Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Պետրոս Ա Գետադարձ

 ՊԵՏՐՈՍ Ա ԳԵՏԱԴԱՐՁ (ծ. թ. անհտ – 1058, Սեբաստիա, ամփոփվել է Ս. Նշան վանքի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1019-ից: Հաջորդել է Սարգիս Ա Սևանցուն, նրա կենդանության օրոք ու նրա ձեռքով կաթողիկոս օծվել Անիում: Պետրոս Ա Գետադարձի աթոռակալության սկիզբը համընկել է Անիի Բագրատունյաց թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց Գագիկ Ա թագավորի մահից (1020) հետո նրա երկու որդիների՝  Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև գահակալական կռիվներ են ծագել: Պետրոս Ա Գետադարձը այդ պայքարում աջակցել է Հովհաննես-Սմբատին: Թեև այդ վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021-ին հարթվել է, բայց երկիրը կրկին մասնատվել է. Անին շրջակայքով անցել է ավագին՝  Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության մնացած մասը (Դրուց աշխարհ)՝  Աշոտին: 1022-ին բյուզանդական զորաբանակի ներխուժումը Բագրատունյաց Հայաստան կանխելու նպատակով, ՀովհաննեսՍմբատի կարգադրությամբ, Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում Վասիլ II կայսրի հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն, Անիի թագավորությունը Հովհաննես-Սմբատի մահից հետո անցնելու էր կայսրությանը: Տրապիզոնի պայմանագիրը մեծ զայրույթ է առաջացրել Անիում.

Պետրոս Ա Գետադարձը  ստիպված անցել է Սեբաստիա և Անի վերադարձել միայն 1026-ին: Տրապիզոնում բյուանդական կայսրի և ավագանու ներկայությամբ մասնակցել է Ջրօրհնեքի հանդիսավոր արարողությանը՝  կատարելով մի ծես, որի չափազանցված արձագանքները հետագայում ծնունդ են տվել կաթողիկոսի Գետադարձ մականվանը:

Ծեսի ժամանակ հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնել են գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները՝  ստորին, որպեսզի հայերի օրհնած ջուրը վերստին օրհնեն: XI–XII դդ. բյուզանդացիների հետ բորբոքված դավանաբանական վեճերի մթնոլորտում Հայաստանում ստեղծվել է այն ավանդապատումը, թե Պետրոս Ա Գետադարձի օրհնությունից հետո գետի հոսանքը կանգ է առել, ապա՝  հետ դարձել:

Պետրոս Ա Գետադարձի բյուզանդամետ քաղաքականությունը 1031-ին առաջացրել է բողոքի նոր ալիք, և նա ստիպված անցել է կայսրության տիրապետության ներքո գտնվող Վասպուրականի Ձորավանքը (նախկին կաթողիկոսանիստ): 1037-ին Հովհաննես-Սմբատը հետ է կանչել նրան և արգելափակել Բջնու ամրոցում՝  կաթողիկոս օծելով Սանահինի վանահայր Դիոսկորոսին Սակայն մեկ տարի անց Պետրոս Ա Գետադարձի կողմնակիցներին հաջողվել է Աղվանից կաթողիկոս Հովսեփի գլխավորությամբ հոգևորականների, իշխանների ու ազատների ժողով գումարել և նրան վերահաստատել (1039-ին) կաթողիկոսական աթոռին, իսկ Դիոսկորոսը վերադարձել է Սանահին:

Հովհաննես-Սմբատի և նրա եղբոր մահից (1041) հետո վերջինիս որդի Գագիկ Բ-ին Պետրոս Ա Գետադարձը 1042-ին Անիում օծել է Հայոց թագավոր: Այս շրջանում կաթողիկոս. տեղապահ է հաստատել իր քրոջ որդուն՝  Խաչիկին (Խաչիկ Բ Անեցի): Հավատարիմ մնալով Տրապիզոնի պայմանագրին՝ Պետրոս Ա Գետադարձը իշխան Վեստ Սարգսի գործակցությամբ 1045-ին Գագիկ Բ-ին դրդել է մեկնել Կ. Պոլիս և ներկայանալ Կոստանդին Մոնոմախ կայսրին, իսկ նրա մեկնումից հետո կայսրին է ուղարկել իրեն վստահված Անիի բանալիները: Հանցակցելով հայկ. պետականության կործանմանը՝  Պետրոս Ա Գետադարձը հույս է ունեցել Բյուզանդիայի հովանավորությամբ ամրապնդել իր կաթողիկոսական իշխանությունը: Սակայն կայսրությունը, որը մտադիր էր վերացնել նաև Հայ եկեղեցու անկախությունը, Անին գրավելուց հետո կտրուկ փոխել է իր վերաբերմունքը Պետրոս Ա Գետադարձի հանդեպ և սկսել հալածել նրան: Պետրոս Ա Գետադարձի 1046-ի վերջին հարկադրված թողել է Անին և տեղափոխվել Արծն, իսկ 1047-ի ապրիլին Խաչիկ Բ Անեցու հետ միասին ձերբակալվել և ուղարկվել է Կ. Պոլիս, բայց շուտով ազատ է արձակվել: Համոզվելով, որ հալածանքները կշարունակվեն նաև հետագայում, Պետրոս Ա Գետադարձը  1049-ին, Կ. Պոլիս մեկնելուց առաջ կաթողիկոս. օծմամբ Խաչիկ Բ Անեցուն թողել է փոխանորդ Անիում: Չորս տարի Կ. Պոլսում  «պատվավոր աքսորականի» վիճակում պահելուց հետո, Պետրոս Ա Գետադարձին իրավունք են տվել հաստատվել Սեբաստիայում, որտեղ և մնացել է մինչև իր մահը:

Կյանքի վերջին տարիներին Պետրոս Ա Գետադարձը, տեսնելով, որ Բագրատունյաց թագավորության վերացումից հետո հույներն անթաքույց պայքար են ծավալել Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի՝ կաթողիկոսական աթոռի դեմ, վերանայել է իր նախկին քաղաքական կողմնորոշումը:

Նրա պատվերով այդ տարիներին Անանիա Սանահնեցին գրել է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը՝  նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաբան. ոգին՝  ընդդեմ բյուզանդական նկրտումների: Պետրոս Ա Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոսի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես վրդ. Տարոնեցին (Հովհաննես Կոզեռն) գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել):

Պետրոս Ա Գետադարձը հայ հոգևոր երգարվեստի երախտավորներից է: Շարականագիրների միջնադարյան ցուցակների հեղինակները միահամուռ նրա գրչի վաստակն են համարում Ննջեցելոց և Մարտիրոսաց կարգերի բազմաթիվ շարականները: Առավել հայտնի է Պետրոս Ա Գետադարձի ս. Վարդանանց կանոնի «Արիացեալք առ հակառակսն» մանկունքը, որն աչքի է ընկնում մեղեդիական հարուստ և ինքնատիպ նկարագրով:

Գրիգոր Մագիստրոս Պահլավունու՝  Պետրոս Ա Գետադարձին հասցեագրած բազմաթիվ նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի ամենազարգացած և ուսյալ անձնավորություններից էր: Միաժամանակ հայ պատմիչները նշել են նաև նրա իշխանասիրությունն ու արծաթասիրությունը, ինչի համար պարսավանքի է ենթարկվել դեռ կենդանության օրոք:

Կաթողիկոսական  գահին Պետրոս Ա Գետադարձին հաջորդել է Խաչիկ Բ Անեցին:

                                                                                              Մաթևոսյան Կ.

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 860-861:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am