19, Ա Կորնթ. 11.23–24): Առաքելական կանոնների համաձայն՝ ս. Պատարագի հացը՝ Նշխար, պատրաստվում է նույն օրը և թարմ վիճակում բարձրացվում ս. Սեղան, իսկ այն Նշխարները, որոնք տրվում են տնօրհնեքի, հոգեհանգստի և կամ ս. Պատարագի ժամանակ՝ հիմնականում քահանայական դասին, կարող են նախապես էլ պատրաստված լինել: Նշխարը պատրաստվում է և բաժանվում պատարագիչ քահանայի ձեռքով: Ագաթանգեղոսը Նշխարը հիշատակում է «Եկեղեցու օրհնյալ հաց» ձևով: Նշխար բառացիորեն նշանակել է կտորտանք: Ինչպես Ընդհանրական, այնպես էլ նրա անբաժանելի մաս կազմող Հայ եկեղեցին նշխարը դիտում է որպես Քրիստոսի մարմնի խորհրդանշանը, քանի որ ս. Պատարագի խորհրդի կատարման ժամանակ այն փոխակերպվում է Հիսուս Քրիստոսի մարմնին, ինչպես նշվում է հայոց Խորհրդատետր Պատարագամատույցում. «Որով զհացս օրհնեալ մարմին ճշմարտապես արասցես Տեառն մերոյ և Փրկչին Հիսուսի Քրիստոսի»: Եկեղեցական հայրերից Նշխարի փոխակերպման մասին հիշատակություն ունեն Խոսրով Անձևացին (X դ.), Ներսես Լամբրոնացին (XII դ.), Գրիգոր Տաթևացին (XIV դ.) և ուրիշներ:
2. Նշխարը երբեմն գործածվում է նաև սրբոց մասունքներ իմաստով (տես Մասունք սրբոց):
Մաս: Նշխարի մնացորդը, որ ս. Սեղանի վրա օգտագործվելուց հետո բաժանվում է ժողովրդին, նրանց, ովքեր դեռևս լիովին պատրաստ չեն հաղորդվելու Տիրոջ մարմնին (հաց) և արյանը (գինի): Տես նաև Հաց հաղորդության:
Եղիշե ավ. քհն. Սարգսյան
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ներսես Լամբրոնացի, Խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ Պատարագին, Վնտ., 1847:
Գրիգոր Տաթեվացի, Գիրք հարցմանց, Երուսաղեմ, 1993, էջ 684:
Կարապետյան Ա., Հոգևոր բարեպաշտական արարողություններ, «Էջմիածին», 1998, դ 7:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am