ՊԱՏՃԱՌ, մեկնողական գրականության ժանր: Պատճառի նպատակը արևելաքրիստոնեական մատենագրության մեջ առավել կարևոր տեղ զբաղեցնող աստվածաբանական երկերի հորինման շարժառիթների, ժամանակի, հեղինակային պատկանելության և այլ հարակից հանգամանքների վերլուծությունն ու պարզաբանումն է: Պատճառը երկի ստեղծման գրական պատմությունն է, նրա աստվածաբանական  արժեքավորումը: Ունենալով մատենախոսական հարուստ բովանդակություն՝ Պատճառները ներառվել են հայ միջնադարյան բարձրագույն դպրոցների և վարդապետարանների ուսումնական ծրագրերի մեջ: Դրանք եղել են բարոյական աստվածաբանության ձեռնարկներ, որտեղ տեսականորեն ամբողջացված է դասական համարում ունեցող հայրախոսական ժառանգությունը: Պատճառի հորինման գործում հատկապես մեծ է Դավիթ Քոբայրեցու վաստակը: Նրա գրչին են պատկանում Փիլոն Ալեքսանդրացու (Եբրայեցի), Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Գրիգոր Նյուսացու երկերի, ինչպես նաև՝  Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան»«Ի Սուրբ Խաչն աստուածընկալ»-ի Պատճառները: Իր տեսակի մեջ բացառիկ է XIII դ. հեղինակ Գրիգոր Աբասյանի (տես Գրիգոր որդի Աբասա) կազմած «Գիրք պատճառացը», որտեղ ի մի են բերված մինչ այդ հրապարակի վրա եղած Պատճառները:

                                                                       Քյոսեյան  Հ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 854:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am