ՊՈՂՈՍ ՏԱՐՈՆԵՑԻ, Պողոս Վարդապետ (ծ. թ. անհտ – 1123), փիլիսոփա, դավանաբան, մատենագիր, Մշո Առաքելոց վանքի առաջնորդ: XI–XII դդ. ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին նրան համարել է «Հայոց երկրորդ Լուսավորիչ և ադամանդյա վեմ ընդդեմ հերձվածողների»: Սասունի իշխան Թոռնիկ Մամիկոնյանի որդի Չորդվանելի պատվերով, ի պատասխան հունադավան հայ իմաստասեր և թարգմանիչ Թեոփիստեի՝ հայերին հղած երկաբնակ դավանությամբ թղթի, 1101-ին գրել է «Թուղթ ընդդէմ գրոյն Թէոփիստեայ երկդաւան հայհոռոմ փիլիսոփային» (1752) երկը, որով վայելել է Հայ եկեղեցու դավանանքի ջատագովի համբավ: 1122-ին Պողոս Տարոնեցին երկը համալրել է դավանաբանական նոր ճառերով:

Ծավալուն այս աշխատությունը բաղկացած է երկու մասից: Առաջինում քննության նյութ են դարձել աստվածաբանական, դավանաբաական մասնավորաբար՝ երրորդաբանական, քրիստոսաբանական խնդիրներ, իսկ երկրորդում՝ ծիսական: Աշխատությունը, որն ուղղված է Քաղկեդոնի ժողովի որոշումներով առաջնորդվող երկաբնակների դեմ, նվիրված է Հայ եկեղեցու դավանական տեսակետների պաշտպանությանը: Պողոս Տարոնեցու երկն ունի պատմաաղբյուրագիտական կարևոր նշանակություն թոնդրակեցիների և ծաթերի աղանդավոր. գաղափարախոսության հետազոտման համար: Հայ հռոմեադավան հոգևորականությունը հետագայում մերժել է նրա երկը: Պողոս Տարոնեցին գրել է նաև այլ գործեր («Վերլուծութիւն կարգաց եկեղեցւոյ...»«Յաղագս քառասնորդաց պահոց»«Յաղագս առաջաւորաց պահոց»), որոնք ձեռագիր վիճակում են:

                                                                                                    Քյոսեյան Հ.

Աղբյուրը՝  «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2002, էջ 867:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` http://www.armenianreligion.am