Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Պատվո աստիճաններ և պարգևատրումներ

 ՊԱՏՎՈ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ Հայ աստանյայց առաքելա կան եկեղեցու, վաստակաշատ հոգևորականներին և նշանակալից ծառայություններ մատուցած աշխարհականներին շնորհվող պատվավոր պարգևներ:

1. Պատվո աստիճաններ

ա. Ավագությ ո ւն, տրվում է վաստակաշատ ամուսնացյալ քահանաներին (ավագ քահանա):

բ. Արքություն, տրվում է վաստակաշատ եպիսկոպոսներին (արքեպիսկոպոս): Արք կամ արհի նշանակում է մեծ: Այն եպիսկոպոսը, որն իր վարչական իրավասության ներքո ունի մեկ կամ ավելի եպիսկոպոս, կոչվում է մեծ եպիսկոպոս, այսինքն՝ արքեպիսկոպոս: Հայ եկեղեցում արքեպիսկոպոսը նվիրապետ. աստիճան չէ, այլ՝ տիտղոս և պատիվ, որ շնորհվում է կաթողիկոսական կոնդակով: Արքեպիսկոպոսը և պատրիարքը ձեռնադրությամբ և օծումով եպիսկոպոսներ են: Երուսաղեմի և Կ. Պոլսի հայոց պատրիարքներն արքեպիսկոպոսներ են ի պաշտոնե:

2. Պարգևատրումներ

ա. Խաչակրություն, լանջախաչ կրելու իրավունք. տրվում է թե՛ ամուսնացյալ քահանաներին (պղնձե արծաթաջուր կամ ոսկեզօծ) և թե՛ վարդապետներին (արծաթե ոսկեզօծ, ակնակուռ):

բ. Ծաղկյա սև փիլոն, տրվում է վաստակ ունեցող ամուսնացյալ քահանաներին և վարդապետներին:

գ. Ծաղկյամանուշակագույն փիլոն, տրվում է ծայրագույն վարդապետներին և բացառիկ դեպքերում՝ ամուսնացյալ քահանաներին:

դ. Շքանշաններ, ներկայումս Հայ եկեղեցին ունի երեք շքանշան՝ «Ս. Գրիգոր Լուսավորիչ»«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» և «Ս. Ներսես Շնորհալի»: Սկզբնական շրջանում Հայ եկեղեցին ունեցել է միայն «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, որ շնորհվել է առաջին և երկրորդ կարգերով: Սահմանվել է 1911-ին, Գևորգ Ե Սուրենյանցի կողմից. պատրաստվել է արծաթից, եղել ոսկեջրած և տեղ-տեղ էմալով պատած, շքանշանների երկու եզրերին՝ «Գ. Ե»(Գևորգ Ե) տառերը: Եղել է երկու տեսակ՝ հոգևորականներին և աշխարհականներին շնորհվող: Ունեցել է կաթողիկոսական պատվանշաններ՝ կաթողիկոսական թագ (կարմրագույն էմալով պատած, կենտրոնում էմալե սպիտակ փոքր խաչ՝ ոսկե շրջանակով), կաթողիկոսական խաչ և ոսկե գավազան, եմիփորոն՝ կապտագույն էմալով պատած: Աշխարհականներին տրվող շքանշանն ավելի փոքր էր՝ վերցված ոսկե փոքր դափնեպսակի մեջ, իսկ հոգևորականներինը՝ առանց դափնեպսակի: Երկու շքանշաններն էլ երկու կարգի էին՝ Ա և Բ: Ա կարգինը ադամանդազարդ էր, հատկապես թագը՝ մանր ադամանդներով զարդարուն: Շքանշանը մինչև խորհրդային իշխանության հաստատումը որպես պատվո նշան տրվել է թե՛ Ռուսաստանում և թե՛ արտասահմանում ապրող ազգայիններին, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ միայն սփյուռքահայերին: 1946-ին Գևորգ Զ Չորեքչյանը Փարիզում պատրաստել է տվել աշխարհականներին տրվող «Ս. Գրիգոր Լուսավորիչ» Ա կարգի երկու շքանշան՝ եզրերի տառերը դարձնելով «Գ. Լ.» (Գրիգոր Լուսավորիչ): Երկկարգ «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը շնորհվել է մինչև 1961-ը, որից հետո Վազգեն Ա Պալճյանը նախաձեռնել է շքանշանի նորացված տարբերակի պատրաստման գործը, սահմանել ևս երկուսը: 1978-ի նոյեմբերին Գերագույն հոգևոր խորհուրդը հաստատել է Վազգեն Ա Պալճյանի առաջարկը՝ Հայոց հայրապետության կողմից շնորհվելիք բարձրագույն պարգևների մասին:

«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի չափերն են 50x40 մմ: Շքանշանի ներքնամասի կենտրոնում Ս. Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա: Վերևի մասում հայրապետական պատվանշաններն են՝ թագ, գավազան և խաչ: Շքանշանը աջ և ձախ կողմերից երիզված է դափնու տերևներով: Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ ի նշանավորումն մեծ բարերարությունների, որոնք մատուցվում են հայ ժողովրդին և Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:

«Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» շքանշանի չափերն են 50x42 մմ: Կենտրոնում Ս. Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա: Աջ և ձախ կողմերում կանգնած են ս. Սահակը և ս. Մեսրոպ Մաշտոցը՝ ձեռքերին Աստվածաշունչը, որի երկու երեսներին քանդակված են հայոց այբուբենի Ա և Բ տառերը: Շքանշանը երիզված է բոլորաձև զարդամոտիվներով և ներքևում ունի «Ս. Սահակ-Ս.Մեսրոպ» մակագրությունը: Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ Հայ եկեղեցու և հայկական մշակույթի զարգացմանը մատուցած նշանակալից ծառայությունների համար:

«Ս. Ներսես Շնորհալի» շքանշանի չափերն են 50x40 մմ: Պատկերի կենտրոնում Ս. Էջմիածնի Մայր տաճարի քանդակն է՝ Արարատի ֆոնի վրա: Վերևում աղավնակերպ Ս. Հոգին իր լույսի ճառագայթներն է ցոլարձակում Մայր տաճարի վրա: Ներքևում Մայր տաճարի պատկերն իրենց վրա կրող երկու արծիվների քանդակներն են: Շքանշանը երիզված է ոլորահյուս տերևներ պատկերող զարդամոտիվով, իսկ ներքևի ժապավենը պարունակում է «Ս. Ներսես Շնորհալի» մակագրությունը: Շնորհվում է հանուն Հայաստանյայց առաքելական եկեղեցու և Մայր աթոռ Ս. Էջմիածնի՝ ի գնահատումն բազմամյա բեղմնավոր աշխատանքի, որ կատարվում է ի նպաստ Մայր աթոռ Ս. Էջմիածնի, նվիրապետական աթոռների, Հայաստանում և սփյուռքում գործող հայկական եկեղեցիներիև եկեղեցական կազմակերպությունների:

Երեք շքանշանների հեղինակներն են ճարտարապետ Բ. Արզումանյանը և ոսկերիչ Ժ. Չուլոյանը:

Պատվո  աստիճանները և պարգևատրումները  տրվում են առանց եկեղեցական ծիսական արարողության, կաթողիկոսական կոնդակով կամ թեմակալ առաջնորդ եպիսկոպոսի գրությամբ:

 

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 856-857:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am