ՊԱՎԼԻԿՅԱՆՆԵՐ, քրիստոնեական աղանդավորներ Հայաստանում և Բյուզանդիայում VII–IX դդ.: Պավլիկյաններ են կոչվել իրենց շրջանում մեծ հեղինակություն և հարգանք վայելած քրիստոնեական առաջին համայնքները կազմակերպողի՝ Պողոս առաքյալի անունով: Պավլիկյանների ղեկավարները՝ աղանդապետները, կրել են Պողոս առաքյալի աշակերտների անունները (Կոստանդին-Սիլվան,Սիմեոն-Տիտոս, Գեգնեսիոս-Տիմոթեոս, Հովսեփ-Էպափրոդիտոս, Սերգիոս-Տյուքիկոս): Իրենց համայնքները նույնպես անվանել են Պողոս առաքյալի հիմնած համայնքների անուններով (Կիբոսա-Մակեդոնիա, Մանանաղի-Աքայա, Մոպսուեստիա-Եփեսոս, Պոնտոսի Կինոխորիոն-Լաոդիկիա ևն):
Պավլիկյանների աղանդը ծագել ու ծավալվել է Հայաստանի բյուզանդական մասում, տարածվել կայսրության բազմաթիվ նահանգներում՝ իր շարքերում ընդգրկելով հույների և ասորիների: Դեպի Թրակիա Պավլիկյանների գաղթեցումների հետևանքով աղանդը և նրա գաղափարախոսությունը տարածում են գտել նաև բուլղարացիների շրջանում:
Պավլիկյանների ծագման ու տարածման մասին գոյություն ունի երեք պատում՝ բյուզանդական, հայկական և բուլղարական: Հնագույնը բյուզանդականն է, համաձայն որի՝ Կալինիկե անունով աղանդավոր մի կին իր երկու որդիներին՝ Պողոսին և Հովհաննեսին, Սամոսատից ուղարկում է Էպիսպարիս (հավանաբար՝ Բարձր Հայքի Սպերը), որտեղ նրանք քարոզում են աղանդի գաղափարները: Աղանդը մանիքեության փոխարեն սկսում է կոչվել պավլիկյանություն: Ըստ Կ. Պոլսի Փոտ պատրիարքի, Կալինիկեի որդիների Պավլոս և Իոաննիս անունների միացումից (Պավլոիոաններ) է առաջացել պավլիկյան անվանումը: Պատումի հիմնական նպատակն է Պավլիկյաններին համարել մանիքեցիների հետնորդներ: Ինչ վերաբերում է Կալինիկեի որդի Պողոսին, ապա նա արտացոլումն է III դ. նշանավոր աղանդապետ Պողոս Սամոսատցու, որի աղանդը՝ պավլիանիտությունը, աղբյուրներում սխալմամբ կամ որոշակի միտումով նույնացվել է պավլիկյանության հետ:
Հայկական առասպելի համաձայն՝ հոռոմների մի կայսր Պավլիկյաններին հալածել է, և նրանք փախել են Կովկասյան լեռներից այն կողմ: Նրանց գլխավորել է Մարե անունով մի կախարդ կին: Շեթի անունով մեկ այլ կին թուրքերի (հավանաբար՝ արաբների) տիրապետությունից հետո եկել է Հայաստան, որտեղ հարաբերության մեջ է մտել սուրբ Եփրեմի մոտ աշակերտող Այրարատ նահանգից ոմն Պողոսի հետ: Աղանդավորները Քրիստոսին նույնացրել են արեգակի հետ՝ ոչ մահացած և ոչ հարություն առած: Առասպելի պատմականն այն է, որ աղանդը Հայաստան մուտք է գործել բյուզանդական Հայաստանից՝ կայսրերի հալածանքների հետևանքով: Առասպելում արտահայտված է նաև բարի և չար աստվածների գոյության մասին Պավլիկյանների դավանությունը:
Ըստ բուլղարական առասպելի՝ Պայլ անունով մի սատանայի աշակերտներ Սուբոտինն ու Շուտիլը Բուլղարիա են գնացել Կապադովկիայից, կոչվել Պողոս և Հովհաննես (հիշենք Կալինիկեի որդիների անունները) և պավլիկյանություն քարոզել: Հովհան Ոսկեբերանը, Կ. Պոլսից գալով Պետրիչ (Փիլիպուպոլսի Պետրիցոս գյուղը, որտեղ կառուցվել է Գրիգոր Բակուրյանի վանքը), հրամայել է մորթազերծանել Սուբոտին-Պողոսին և Շուտիլ-Հովհաննեսին, նզովել է Պավլիկյաններին և նրանց աշակերտներին: Շուտիլ անվան մեջ հավանաբար իր արտացոլումն է գտել հայկականառասպելի Շեթին, իսկ ի դեմս Սուբոտինի (հուն.՝ Սիմբատիոս)՝ գուցե թոնդրակյան առաջնորդ Սմբատ Զարեհավանցին: Ենթադրվում է, որ նրանք Հովհաննես I Չմշկիկի կողմից Փիլիպուպոլիս գաղթեցված թոնդրակեցիներն են:
Բուլարական առասպելը ստեղծվել է բյուզանդական և հայկական նույն բովանդակությամբ առասպելներին քաջածանոթ միջավայրում, հավանաբար Փիլիպուպոլսի Գրիգոր Բակուրյանի վանքի հայ քաղկեդոնական հոգևորականության շրջանում:
Պավլիկյանները առաջին անգամ հիշատակվում են VIII դ. սկզբին Պարտավում գումարված եկեղեցական ժողովի որոշումներում: Հայ հեղինակներից աղանդի մասին գրել է Հովհաննես Գ Օձնեցին իր «Ընդդէմ պաւղիկեանց» ճառում, որտեղ, սակայն, չի տրված ո՛չ Պավլիկյանների պատմությունը և ո՛չ էլ նրանց գաղափարախոսությունը: Սակավաթիվ պատմական փաստերը վկայում են Պավլիկյանների դեմ Ներսես Գ Տայեցու հալածանքների և «թլփատված բռնակալների» արաբների հետ նրանց դաշնակցելու մասին: Դվինի 719/720-ի ժողովի (տես Դվինի եկեղեցական ժողովներ) ընդունած Հովհաննես Գ Օձնեցու հեղինակած կանոններից երկուսը (29-րդ և 32-րդ) ամբողջությամբ վերաբերում են Պավլիկյաններին և խիստ պատիժներ սահմանում նրանց դեմ:
Պավլիկյանների և նրանց գաղափարախոսության մասին հիմնական աղբյուրները բյուզանդական պատմական երկերն ու ժամանակագրություններն են, մասնավորապես՝ IX դ. հեղինակ Պետրոս Սիկիլիացու հանգամանալից ու արժեքավոր «Պավլիկյանների պատմությունը» (Կ. Պոլսի Փոտ պատրիարքը տվել է դրա վերաշարադրանքը), ժամանակագիրներ Թեոփանես Խոստովանողի (IX դ.), Աննա Կոմնենայի (XII դ.) երկերը ևն:
Ըստ Պետրոս Սիկիլիացու, Պավլիկյանների աղանդը ծագել է բյուզանդական Կոստաս II կայսրի օրոք (642–668), Հայաստանի Սամոսատ (Արշամաշատ) քաղաքի Մանանաղի ավանում, իսկ աղանդի հիմնադիրը Կոստանդին անունով մի հայ է:
Վերջինս, ընդունելով Պողոս առաքյալի աշակերտ Սիլվանոսի անունը, փոքրասիական Կողոնիայի Կիբոսա ավանում հիմնել է համայնք և կոչել Մակեդոնիա, իսկ աղանդի գաղափարները քարոզել 27 տարի: Բյուզանդական կայսր Հուստինիանոս II-ի օրոք (685–695, 705–711) Կոստանդին-Սիլվանոսը, ինչպես նաև նրան հաջորդած և երեք տարի աղանդավորներին գլխավորած Սիմեոն-Տիտոսը ենթարկվել են մահապատժի: Փախչելով հալածանքներից՝ Պավլիկյանները ապաստանել են Պոնտոսում:
Նրանց գլխավորել է Գեգնեսիոս-Տիմոթեոսը՝ «Պողոս հայի» որդին, և հիմնադրել Աքայա (Մանանաղի) համայնքը: Նրա մահից (748) հետո աղանդապետ է դարձել Գեգնեսիոսի որդի Հովսեփ-Էպաֆրոդիտոսը, որը Պոնտոսում հիմնել է Փիլիպեցիների համայնքը:
Պավլիկյանները այստեղ անհաջող փորձ են կատարել՝ միանալու իշխան, զորավար Գրիգոր Մամիկոնյանի (մահ. 750) գլխավորած հակաարաբական ապստամբությանը: Ըստ Պետրոս Սիկիլիացու՝ «տեղի իշխանավորներից մեկը՝ Կրիկորակեսը» (Գրիգոր Մամիկոնյանը) հալածել է նրանց, Հովսեփը փախել է Պիսիդիայի Անտիոք քաղաքը, իսկ Հայաստանում Պավլիկյաններին գլխավորել է Վահան անունով մի հայ: Այդ նույն ժամանակ հանդես է եկել Պավլիկյանների խոշորագույն աղանդապետ Սերգիոս-Տյուքիկոսը, և աղանդը տրոհվել է երկու հակամարտ կողմերի: Հաղթող է դուրս եկել Սերգիոս-Տյուքիկոսը, որի գլխավորությամբ էլ (801–834) Պավլիկյանները հասել են իրենց հզորության գագաթնակետին: Սերգիոս-Տյուքիկոսը հիմնել է Կողոսացիների (Արգովանում), Լավոդիկեցիների (Պոնտոսի Կինոխորիոն ավանում) և Եփեսացիների (Մոպսուեստիայում) պավլիկյան համայնքները:
Բյուզանդական կայսրերը, Պավլիկյաններին հալածելով, ջանացել են նրանց հեռացնել հարազատ միջավայրից:
Առաջինն այդ քայլին է դիմել Կոստանդին V-ը (741–775), որը, 752-ին արաբներից գրավելով Թեոդոսուպոլիսն (Կարին) ու Մելիտենեն, տեղի Պավլիկյաններին (նաև հակաքաղկեդոնական ասորիներին) գաղթեցրել է Թրակիա և բնակեցրել հատուկ նրանց համար կառուցված ավաններում և Փիլիպուպոլիս (այժմ՝ Պլովդիվ) քաղաքում: Բյուզանդական կայսրերը հետագայում Փիլիպուպոլիս են գաղթեցրել նաև հայ թոնդրակեցիներին, որոնց բյուզանդական աղբյուրները պավլիկյան (նաև մանիքեցի) են անվանել: Ռազմատենչ աղանդավորներին գաղթեցնելով Թրակիա՝ բյուզանդական կայսրերը նպատակ ունեին նրանց օգտագործել կայսրության հս. սահմանները թշնամիներից պաշտպանելու համար: Հուստինիանոս II-ի, Լևոն III Իսավրացու, Կոստանդին V-ի օրոք սկսված հալածանքները սաստկացել են IX դ. սկզբից՝ Պավլիկյանների հզորացմանը զուգընթաց: Միքայել I (811–813), Լևոն V (813–820), Թեոփիլոս (829–842) կայսրերը և հատկապես Թեոդորա կայսրուհին (842–856) վարել են Պավլիկյաններին բնաջնջելու քաղաքականություն:
Սկզբնաղբյուրների չափազանցված տվյալների համաձայն՝ Թեոդորա կայսրուհու օրոք սպանվել է շուրջ 100 հզ. պավլիկյան: Աղանդավորները Սերգիոս-Տյուքիկոսի գլխավորությամբ փախել են արաբ. տիրապետության տակ գտնվող Հայաստան, գլխավորապես՝ Մելիտենե: Սկզբնական շրջանում արաբները, նպատակ ունենալով օգտագործել Պավլիկյանների ռազմական ուժերն ընդդեմ Բյուանդական կայսրության, հովանավորել են նրանց, սակայն շուտով փոխել են իրենց վերաբերմունքը և սկսել հալածանքները: Պավլիկյանները Մելիտենեից փախել են Տևրիկ (Տիվրիկ,Տեփրիկե, Դիվրիգ) և շրջակա ավաններ ու բերդեր, որտեղից իրենց զորավարներ Կարբեասի և Խրիսոխիրի գլխավորությամբ համառ կռիվներ են մղել Վասիլ I կայսրի (867–886) դեմ: Ասպատակելով Փոքր Ասիան՝ Պավլիկյանները հասել են մինչև Անկյուրա, Նիկիա և Նիկոմեդիա: Վասիլ I-ին հաջողվել է պարտության մատնել Պավլիկյաններին (872) և գրավել ու կործանել Տևրիկը:
Պավլիկյանների բեկորներն անցել են Արլ. Հայաստան և նպաստել թոնդրակյան աղանդի ծավալմանն ու գաղափարախոսության ձևավորմանը:
Պարտություն կրելով Փոքր Ասիայում և Հայաստանում՝ Պավլիկյանները իրենց գոյությունը շարունակել են Թրակիայում: Նրանց միացել են Հովհաննես I Չմշկիկ կայսրի (969–976) բռնագաղթեցրած թոնդրակեցիները: Աղանդավորների դեմ սուր պայքար է մղել Ալեքսիոս I Կոմնենոս կայսրը (1081–1118): Նրա զորավար, Արևմուտքի մեծ դոմեստիկոս հայ քաղկեդոնական Գրիգոր Բակուրյանի Փիլիպուպոլսի Պետրիցոս (Բաչկովո) վայրում 1083-ին կառուցած վանքի հոգևորականության վրա է դրվել Պավլիկյաններին դարձի բերելու պարտականությունը: Թրակիայի Պավլիկյանները մեծապես նպաստել են բոգոմիլների աղանդի առաջացմանն ու նրանց գաղափարախոսության ձևավորմանը: Թրակիայի Պավլիկյանները գոյատևել են մինչև XIX դ.: Բուլղարիայի միջնադարյան մայրաքաղաք Տռնովոյի մոտ մինչև օրս գոյություն ունի Պավլիկենի (Պավլիկյաններ) անունով գյուղ, իսկ Լովեչի շրջանում՝ Գոռնոպավլիկենի (Լեռնային պավլիկյաններ) և Դոլնոպավլիկենի (Դաշտային պավլիկյաններ) անունով գյուղեր: Բուլղարիայի Պավլիկյանների ժամանակի ընթացքում մոռացել են իրենց լեզուն, ծագումը, դարձել բուլղարներ՝ համարվելով բուլղար հասարակության ամենացածր խավը: «Պավլիկյան» անունը դարձել է վիրավորական: XVII դ. սկսվել է նրանց կաթոլիկացումը:
Պավլիկյանները կազմակերպված էին համայնքների ձևով: Բացի նշվածներից պավլիկյան համայնքներ են եղել նաև Փռյուգիայում և Լիկաոնիայում:
Նրանց գլխավորել է աղանդապետը, որին ընտրել են սինեկդեմոսները (ուղեկիցներ. այդպես են կոչվել Պողոս առաքյալի աշակերտները), վերջիններիս ենթարկվել են նոտարները: Թե՛ սինեկդեմոսները, թե՛ նոտարները ոչնչով չեն տարբերվել մնացյալներից. համայնքներում բոլորը եղել են հավասար: IX դ. 40-ական թթ-ից պավլիկյանները կազմավորել են իրենց զինված ուժերը, որոնց գլխավորել է զորավարը (և ոչ աղանդապետը): Սերգիոս-Տյուքիկոսի՝ վերջին աղանդապետի սպանությունից (834) հետո Պավլիկյանները, իրենց շարքերում խառնակությունների և հուզումների տեղիք չտալու համար, նոր աղանդապետ չեն ընտրել: Կարբեասն ու Խրիսոխիրը «զինված ուժերի» հրամանատարներն էին:
Պավլիկյանների գաղափարախոսությունը հիմնված էր գնոստիցիզմի և վաղմիջնադարյան այլ աղանդների գաղափարների, ուսմունքների վրա: Նրանք մերժել են մանիքեության, ինչպես նաև III դ. աղանդապետ Պողոս Սամոսատցու (Սամոստացի) հետևորդներն ու նրանց գաղափարների կրողները լինելու եկեղեցու պնդումները: Իրենց համարել են իսկական քրիստոնյաներ: Նրանց ուսմունքի հիմքում ընկած էր դուալիզմը. ընդունել են երկու աստվածների՝ տեսանելի և շոշափելի աշխարհի չար աստծո (սատանայի) և երկնային հոր՝ բարի աստծո գոյությունը: Տեսանելի աշխարհի և մարդկանց արարիչը չար աստվածն է, որն իշխանություն ունի այս աշխարհում: Բարի, երկնային աստվածն այս աշխարհում իշխանություն չունի, բայց ունենալու է ապագայում: Նրան է վերաբերում անտեսանելին, աննյութականը և մտայինը: Նա արեգակի և մարդու հոգու արարիչն է: Պավլիկյաններին, ինչպես և գնոստիկյան շատ աղանդների, բնորոշ էր դոգետիզմը (տես Երևութականություն): Ըստ նրանց՝ Քրիստոսը երկնային աստծո հրեշտակներից մեկն է, իսկ Մարիամին չեն համարել Աստվածածին: Լինելով դոգետներ՝ գտել են, որ Քրիստոսը մարմին չի առել Ս. Կույսից, այլ՝ իր հետ երկնքից բերած մարմնով, ինչպես ջուրը խողովակի, անցել է Աստվածածնի միջով: Պավլիկյանները չեն ընդունել հոգևոր ոչ մի խորհուրդ (նաև Հաղորդությունն ու Մկրտությունը), մերժել են Հին կտակարանը, Քրիստոսի խաչը՝ այն համարելով անիծյալ գործիք: Մարգարեներին համարել են մոլորեցնողներ և ավազակներ, ընդունել միայն չորս Ավետարանները, Գործք առաքելոցը, Պողոս առաքյալի, Հակոբի, Հովհաննեսի և Հուդայի թղթերը (ինչպես նաև՝ իրենց աղանդապետ Սերգիոս-Տյուքիկոսի թղթերը): Մերժել են Պետրոս առաքյալին և նրա թղթերը, եկեղեցին և նրա նվիրապետությունը: Պավլիկյանները իրենց ժողովարաններն անվանել են «ուղղափառ եկեղեցի» և «աղոթատեղի»:
Բարթիկյան Հ.
Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 845-847:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am