Հանրագիտարան >> Կրոնի հանրագիտարան >> Պետրոս Նախիջևանցի

 ՊԵՏՐՈՍ ՆԱԽԻՋԵՎԱՆՑԻ, Բերդումյան, Աղամալյան (1720/22, Նախիջևան –1787, Էջմիածին, թաղված է միաբանական գերեզմանատանը), արքեպիսկոպոս, աստվածաբան, մեկնիչ, փիլիսոփա, բանաստեղծ: Կ. Պոլիս տեղափոխվելուց հետո աշակերտել է XVIII դ. նշանավոր բանաստեղծ, գիտնական Բաղդասար Դպիրին:

Հինգ տարում Կ. Պոլսի Մայր դպրատան լրիվ դասընթացն ավարտելուց հետո, 1740-ական թթ. վերջին, Կ. Պոլսի Հակոբ Նալյան հայոց պատրիարքի (1741–64) օրոք ընդունել է հոգևոր կոչում՝ ձեռնադրվելով աբեղա: Այնուհետև ուղարկվել է Ղրիմ՝ Ս. Օգսենտի վանքը, որպես վանահայր և առաջնորդ: Ղրիմից տեղափոխվել է Էջմիածին, իսկ 1759-ին Հակոբ Ե Շամախեցի Հայոց կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրվել է եպիսկոպոս: 1759–62-ին կաթողիկոսի նվիրակն էր Կարինում, որտեղ լրացրել է իր ուսումը՝ ստանալով ասորական և լատինական կրթություն: Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի օրոք Էջմիածնում ծավալել է բեղմնավոր մանկավարժական գործունեություն:

Պետրոս  Նախիջևանցին գրել է մի շարք աստվածաբան. և մեկնողական գործեր «ի յօգուտ մանկանց եկեղեցւոյ»: 1764-ին պատրաստ էր նրա ավետարանական առակների մեկնությանը նվիրված աշխատությունը, որը հայտնի է «Աղբիւր բացեալ» անվամբ: 1769–73-ին Էջմիածնում Պետրոս  Նախիջևանցին գրել է իր աստվածաբանական, մեկնողական, փիլիսոփայականերկերի, քարոզների, աղոթքների մեծ մասը, որոնք հիմնականում նախատեսված էին Էջմիածնի ժառանգավորաց դպրոցի աշակերտության համար: Սակայն Սիմեոն Ա Երևանցու անբարյացակամ վերաբերմունքը (նույնիսկ Պետրոս  Նախիջևանցու երկերը այրելու հրաման է արձակել) զգալի ստվեր է գցել նրա գործունեության վրա: Կաթողիկոսը Պետրոս  Նախիջևանցուն հեռացրել է Էջմի ածնից և 1772-ին նշանակել կաթողիկոսության նվիրակ Եվդոկիա (Թոքատ) քաղաքում: Այստեղ նա ավարտել է իր «Մեկնութիւն  Յոբայ» երկը (1776): 1777-ին վերադարձել է Էջմիածին, սակայն Եվդոկիայում նվիրակության ժամանակ թույլ տված վարչ. սխալների պատճառով չկարողանալով Մայր աթոռին վճարել պահանջվող գումարը՝ վերջնականապես գժտվել է կաթողիկոսի հետ, հեռացվել միաբանությունից և բանտարկվել: Եղբոր մահից հետո կտակի հետ կապված հարցերը լուծելու համար ազատ է արձակվել և 1778-ի ապրիլին մեկնել է Կ. Պոլիս՝ պայմանով, որ վերադառնալու է և որևէ վայրում առաջնորդ չի նշանակվելու: Սակայն հակառակ Սիմեոն Ա Երևանցու կամքի, Կ. Պոլսի Զաքարիա Կաղզվանցի պատրիարքը ջերմ ընդունելություն է ցույց տվել Պետրոս  Նախիջևանցուն և նշանակել Եվդոկիայի հոգևոր առաջնորդ, բայց, հավանաբար, Պետրոս  Նախիջևանցին չի հասցրել պաշտոնը ստանձնել: 1780-ին վախճանվել է Սիմեոն Ա Երևանցին, իսկ նոր կաթողիկոսը՝ Ղուկաս Ա Կարնեցին,

Պետրոս Նախիջևանցուն հրավիրել է Էջմիածին: 1782-ի նոյեմբերին Պետրոս Նախիջևանցին  վերադարձել է Մայր աթոռ և վերականգնվել Էջմիածնի միաբանության շարքերում: 1783-ի ապրիլին նշանակվել է Կարինի առաջնորդ: Կյանքի վերջին տարիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Պետրոս Նախիջևանցին  թողել է գրական մեծ ժառանգություն: Երևանի Մատենադարանում ավելի քան 160 ձեռագրեր պարունակում են նրա մոտ 20 անուն գործերը: Գրել է բազմաժանր և բազմաբնույթ երկեր, որոնք բաժանվում են 4 հիմական  խմբի.

ա. Մեկնողական երկեր. «Մեկնութիւն Ծննդոց», գրել է 1777-ին: Իր բոլոր գործերի նման այս աշխատությունն էլ մեծածավալ է: Ծննդոց գրքի հիսուն գլուխները մեկնված են տող առ տող՝ համեմված Աստվածաշնչյան մյուս գրքերի մեջբերումներով և այլևայլ հեղինակներից կատարած հղումներով:

«Մեկնութիւն Յոբայ» (1776), «Մեկնութիւն Երգ երգոցի» (1771): Վերջինս թերի է, մեկնված է ընդամենը 4 համար՝ Ա 4, Գ 8 և Դ 11–12:

Սակայն այդ վիճակով էլ երկն աստվածաբանական արժեքավոր նյութ է պարունակում և հեղինակի մեկնողական ուշագրավ գործերից է: «Աղբիւր բացեալ»-ը (Մեկնություն ավետարանական առակների) Պետրոս Նախիջևանցու ամենահայտնի և ամենատարածված երկն է: Միայն Մատենադարանում կան այս գործը պարունակող 60-ից ավելի ձեռագրեր: Երկու անգամ հրատարակվել է Էջմիածնում (1845, 1857): «Մեկնութիւն Յայտնութեան ս. Յովհաննու» (հրտ. 1846, Կալկաթա): Ի տարբերություն մյուս գործերի, սա խմբագական աշխատություն է, որտեղ ի մի են բերված նախորդ մեկնողական երկերը՝ Հովհաննեսի Հայտնության վերաբերյալ: Մեկնողական երկերից են նաև՝ «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի առ Եփեսացիս» (հրտ. 1850, Երուսաղեմ) և «Մեկնութիւն Գործք առաքելոցի» (չի պահպանվել):

բ. Աստվածաբանական - փիլիսոփայական երկեր. «Աստուածանմանութիւն» (հրտ. 1827, Կալկաթա): Երկու հատորից բաղկացած այս աշխատությունը լուրջ պատկերացում է տալիս XVIII դ. աստվածաբանական  մտքի զարգացման աստիճանի մասին: 15 գլուխներից կազմված առաջին հատորում հեղինակը հանգամանորեն և խոր իմացությամբ քննել է Աստծո ստորոգելիները, Աստծո ճանաչման միջոցներն ու հնարավորությունները, Աստծո պատկեր հանդիսացող մարդու՝ Գերագույնի այս կամ այն հատկության հետ ունեցած նմանություններն ու տարբերությունները: Երկրորդ հատորը (յոթ գլուխ) նվիրված է Ս. Երրորդությանը և նրա երեք Անձերին: «Կշիռ արդարութեան» գործը հավանաբար գրվել է Էջմիածնում, հեղինակի ուսուցչության տարիներին: Իր բովանդակությամբ որոշ չափով «Աստուածանմանութեանը» նմանվող այս երկը նույնպես գրվել է «ի յօգուտ մանկանց»: Փիլիսոփայական բնույթի երկերն են. «Տրամաբանութիւն»«Մեկնութիւն վերլուծութեանցն Արիստոտելի»«Ասացուածք իմ աստնոց» (թարգմանական ժողովածու անտիկ և քրիստոնյա փիլիսոփաների ասույթներից):

գ. Քարոզներ եվ աղոթքներ. Պետրոս  Նախիջևանցու մատենագրական  վաստակի մեջ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում քարոզները, որոնք արտասանվել են տարվա ընթացքում՝ եկեղեցական  բոլոր տոներին, և ապա գրի են առնվել: Քարոզները բաղկացած են երկու հատորից՝ «Քարոզք տարեկան» (1771), որոնք պարունակում են հիսուն ինքնուրույն գործեր՝ նվիրված այս կամ այն Տերունական խոսքին կամ հատուկ տոներին: Սա այն գործերից է, որ Սիմեոն Ա Երևանցին հրամայել էր այրել ու ոչնչացնել:

Պետրոս  Նախիջևանցն հորինել է նաև հատուկ արձակ աղոթքներ՝ մանավանդ ճանապարհորդների և վաճառականների համար, որոնք հաճախ ձեռագրերում տեղադրվում են «Ապաշխարան» կոչվող տաղերի ժողովածուի մեջ՝ որպես 2-րդ հատոր: Պետրոս  Նախիջևանցու աղոթքները հրատարակել է Էջմիածնի միաբան Հովհաննես եպս. Շահխաթունյանցը 1845-ին՝ «Երգարան աղօթից ի պէտս վաճառականաց և ճանապարհորդաց» վերնագրով:

դ. Չափածո երկեր. Պետրոս  Նախիջևանցն իր ժամանակի նշանավոր բանաստեղծներից և տաղասացներից էր: Իր տաղերի մի մասը հեղինակը 1760-ական թթ. հավաքել է մի ժողովածուի մեջ, որը կոչվել է «Ապաշխարան»: Այստեղ հավաքված են հեղինակի լավագույն կրոն. բանաստեղծությունները՝ նվիրված Սուրբ Երրորդության երեք Դեմքերին, Աստվածամորը, ավետարանական տարբեր թեմաների: Գրել է նաև «Յիսուս փեսայ» անունով մեծածավալ մի պոեմ, 100-ից ավելի տաղեր՝ հիմնականում Աստվածաշնչյան թեմաներով:

 

Աղբյուրը՝ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2002, էջ 861-863:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am