ՊԵՏՐՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ, Պետրոս Քերթող (ծ. թ. անհտ – մոտ 558), մատենագիր, մեկնիչ, թարգմանիչ, Սյունյաց եպիսկոպոս (547–556): Մասնակցել է Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսի՝ նեստորականների դեմ գումարած ժողովներին, այդ թվում՝ 554-ի Դվինի Բ ժողովին:

Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի, գրել է բազմաթիվ գործեր (պատմություն, մեկնություններ, ճառեր, ներբողներ), զբաղվել թարգմանչական աշխատանքով: Պետրոս Սյունեցու պատմության մասին հիշատակում են VII դ. պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր «Պատմություն Աղվանից աշխարհի» գրքում և Ստեփանոս արք. Օրբելյանը՝ իր «Պատմութիւն նահանգին Սիսական» գրքում: Պետրոս Սյունեցուց մեզ հասած ամբողջական գործերից է «Գովեստի սուրբ Աստուածածինն եւ միշտ կոյսն Մարիամ...» ճառը, որն ընթերցվում էր Հիսուսի ծննդյան տոնին: «Յաղագս Հաւատոյ» երկում տրված է երեք տիեզերական ժողովների, ինչպես նաև Եփեսոսի երկրորդ և Քաղկեդոնի ժողովների համառոտ պատմությունը: Ժամանակի դավանական խնդիրների նկատմամբ Հայ եկեղեցու դիրքորոշման հստակեցման տեսանկյունից կարևոր է «Հարցմունք յաղագս մարմնաւորութեանն տեառն զանազանք՝ Վաչագանի Աղուանից իշխանի ընդ Պետրոսի Սիւնեաց եպիսկոպոսի և Իմաստասիրի» («Արարատ»  1902) երկը, որին հաջորդել է «Հարցումն Վաչագանա իշխանի և պատասխան Պետրոսի Սիւնեաց վերադիտողի» (Մատենադարան, ձեռ. դ 3074) խորագիրը կրող գործը (թվով 24 հարց): Այստեղ երևում է հեղինակի հակաքաղկեդոական դիրքորոշումը: Պետրոս Սյունեցին իբրև իր գրությունների աղբյուր օգտագործել է Դավիթ Անհաղթի գործերը, ինչպես նաև Ընդհանրական եկեղեցու սուրբ հայրեր Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու, Գրիգոր Նազիանզացու և այլոց դավանաբաական երկերը: Գրել է նաև Ծննդյան ճառ, որից մեզ են հասել առանձին պատառիկներ:
 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 863-864:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am