ՊԱՏՐԻԱՐՔ (հուն.՝ հայրապետ, հայրերի ավագ), Ուղղափառ եկեղեցու գահակալի բարձրագույն տիտղոս: Եկեղեցական պատմության մեջ Պատրիարք են կոչվել Ընդհանրական եկեղեցու հինգ աթոռների՝ Հռոմի, Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Անտիոքի և Երուսաղեմի եպիսկոպոսները (հերթականությունը սահմանվել է 381-ի Կ. Պոլսի Բ տիեզերական ժողովի 3-րդ կանոնով, վերահաստատվել 451-ի Քաղկեդոնի ժողովի 28-րդ կանոնով): 1054-ին Հռոմի և Կ. Պոլսի եկեղեցիների բաժանումից հետո Պատրիարք են կոչվել միայն Ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերը: Հետագայում մի շարք Ուղղափառ ինքնուրույն (ավտոկեֆալ) եկեղեցիների (ռուս., բուլղ.,ռումին., սերբ. ևն) առաջացումից հետո դրանք նույնպես գլխավորել են Պատրիարքները: Վրաց, ինչպես նաև Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդները կոչվում են կաթողիկոս-պատրիարք: Հայ առաքելական եկեղեցին ունի երկու պատրիարքություն՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի, որոնց աթոռների գահակալները կոչվում են Պատրիարքներ: Հայոց մեջ Պատրիարքները ձեռնադրությամբ և օծմամբ եպիսկոպոսներ են՝ արքեպիսկոպոսի տիտղոսով, ընտրված իրենց միաբանությունների և ժողովրդի կողմից, որպես վարչական պաշտոն: Ունենալով միայն վարչական իրավասություններ՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց Պատրիարքները եպիսկոպոսական ձեռնադրություն և մյուռոնօրհնություն չեն կատարում և արքություն չեն շնորհում իրենց իշխանության ներքո գտնվող եպիսկոպոսներին (դրանք վերապահված են միայն Ամենայն հայոց կաթողիկոսին): Հայ եկեղեցու զույգ պատրիարքություններն ի հոգևորս ենթակա են Ամենայն հայոց կաթողիկոսությանը: Ամենայն հայոց կաթողիկոսը XVI–XVII դարերից կոչվում է նաև Ծայրագույն Պատրիարք՝  պայմանավորված Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց Պատրիարքների, Աղթամարի, Գանձասարի (Աղվանից) և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսների վրա Ամենայն հայոց կաթողիկոսի գերագահությամբ:

                                                                               Ղազարյան Ա.  

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 857:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am