ՊԱՐԱԿԱՆՈՆ ԳՐՔԵՐ, անկանոն գրքեր, գաղտնի գրքե ր, սուտ գրքեր, ծածուկ գրքեր, ապոկրիֆ գրքեր (հուն. ապոկրիֆոս- գաղտնի, ծածուկ), քրիստոնեական գրականության պատմության մեջ այն գրվածքները, որոնք բովանդակությամբ առնչվում են Աստվածաշնչին, առաքյալներին և սուրբգրային անձերին, սակայն եկեղեցու կողմից մերժվել են և դուրս մնացել Աստվածաշնչի Կանոնից (տես Կանոնական գրքեր): Պարականոն գրքերի մեծ մասը գրվել է II–IV դդ.: Դրանք ստեղծվել կամ խմբագրվել են Աստվածաշնչի կանոնական գրքերի (հիմնականում՝ նորկտակարանային երկերի) նմանությամբ: Գոյություն ունեն պարականոն ավետարաններ, գործքեր, նամակներ, հայտնություններ, թղթեր: Նորկտակարանային Պարականոն գրքերին զուգահեռ երևան են եկել նաև մի շարք հինկտակարանային անկանոնականներ, որոնք հիմնականում հին տեքստերի քրիստոնեական խմբագրություններ են: Հին կտակարանի պարականոնների մեծ մասի հեղինակներ են համարվում մովսիսական կամ քրիստոնեացած հրեաները: Պարականոն գրքերը երևան են եկել տարբեր պատճառներով: Քանի որ Նոր կտակարանը բազմաթիվ բացեր ունի Քրիստոսի մանկության և պատանեկության տարիների, առաքյալների քարոզչական գործունեության, Աստվածածնի կյանքի և այլնի վերաբերյալ, մի շարք «ջերմեռանդ» քրիստոնյաներ փորձել են լրացնել այդ բացերը: Բազմաթիվ Պարականոն գրքեր են գրել նաև հերետիկոսները, քրիստոնյա աղանդավորները և, գլխավորապես, գնոստիկյանները (տես Գնոստիցիզմ)՝ իրենց գաղափարախոսությունը Սուրբ Գրքի տեսքով ճշմարտացի ներկայացնելու համար: Քիչ չեն նաև այն Պարականոն գրքեր, որոնք ստեղծել են եկեղեական կենտրոնները կամ Աթոռները՝ ցույց տալու համար իրենց եկեղեցու կապը այս կամ այն առաքյալի հետ:

Եկեղեցին միշտ բացասաբար է վերաբերվել Պարականոն գրքերին, պայքարել նրանց դեմ: Հայ եկեղեցին նույնիսկ միջոցներ է ձեռնարկել՝  վանքերում կասկածելի և պատահական մարդկանց միջոցով գրքերի ընդօրինակումն ու բազմացումը կանխելու նպատակով: Այդ մտահոգությամբ է, որ Սսի 1243-ի ժողովի ընդունած ԺԱ կանոնով պահանջվել է «զսուրբ գիրս եկեղեցւոյ գրել արուեստաւորաց, գիտնոց և ուղղափառաց»: Այնուհանդերձ, Ընդհանրական եկեղեցին, թյուրիմացաբար, մի կարճ ժամանակ ընդունել է որոշ Պարականոն գրքեր (Պետրոսի Հայտնությունը, Պողոսի Առ Կորնթացիս Գ նամակը ևն)՝ իբրև աստվածաշնչական, և դրանք ներմուծ ել Նոր կտակարանի կանոնում: Պողոսի Առ Կորնթացիս Գ նամակը որոշ շրջան կանոնական է համարվել նաև Հայ և Ասորի եկեղեցիներում: Հին և Նոր կտակարանների անկանոնականները, որոնք հիմնականում գրվել են հունարեն, միջին դարերում թարգմանվել են (ղպտերեն, եթովպերեն, հայերեն, արաբերեն, լատիներեն, սլավոներեն ևն) և տարածվել քրիստոնեական բոլոր երկրներում:

Հայ եկեղեցին տարբեր ժամանակներում կազմել է Հին և Նոր կտակարանների կանոնական գրքերի, ինչպես նաև անկանոն գրքերի ցուցակներ: Դրանք հայ մատենագիտ. գրականության հնագույն նմուշներն են և մեծ արժեք են ներկայացնում հայ մատենագիտության պատմության, բանասիրության և հայագիտության համար: Հայկ. ինքնուրույն Պարականոն գրքերը  որպես այդպիսիք չկան: Հայտնի են բավական մեծ թվով հայերեն Պարականոն գրքեր, որոնք թարգմանություններ են հունարենից և ասորերենից, անկանոն գրքերից ծագած գրական վերամշակումներ կամ բանահյուսական ստեղծագործություններ են: Պարականոն գրքերի հայերեն թարգմանությունները մեծ մասամբ կատարվել են V–VI դդ.:

Պարականոն գրքերի հայերեն ցանկերից առաջինը Սամուել Անեցու ավանդածն է: Ըստ նրա, 590-ին Հայաստան են եկել ասորի նեստորական քարոզիչներ, որոնք շուտով հալածվել են, բայց նրանց բերած «սուտ» գրքերը թարգմանվել են հայերեն: Սամուել Անեցին տալիս է նաև թարգմանված գրքերի անունները՝ թվով 10, իսկ մեկ այլ՝ առավել լրիվ ցանկում հիշատակվում են 16 անկանոնականների անուններ: Դրանց հաջորդում են (XIII դ. ընդօրինակությամբ) Մխիթար Այրիվանեցու «Ճառընտիր»-ում պահպանված, նրա ժամանակ (XIII դ.) գոյություն ունեցող հայերեն Պարականոն գրքերի երեք ցուցակները: Ցուցակներից առաջինը, որ կրում է «Գիրք զոր ունին Հրեայքն ի ծածուկ» խորագիրը, վերաբերում է Հին կտակարանի անկանոն գրքերին և թվարկում է 10 գիրք: Հաջորդը, որը կրում է «Իսկ ըստ Նորոյս» խորագիրը, վերաբերում է Նոր կտակարանի Պարականոն գրքերին և թվարկում է 5 կամ 7 գիրք (եթե վերջում հիշատակվող ընդհանրական թղթերը հաշվենք առանձին-առանձին): Երրորդ ցուցակում Մխիթար Այրիվանեցին նշել է Կղեմես Հռոմայեցու (I դ.) «ընդունելի» համարած գրքերը, որոնցից 6-ը նորկտակարանային անկանոնականներ են: Մխիթար Այրիվանեցին ավանդել է նաև Հովհաննես Սարկավագի (XI դ.) կազմած «Կարգադրութիւնք գրոց սրբոց»-ը, այսինքն՝ Աստվածաշնչի Կանոնը, որոնց մեջ կան Հին և Նոր կտակարանների մի քանի Պարականոն գրքեր:

Բացի այդ ցուցակներից հայ մատենագրության մեջ պահպանվել են հարյուրից ավելի պարականոններ (առավելապես՝  նորկտակարանային), որոնց զգալի մասը մեզ է հասել զանազան տարբերակներով, խմբագրություններով և խորագրերով:

Պարականոն գրքերը, լինելով կրոնական հին ավանդություններ և նաև՝ պատմական  հիմք պարունակող գրություններ, մեծ հետաքրքրություն են ներկայացնում նախնական եկեղեցու պատմության, հոգևոր և ծիսական դրության պատկերն ամբողջացնելու տեսակետից, պատկերացում են տալիս Հին եկեղեցու ծոցում ծնված աղանդների, եկեղեցու կյանք ներթափանցած գնոստիկյան, հուդայական, հունական, տիեզերաբանական և փիլիսոփայական  հայացքների, ինչպես նաև առաջին քրիստոնյաների բարքերի ու սովորությունների մասին: Պարականոն գրքերը որոշ ազդեցություն են թողել հին քրիստոնեական և միջնադարյան արվեստի ու գրականության վրա, պատճառ են դարձել եկեղեցական մի շարք տոների և ավանդությունների ձևավորման, անուղղակիորեն նպաստել են առաքելական ավանդության ճշմարտության, ուղղափառության և վավերականության ըմբռնմանը:

Հայ իրականությունում Պարականոն գրքերը ազդեցություն են ունեցել արվեստի և գրականության վրա: XV դ. սկզբին Առաքել Սյունեցին իր նշանավոր «Ադամագիր»-ը, XVIII դ. սկզբին Թովմա Ագուլեցին իր «Պատմութիւն Թովմայի առաքելոյն»  ծավալուն բանաստեղծությունը մասամբ կամ ամբողջովին հյուսել են անկանոնականների վրա: Պարականոն գրքերից ազդվել են հայկական մանրանկարչությունը, քանդակագործությունը ևն:

                                                                            Ղազարյան Ա.

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 857-858:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am