ՆՎԻՐԱԿ (նվեր բառից – նվիրատվություններ հավաքող), եպիսկոպոս կամ վարդապետ, որը Ամենայն հայոց կաթողիկոսի հրամանով գործում է հիմնականում հայկական գաղթավայրերում՝ տարագիր հայության շրջանում կաթողիկոսի անունից հոգևոր ու բարոյական մխիթարիչ լինելու և հանուն Մայր աթոռի կամավոր նվիրատվությունը ժողովելու համար: նվիրակի պաշտոնը, գործունեության ծավալման վայրերը և ժամկետը վավերացվել են կաթողիկոսական հատուկ՝ նվիրական կոնդակով: Նվիրակին ուղեկցել և ծառայության մեջ օժանդակել են ցածր աստիճան ունեցող մեկ կամ մի քանի սպասավորներ: Նվիրակը, դուրս գալով Ս. Էջմիածնից, բացի հայրապետական կոնդակից, իր հետ վերցրել է նաև ս. Մյուռոն՝ ժողովրդին բաշխելու համար: Նվիրակության պաշտոնը Մայր աթոռի համար ժողովրդից նվերներ հավաքելուց զատ կապված էր Մյուռոնի բաշխման հետ: Նվիրակության համար եղել են առանձին թեմեր, շրջաններ, որոնցից յուրաքանչյուրում նշանակվել է մեկական նվիրակ, որը սովորաբար իր գործը կատարել է երեք, երբեմն ավելի տարիների ընթացքում: Նվիրակը. հաստատուն նստավայր չի ունեցել, ինչպես թեմի առաջնորդը: Նա շրջել է բնակավայրերում և հայկական գաղթավայրերում ներկայացրել Հայոց կաթողիկոսին: Վերջինս թեմերի հետ հարաբերվել է նաև նվիրակի միջոցով:Նվիրակն իր ամեն քայլի համար պետք է հաշվետու լիներ կաթողիկոսին:
Շատ անգամ կաթողիկոսը հաշվի է առել նվիրակի կարծիքը տվյալ շրջանի որևէ հոգևորականի եպիսկոպոս ձեռնադրելու նպատակահարմարության մասին: Յուրաքանչյուր նվիրապետական շրջան ունեցել է իր գանձարանը, որտեղ հավաքվել են Մայր աթոռի անունով ժողովված բոլոր նվերները: Գանձարաններն ունեցել են գանձապետներ կամ գանձապահներ, որոնց վստահվել է նվիրատվությունների նկատմամբ հսկողության իրականացումը և դրամի կամ բեռների Մայր աթոռ տեղափոխումը: Նվիրակության ժամանակ եպիսկոպոս նվիրակն հաճախ իր սպասավոր սարկավագին ժողովրդի բազմության առաջ ձեռնադրել է վարդապետ՝ օտար ափերում հայրենի ավանդներին և ծեսերին հայությանը հաղորդակից դարձնելու համար:
Բացի այդ նվիրակն իր շրջանում ձեռնարկել է զանազան արարողություններ, բարենորոգություններ, օծել եկեղեցիներ, հիմնել դպրոցներ, կազմակերպել բազմամարդ ուխտագնացություններ Ս. Էջմիածին ևն: Հատկապես հանդիսավորությամբ են կատարվել ուխտագնացությունները: Նվիրակների առաջնորդությամբ ուխտավորները հեռավոր վայրերից ս. Հռիփսիմյանց տոնին Ս. Էջմիածին ուխտ գալով, եկեղեցական թափորով առաջնորդվել են դեպի Մայր տաճար: Փակ դռան առաջ ասվել է «Խոստովան եղերուք» սաղմոսը մինչև «Բացէք» տունը, ապա եկեղեցու դուռը բացվել է, և «Զողորմութեանց քոց դուռն» շարականը երգելով՝ մտել են տաճար: Ս. Իջման սեղանի առաջ երգվել է «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը:
Հանդիսադիրը, որը նվիրակն էր, սաղմոս երգելով և աղոթելով երկրպագել է ս. Սեղանին՝ համբուրելով Խաչն ու Ավետարանը: Ապա «Պահպանիչ»-ով օրհնել է ուխտավորներին, որից հետո սկսվել է նրանց ուխտադրությունը: Սակայն XIX դ. սկզբից՝ նվիրակության դադարումով, վերացել են ուխտավորների խմբովին Ս. Էջմիածին գալը և Մայր տաճար մտնելու արարողությունը:
Նվիրակության մասին առաջին անգամ հիշատակում է Ստեփանոս արք. Օրբելյանը: Համաձայն նրա, Կիլիկիայում գահակալած Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսը (1293–1307) նվիրակի կարգավիճակով Հայաստան է ուղարկել Կոստանդին վարդապետին: Նվիրակությունը, որպես Հայ եկեղեցու ներսում սկզբնավորված նոր երևույթ, ծաղկել և զարգացման բարձր աստիճանի է հասել XVII–XVIII դդ., երբ Հայոց կաթողիկոսները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել նվիրակների գործունեությանը: Ղազար Ա Ջահկեցի կաթողիկոսը (1737–51) օսմանյան իշխանություններից ձեռք է բերել մի ֆերման (հրովարտակ), որով թուրք պաշտոնյաներին հրահանգվել է չխոչընդոտել կաթողիկոսական նվիրակների գործունեությանը կայսրության սահմաններում: Կաթողիկոս Հակոբ Ե Շամախեցին (1759–63) նմանօրինակ մի արտոնագիր է ձեռք բերել պարսկական իշխանություններից: Երևանի Ալի Հուսեին խանը նվիրակներին արտոնել է ազատ շրջագայել պետության սահմաններում՝ տալով նրանց մաքսային որոշ արտոնություններ: Նվիրակների դերի բարձրացմանը զուգընթաց, կամավոր տուրքերից բացի, ըստ կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու, նրանց միջոցով են հավաքվել նաև կաթողիկոսական և առաջնորդական տուրքերը: Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի (1809–30) ժամանակ կազմվել է նվիրակության վերաբերյալ մի կանոնադրություն՝ 18 հոդվածից բաղկացած, որով սահմանվել է նվիրակության դերը և նվիրակների գործունեությունը: Սակայն այս կանոնադրությունը չի գործադրվել, իսկ նվիրակության գործը գնալով թուլացել է: Թեև Եփրեմ Ա Ձորագեղցուն հաջորդած կաթողիկոսները երբեմն Նվիրակներ են ուղարկել տարբեր վայրեր, բայց նրանց դերը հետզհետե փոխվել է՝ կորցնելով նախկին նշանակությունը:
Ա. Ղազարյան
Գրականության ցանկ
«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am