ՆՎԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, եկեղեցու ձեռնադրված պաշտոնեության կամ եկեղեցական վարչության սրբազան իշխանություն: Եկեղեցական իշխանությունն աստիճանաբար նվիրապետության է վերաճել III դ. 1-ին կեսին՝ կարգապահական և վարչական խնդիրների արծարծման բուռն շրջանում, եկեղեցու հայրեր Տերտուղիանոսի, Կիպրիանոսի և այլոց եռանդուն ջանքերով:

Իբրև առաքյալներից ավանդված ժառանգության լիակատար տնօրինողներ, նվիրյալները կամ ընծայյալները (անձինք, ովքեր իրենց ընծայում կամ նվիրում են Աստծո ծառայությանև եկեղեցու սպասավորության) համարվում են եկեղեցու սրբազան պաշտոնյաները, վարդապետները և դատական իրավունքն իրականացնողները: Եկեղեցին ուսուցանում է, որ նվիրապետությունն իր ծագումով պարտական է աստվածային հիմնադրության ոլորտին, և որ նրա բոլոր անդամներն ունեն Սուրբ Հոգու հատուկ շնորհը՝ փոխանցված Ձեռնադրության խորհրդի կատարման միջոցով:

Նվիրապետության կառուցվածքի աստիճանականության հարցում Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները տարբեր մոտեցումներ ունեն: Առաջինը նվիրապետության բարձրագույն ատյան է համարում տիեզերական ժողովը՝ կազմված տեղական բոլոր եկեղեցիների նվիրապետական աթոռներից: Մինչդեռ Կաթոլիկ եկեղեցին նվիրապետական իշխանությունն ամբողջապես մարմնավորում է պապի՝ որպես եկեղեցու տեսանելի պետի և իր գործունեության մեջ բացարձակ անսխալական հովվի, անձի մեջ:

Նվիրապետության հիմնական աստիճանները երեքն են՝ սարկավագություն, քահանայություն, եպիսկոպոսություն: Հայ եկեղեցում նվիրապետական կարգի գլուխն է Ամենայն հայոց կաթողիկոսը: Հայ եկեղեցու նվիրապետության մեջ երեք հիմնական աստիճաններին ավելանում է չորրորդը՝ կաթողիկոսությունը, քանի որ, ի տարբերություն մյուս եկեղեցիների, Հայ եկեղեցու կաթողիկոսը մի կարգ բարձր է եպիսկոպոսությունից:

Եկեղեցու ս. հայրերը դարերի ընթացքում եկեղեցական  նվիրապետության մեջ հաստատել են ինը կարգ. 

1. դռնապանություն, 2. ընթերցողություն,

3. երդմնեցուցչություն, 4. ջահընկալություն,

5. կիսասարկավագություն, 6. սարկավագություն,

 7. քահանայություն, 8. եպիսկոպոսություն,

9. կաթողիկոսություն:

Առաջին չորս կարգերը կոչվում են դպրության աստիճաններ, դրանք ստացողները՝ դպիրներ: Դպիր նշանակում է գրչության պաշտոնյա, ուսյալ, կարդացող և գրող: Նրա պաշտոնը Հին կտակարանի գրքերը մեկնելն ու ժողովրդին ուսուցանելն է եղել: Նրանք կոչվել են նաև օրինաց վարդապետներ կամ օրինականներ: Առաջին դարերից եկեղեցու ծառայության նվիրվածներից գիրք, սաղմոս և շարական կարդացողները կոչվել են դպիր:

Ներկայումս դպիր են կոչվում նաև եկեղեցու երգեցիկ խմբի անդամ և եկեղեցու ծառայության մեջ գտնվող արժանավորները, որոնց շնորհվում են դպրության չորս աստիճանները: Երգեցիկ դպիրների խումբը կոչվում է դպրաց դաս: Դպրության չորս աստիճանների տվչությունից առաջ ձեռնադրիչ եպիսկոպոսը սաղմոսերգության և ավելածության պաշտոններ է տալիս նվիրյալին՝ մասնավոր արարողությամբ: Կաթոլիկ եկեղեցում ընծայյալի գլուխը պսակաձև ածիլում են՝ իբրև Հիսուսի փշե պսակի խորհրդանշան: Հայ եկեղեցում եպիսկոպոսը խաչաձև կտրում է մազերը՝ իբրև խորհրդանշան երկրային և մարմնավոր ցանկություններից հրաժարվելու: Այս արարողությամբ նվիրյալը դառնում է Աստծո ծառա և եկեղեցու սպասավոր (կան սպասավորության տարբեր կարգեր՝ կղերիկոս կամ ժառանգավոր,ավելածու, ժամկոչ, լուսարար, հնում՝ փակակալ ևն):

Նվիրապետական սանդղակի վրա առանձնանում է երկու շերտ. 

ա. բարձրաստիճան հոգևորականություն (մեծ աստիճաններ), բ. Ստորին կամ խոնարհ պաշտոնեություն (փոքր աստիճաններ): Առաջինի մեջ ընդգրկվում են քահանաները, եպիսկոպոսները և կաթողիկոսը, որոնք իրենց իշխանությունն ստանում են Ձեռնադրությամբ և օծումով: Երկրորդում ընդգրկվում են դռնապանությունից մինչև սարկավագության (տես Սարկավագ) աստիճանները և սպասավորները (կղերիկոս, ավելածու, սաղմոսերգու, ժամկոչ ևն), որոնց տվչությունը կատարվում է միայն Ձեռնադրությամբ: Դպիրները, սարկավագները և քահանաները կարող են լինել կուսակրոն (տես Կուսակրոնություն) կամ ամուսնացած, ինչպես նաև զբաղվել աշխարհիկ այլ գործերով:

 

                                                                           Ղազարյան Ա.  

 

Գրականության ցանկ

«Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am