ՊԱՐՏԱՎԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ, գումարվել է 768-ին, Հայոց կաթողիկոս Սիոն Ա Բավոնեցու նախաձեռնությամբ, Մեծ Հայքի Ուտիք նահանգի Պարտավ քաղաքում, որն այդ ժամանակ Աղվանից կաթողիկոսության աթոռանիստն էր: Հայաստանի մայրաքաղաք և կաթողիկոսանիստ Դվինը գրավել էին արաբները, և դրանով է Սիոն Ա Բավոնեցին բացատրել ժողովը Պարտավում անցկացնելու հանգամանքը: Մասնակցել են եպիսկոպոսներ, երեցներ, ինչպես նաև ազատներ ու նախարարներ՝ սպարապետ Սահակ Բագրատունու գլխավորությամբ: Այն հոգևորականները, որոնք չեն կարողացել գալ Պարտավ, գրով հայտնել են իրենց համաձայնությունը ժողովի կայացնելիք որոշումներին:
Մասնակցել են նաև Աղվանից Դավիթ կաթողիկոսը, Աղվանից աշխարհի իշխաններ և ազատներ: Ժողովն ընդունել է 24 կանոն, որ «
Կանոնագիրք Հայոց»
-ում հայտնի է «
Սիոն կաթողիկոսի կանոնախումբ»
անունով: Կանոնները վերաբերում են եկեղեց. կարգ ու կանոնին, եկեղեցականների պարտավորություններին և իրավունքներին: Եպիսկոպոսներին արգելվել է մյուռոն օրհնել, բռնի տուգանքներ գանձել, տուգանքները և հարկերը գրպանել, իրենց չենթարկվող վիճակների համար քահանաներ ձեռնադրել, եկեղեցական հասույթներով հարկեր վճարել: ԺԱ կանոնն արգելել է հեթանոսների հետ ամուսնությունը, ԺԳ կանոնը՝ երրորդ ամուսնությունը: ԺԶ կանոնով արգելվել է ազգականների միջև ամուսնությունը՝ մինչև չորրորդ սերունդ (նույն արգելքը հայոց եկեղեական իրավունքում մինչ Պարսից եկեղեցական ժողովը սահմանել են նաև Շահապիվանի ժողովի ԺԳ, Աղվենի ժողովի Ժ կանոնները): ԺԷ կանոնը խստիվ արգելել է ուրիշ վիճակներից եկած թափառաշրջիկներին ողորմություն տալը. մուրացիկներին պետք է օգնություն ցույց տրվեր ըստ իրենց թեմի տարածքի: Դրա համար պատվիրվել է կառուցել անելանոցներ՝ հիվանդներին և անկարողներին մի տեղ հավաքելու և թույլ չտալու, որ նրանք մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվեն: Մեկ այլ կանոնով թեմի առաջնորդներն ու ազատները պարտավոր էին հոգալ ավերված անկելանոցները, բարեխնամ հաստատությունները նորոգելու, նշանակված տուրքը ժողովրդից հավաքելու և դրանով կարոտյալներին խնամելու մասին: ԻԴ կանոնով կանոնական են ճանաչվել Հին կտակարանի գրքերից 37-ը:
Ղազարյան Ա.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 859-860: