ՊԱՐԶՅԱՆ Սուքիաս [10.12.1837, Աստապատ (Նախճավանի գավառ) – 12.9.1914, Վաղարշապատ], արքեպիսկոպոս, բանասեր, մանկավարժ: Ավարտել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցը (1856): 1863-ին նշանակվել է Թիֆլիսի վիճակի կոնսիստորիայի անդամ: 1869-ից՝ վարդապետ, 1875-ից՝ եպիսկոպոս, 1893-ից՝ արքեպիսկոպոս: Եղել է Սինոդի անդամ (1886–91), Ախալցխայի (1869–72), Ալեքսանդրապոլի (1872–74, 1875–77), Նոր Նախիջևանի (1881–1883), Աստրախանի (1883–86), Երևանի (1888–1890, 1899–1903), Ատրպատականի (1893–95) հայոց թեմերի առաջնորդ: Դասավանդել է Էջմիածնի ժառանգավորաց դպրոցում (1860–63),Գևորգյան ճեմարանում (1874–75, 1895–99), եղել ճեմարանի տեսուչ (1895–99), «Արարատ» ամսագրի խմբագրապետ (1897–99): Մատուցած ծառայությունների համար ցարական կառավարությունը 1886-ին նրան շնորհել է Ս.Ստանիսլավի առաջին կարգի շքանշան: Պարզյանը զորավիգ է եղել հայ դպրոցական կյանքի բարելավմանը, պայքարել Հայ եկեղեցու ներքին գործերին միջամտելու, եկեղեցական գույքի բռնագրավման, հայկական դպրոցները փակելու՝ ցարական կառավարության քաղաքականության դեմ: Հակակառավարական ելույթների համար աքսորվել է Օրյոլ (1891–1893) և Օրենբուրգ (1903–05): Պարզյանի նյութական օժանդակությամբ են իրականացվել «Պատմագիրք Հայոց» մատենաշարի հատորների [Ղազար Փարպեցի (1904), Ագաթանգեղոս (1909), Մովսես Խորենացի (1913)], Ս. Ամատունու «Հին և նոր պարականոն ու անվավեր շարականներ» (1911) ուսումնասիրության, Գրիգոր Կամախեցու «Ժամանակագրության» (1915), Մ. Օրմանյանի մի շարք երկասիրությունների տպագրությունը, Էջմիածնի տպարանի շինարարությունը ևն: Խոշոր գումար է կտակել հայ հին մատենագիրների երկերի (շուրջ 40) քննահամեմատական բնագրերը հրատարակելու համար (իրագործվել է մասամբ):
Հայ եկեղեցու պատմության հարցերին նվիրված նրա երկասիրությունները կարևոր սկզբնաղբյուր են նաև XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ հասարակական կյանքի ուսումնասիրության համար:
Ստեփանյանց Ս.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 859:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am