Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Պատկերապաշտություն

 ՊԱՏԿԵՐԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ, պատկերահարգություն, Հիսուս Քրիստոսի, Մարիամ Աստվածածնի, աստվածաշնչյան և կրոնական թեմաներով պատկերների, սրբանկարների պաշտամունք: Պատկերապաշտության դեմ ելույթներ են եղել դեռևս IV դ. (Եվսեբիոս Կեսարացի, Եպիփան Կիպրացի և ուր.): IV դ. սկզբին Էլվիրի (Իսպանիա) եկեղեցական ժողովը, Պատկերապաշտությունը համարելով կռապաշտություն, արգելել է սրբապատկերների պաշտամունքը: Ի պաշտպանություն իրենց գաղափարների, պատկերապաշտները վկայակոչել են Եդեսիայի Աբգար թագավորին ուղարկված Քրիստոսի վարշամակի մասին ավանդությունը, համաձայն որի, դրա վրա եղել է Տիրոջ անձեռագործ պատկերը: Քրիստոսի պատկերումը մարդկային կերպարանքով կանոնացվել է 692-ի Տրուլլոսի եկեղեցական ժողովում: VII դարից Բյուզանդիայում հանդես են եկել պատկերամարտները (տես Պատկերամարտություն), որոնք պայքար են մղել Պատկերապաշտության դեմ: Պատկերապաշտությունը կանոնացվել է 787-ի Նիկիայի եկեղեցական  ժողովում այն պայմանով, որ պաշտամունքի առարկա է ոչ թե պատկերի նյութը՝ փայտն ու ներկերը, այլ պատկերվածը: Հայ եկեղեցին, մասնակցելով պատկերամարտների և պատկերապաշտների միջև պայքարին, խրախուսել է պատկերահարգությունը՝ խուսափելով նրա ծայրահեղ դրսևորումներից: Հայ եկեղեցու հայրերն ու վարդապետները մեղք են համարել սրբապատկերի ոտնահարումը, հակաճառել պատկերամարտության հայ և օտար գաղափարախոսներին, հարգալից վերաբերմունքի կոչ արել պատկերների հանդեպ՝  բացատրելով դրանց արժեքը, նշանակությունն ու անհրաժեշտությունը:

Միաժամանակ նրանք խորհուրդ են տվել չընկնել կռապաշտության գիրկը և հեթանոսների նման միայն պատկերներին չապավինել: Ըստ հայ վարդապետների՝  պետք է պաշտել ոչ թե պատկերները, այլ փառավորել նկարված սրբերին և նրանցից բարեխոսություն խնդրել, խաչին և սրբերին երկրպագել որպես միջնորդի՝  Աստծո օգնությունը հայցելու համար: Պատկերապաշտությունն իր չափավոր ձևի մեջ պաշտպանել են Վրթանես Քերթողը, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհան Մայրավանեցին և ուրիշներ:

Հայ եկեղեցում պատկերների պաշտամունքը, սկսած VII–VIII դարերից, հիմնականում հանգել է խաչին և Քրիստոսին: Սրբապատկերները, մի շարք մասնավոր դեպքերից բացի, չեն դարձել պաշտամունքի կենտրոնական առարկան և մեծ տարածում չեն գտել: Դրանց պաշտամունքը, ի տարբերություն մյուս եկեղեցիների, մղվել է հետին պլան. «Յոյնք և վիրք զպատկերագրութիւն առաւել պատուեն, և Հայք՝ զխաչ» (Մխիթար Գոշ«Թուղթ...», տես «Արարատ», 1900, նոյեմբ., էջ 562): Հովհաննես Գ Օձնեցին և Ղեվոնդ պատմիչը (VIII դ.) խաչի հետ միաժամանակ սրբապատկերներից հիշատակում են միայն Քրիստոսի պատկերը. «... որ պատուէ զխաչն Քրիստոսի և զպատկեր նորին, զնոյն ինքն պատուեալ լինի զՔրիստոս...» (Հովհաննես Իմաստասեր Օձնեցի, Մատենագրութիւնք, 1834, էջ 55): VIII և հետագա դարերի հայ պատկերամարտները (պավլիկյաններ, թոնդրակեցիներ և այլ աղանդավորներ) նույնացրել են խաչապաշտության և Պատկերապաշտության երևույթները և, քանի որ պատկերների պաշտամունքը Հայաստանում թույլ էր արտահայտված, ընդդիմախոսության թիրախ են դարձրել խաչապատկերների պաշտամունքը: Հովհաննես Գ Օձնեցին նրանց անվանել է «խաչամարտներ», որոնք  «..վերացեալ ելին ի պատկերամարտութենէ ի խաչամարտութիւն և ի Քրիստոսատեցութիւ» (նույն տեղում, էջ 78): Այդ հոսանքին դիմագրավելու համար Հովհաննես Գ Օձնեցին պատկերների ջատագովությունից անցել է խաչերի պաշտպանության, նպաստելով հայոց մեջ խաչի քարոզչության ու պաշտամունքի տարածմանը, և սկիզբ դրել զուտ խաչապաշտության պաշտպանությանը: Խաչապաշտության ջատագովության ավանդույթը հունադավանության ու աղանդավորության դեմ մղած իրենց գաղափարական պայքարում շարունակել են հետագայի նշանավոր վարդապետներ Անանիա Սանահնեցին, Հովհաննես Սարկավագը, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը և ուրիշներ:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 853-854:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am