ՊԱՏԿԵՐԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, կրոնաքաղաքական շարժում Բյուզանդիայում 726–842-ին. մերժել է սրբապատկերների պաշտամունքը (տես Պատկերապաշտություն): Շարժումը գլխավորել է պետությունը՝ ջանալով սահմանափակել եկեղեցու քաղաքական դերը, վանականության աճն ու տարածումը: Բյուզանդիայում դեռևս IV դարից ելույթներ են եղել պատկերապաշտության դեմ. այն որակվել է կռապաշտություն (Եվսեբիոս Կեսարացի, Եպիփան Կիպրացի և ուր.) և ստացել կրոնադավանական բնույթ:
Բյուզանդիայում Պատկերամարտությունը ունեցել է երկու ժամանակաշրջան: Առաջինը սկսվել է 726-ին, Լևոն III-ի՝ սրբապատկերներն արգելող հրով արտակով: Պատկերամարտությունն ուժեղացել է Կոստանդին V-ի (741–775) և որոշ անկում ապրել Կոստանդին VI-ի (780–797) ու կայսրուհի Իրենեի (797– 802) ժամանակ: VII–VIII դդ. բյուզանդական եկեղեցու ներսում անզիջում պատերազմներ են սկսվել պատկերամարտների և պատկերապաշտների միջև: Չնայած պատկերամարտների որոշ հաջողություններին՝ պատկերապաշտությունը տարածվել է բյուզանդական եկեղեցաքաղաքական ազդեցության բոլոր ոլորտներում և ավելի արմատավորվել՝ իբրև քրիստոնեական հավատի ուղղափառ դրսևորում: 787-ի Նիկիայի ժողովը (անվանված VII տիեզերական) դատապարտել է Պատկերամարտությունը:
Լևոն V Հայկազնի (813–820) օրոք սկզբնավորվել է Պատկերամարտության երկրորդ ժամանակաշրջանը, սակայն տևել է կարճ, և 842–843-ին հայազգի կայսրուհի Թեոդորան (842–856) վերականգնել է սրբապատկերների պաշտամունքն ու ապահովել պատկերապաշտության վերջական հաղթանակը: Հույն եկեղեցում դա հռչակվել է «ուղղափառության տոն», և քառասնօրյա պահքի առաջին կիրակին տոնվում է որպես «ուղղափառության կիրակի»:
VI–VII դդ. Պատկերամարտությունը տարածվել է նաև Հայաստանում: Պատկերամարտներ էին պավլիկյաններն ու թոնդրակեցիները, որոնք «կռապաշտութիւն զմերս պաշտօն համարելով իբր եթէ պատուողացն զնշան խաչին և զպատկերս սրբոցն» (Գրիգոր Մագիստրոս, Թղթեր, 1910, էջ 168–170): Պատկերամարտության դեմ պայքարել են Վրթանես Քերթողը, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Մայրավանեցին և ուր.:
Վրթանես Քերթողի «Յաղագս պատկերամարտից»-ը հայոց մեջ Պատկերամարտության դեմ ամենաընդարձակ և հանգամանալից երկն է, որևէ լեզվով այդ շարժման դեմ գրված ամենահին գրությունը: Վրթանես Քերթողը և Հովհան Մայրավանեցին տեղեկություններ են հաղորդել հայ պատկերամարտների մասին, որոնք գործել են Սոթք գավառում և Արցախում, ունեցել են անգամ հակապատկերապաշտական գրվածքներ: Նրանք պատկերների պաշտամունքը համարել են բյուզանդական երևույթ և քաղկեդոնականություն, կոչ արել ոչնչացնել դրանք: Հայ իրականությունում պատկերամարտների և պատկերապաշտների հակադրությունն ընթացել է Հայ եկեղեցու հակաքաղկեդոնական գաղափարական պայքարի շրջանակներում, երբ երկու կողմերն էլ քաղկեդոնականություն են համարել մի դեպքում պատկերապաշտությունը, մյուս դեպքում ՝ Պատկերամարտությունը: Հայ եկեղեցին մերժել է երկու ծայրահեղ մոտեցումները: Նա սրբապատկերների պաշտամունքի նկատմամբ երբեք բացասական դիրք չի ունեցել, բայց այդ պաշտամունքը չի էլ հասցրել բյուզանդական եկեղեցում տեղ գտած չափազանցությունների:
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 852-853:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am