ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐ տասը, տասնաբանյա, աստվածային պատգամներ՝ տրված մարդուն, որպեսզի վերջինս, որպես ազատ կամք և ընտրության հնարավորություն ունեցող բանական էակ, ընտրություն կատարի բարու և չարի,կյանքի և մահվան, շնորհի և մեղքի, ի վերջո՝ Աստծո և սատանայի միջև: Նախքան տասնաբանյան Աստված առաջին պատվիրանը տվել էր դրախտաբնակ մարդուն: Երբ Ադամն ու Եվան պահում էին Երկնավորի պատգամը՝ սնվում էին երկնավոր շնորհներով, բայց, խախտելով այն՝ նրանք ընտրեցին չարը, արտաքսվեցին դրախտից, դարձան մեղսական և մահկանացու: Սակայն բազմագութ Աստված, այնուամենայնիվ, շարունակեց խնամարկել մարդուն: Նա հայտնվեց իր ժողովրդին հանձին Մովսեսի, որի առաջնորդությամբ էլ դուրս բերեց նրան «կրակե հնոցից» Եգիպտոսից դեպի Ավետյաց երկիր: Ելքի ճանապարհին, սուրբ Սինա լեռան վրա, Տերը Մովսեսին հաղորդեց տասը պատվիրաններ որպեսզի նա փոխանցի ժողովրդին (Ելք 20.1–17): Պատվիրանները գրված էին քարե տախտակների վրա: Դրանք վերաբերում են ոչ միայն հրեա, այլև բոլոր հավատացյալ ժողովուրդներին. «Տերը հայտնեց հետևյալ բոլոր պատգամ երը՝ ասելով. «Ե՛ս եմ քո Տեր Աստվածը, որ քեզ հանեցի Եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից: Ինձնից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար [1]: Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես: Չպիտի՛ երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տեր Աստվածը՝մի նախանձոտ Աստված. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ [2]:

Քո Տեր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում [3]:

Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն: Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը: Յոթներորդ օրը քո տեր Աստծու շաբաթ օրն է: Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես...., որովհետև Տեր Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ դրանց մեջ է, իսկ յոթներորդ օրը հանգստացավ: Դրա համար էլ Տերն օրհնեց յոթներորդ օրը և այն սուրբ հռչակեց [4]

 Պատվի՛ր քո հորն ու մորը, որպեսզի բարիք գտնես... [5]:

Մի՛ սպանիր [6]:

Մի՛ շնացիր [7]:

Մի՛ գողացիր [8]:

Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր [9]:

Ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր: Ո՛չ քո մերձավորի կնոջ վրա, ո՛չ նրա ծառայի վրա, ո՛չ նրա աղախնու վրա, ո՛չ նրա եզան վրա, ո՛չ նրա էշի վրա, ո՛չ նրա անասունի վրա, ո՛չ այն ամենի վրա, ինչ քո մերձավորինն է, աչք մի' ունեցիր» [10]:

Աստված տվել է նաև այլ պատվիրաններ ու հրահանգներ, որոնք վերաբերում են ժողովրդին, քահանաներին ու քահանայապետներին, սակայն հիմնականը հիշյալ տասնաբանյան է, որտեղ հիշատակված հրեական շաբաթը՝ հանգստյան օրը, քրիստոնյա աշխարհը փոխարինել է կիրակիով (միաշաբթի):

Նշյալ մեղքերը՝ սպանություն, շնություն, սուտ ևն, Աստվածաշնչի տեսակետից սատանայի (Օձի, Բանսարկուի, Հակառակորդի) հարուցած մեղքերն են, ուստի և ատելի են Աստծուն: Խոսելով մովսիսական օրենքի մասին՝ Պողոս առաքյալը ասում է, որ «...օրենքը սուրբ է, պատվիրանն էլ՝ սուրբ և արդար ու բարի», բայց գտնում է , որ «... Աստծո արդարությունը ի Հիսուս Քրիստոս եղած հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար» (Հռոմ. 3.22): Հիսուս Քրիստոսն ամենամեծ Պատվիրանն է համարում նախ՝ սերն առ Աստված և ապա՝ սերն ընկերոջ (մերձավորի, ընդհանրապես՝ մարդու) հանդեպ: Նա աշակերտներին բացահայտում է իր առաքելության իմաստը՝ աստվածային Օրենքի (Պատվիրանի) և մարգարեությունների կատարումը. «Մի՛ կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու [իրականացնելու]»  (Մատթ. 5.17): Հիսուս Քրիստոսը ողջ Օրենքը, մարգարեությունները և պատվիրաներն ամփոփում է հետևյալ խոսքի մեջ. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը: Այս երկու պատվիր աններից են կախված ամբողջ Օրենքը և մարգարեները» (Մատթ. 22.37–40, Մարկ. 12.29– 31, Ղուկ. 10.25–28):

                                                                                               Սարգսյան  Լ.

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 854-855:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am